Not Selected

«ԴԵՄՔԵՐ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆ

17/12/2019

Default Image

Մենք սկսում ենք նոր շարք՝ «Դեմքեր» խորագրով, որտեղ անդրադառնալու ենք «Ուրարտու» ՖԱ-ի զարգացման մեջ իրենց ներդրումն ունեցած անհատներին:

 

Զանազանյանը և «Բանանցը»

 

2002 թվականին Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդ առաջնության ավարտից հետո «Բանանց» և «Սպարտակ» ակումբները միավորվեցին ու հանդես եկան «Բանանց» անվանմամբ: Հովհաննես Զանազանյանը, որն այդ առաջնությունում «Սպարտակի» հետ դարձել էր բրոնզե մեդալակիր, ստանձնեց արդեն «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնը: Հենց առաջին տարում թիմը կարողացավ արծաթե մեդալակիր դառնալ: Զանազանյանի թիմում փայլում էին Հակոբյան եղբայրները՝ Արան ու Արամը, որոնք միասին 66 գոլ հեղինակեցին: Ինքնատիպ արդյունավետությամբ էր աչքի ընկնում հատկապես Արա Հակոբյանը, ով 24 խաղում 45 գոլ խփելով դարձավ ոչ միայն առաջնության լավագույն ռմբարկու այլև ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հովհաննես Զանազանյանը ակումբի նախկին նախագահ Սարգիս Իսրայելյանի հետ հետևում է թիմի մարզմանը

Զանազանյանի գլխավորությամբ «Բանանցը» երկու անգամ հասավ նաև Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ (2003,2004), բայց երկու անգամ էլ թիմը պարտություն կրեց նախ՝ «Միկայից» նվազագույն հաշվով, իսկ հետո էլ «Փյունիկից»՝ հետխաղյա 11 մետրանոցներով: 2005 թվականից Հովհաննես Զանազանյանը ստանձնեց «Բանանցի» փոխտնօրենի պաշտոնը:

 

Լեգենդի արձանն «Ուրարտուում»

 

«Ուրարտու» մարզահամալիր ոտք դնելիս առաջինը, որ կգրավեն ձեր ուշադրությունը կողք կողքի տեղակայված մարզադաշտերն են: Տարածքում փոքր ինչ շրջելուց հետո կտեսնեք, որ դրանք ակումբի միակ «հարստությունը» չեն:

Արդեն 3 տարի է՝ «Ուրարտու» ՖԱ-ի բակում իր տեղն ունի «Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի արձանը: 2016-ի ամռանը ակումբի մարզահամալիրում տեղի ունեցավ արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին լեգենդար ֆուտբոլիստի խաղընկերները, հարազատները, հյուրեր և իհարկե «Ուրարտու» ՖԱ-ի ղեկավար կազմը:

Արձանի քանդակագործ Մհեր Մնացականյանին ոգեշնչել էին Զանազանյանի մասին տարբեր պատմությունները. «Շատ եմ լսել, որ նա լավ ոգևորել է տղաներին, ապահովել է մարտական ոգին, անգնահատելի է նրա ներդրումը թիմի հաջողություններում»,-արձանի բացման արարողության ժամանակ նշել է երիտասարդ քանդակագործը:

Արձանի կողքին փորագրված են խոսքեր Հովհաննես Զանազանյանի հարցազրույցներից մեկից. «Պետք է ձգտել կատարելության՝ զգալու համար, որ հասել ես նրան, ինչին կարող էիր»:

«Մարդ, ով իր հարուստ ֆուտբոլային փորձն է փոխանցել երիտասարդ ֆուտբոլիստներին, իր խորհուրդներով մեծ ներդրում է ունեցել ակումբի զարգացման գործում: Այս արձանն անհրաժեշտ է նոր սերունդներին, որպեսզի պատանի ֆուտբոլիստները տեսնելով այն ոգեշնչվեն ու ավելի ջանասիրաբար աշխատեն՝ մեծ բարձունքների հասնելու համար»,- նշել է «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը

 

Զանազանյանը՝ որպես ֆուտբոլիստ

 

Հովհաննես Զանազանյանը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Աթենքում: Ֆուտբոլային կարիերայի սկիզբը Զանազանյանը դրեց Երևանի «Սպարտակում»: Նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973) և կրկնակի գավաթակիր(1973 և 1975թթ):

Մյունխենի 20-րդ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է (1972թթ): 1971-ին եւ 1973-ին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում: Հանդես է եկել ԽՍՀՄ և օլիմպիական հավաքականներում:«Արարատ»-ի կազմում մասնակցել է 243 խաղի խփել 56 գնդակ:

2013-ին պարգևատրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով,  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 

Զանազանյանը կյանքից հեռացավ 2015 թվականի  հոկտեմբերի 4-ին: