Not Selected

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ ՀՐԱՉ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ՀԵՏ

27/12/2019

Default Image

Ավարտին է մոտենում 2019 թվականը։ Մի տարի, որը բավականին հագեցած ստացվեց  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար։ Մեզ հետ զրույցում ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանն ամփոփել է տարին

 

 - Ինչպիսի՞ն էր 2019 թվականը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար։

- Ցանկացած պրոֆեսիոնալ ակումբի համար առաջնայինը արդյունքն է, այդ տեսանկյունից տարին կարելի է երկու մասի բաժանել։ Առաջինը 2018-2019թթ մրցաշրջանի ավարտն էր։ Իմ կարծիքով՝ վատ հանդես չեկանք այն առումով, որ գրեթե մինչև վերջ պայքարում էինք չեմպիոնության համար, բայց ինչ-որ տեղ սպորտային բախտը մեզնից երես թեքեց, ինչ-որ տեղ էլ որոշ գործոններ խանգարեցին առաջնության վերջին խաղերում հաղթանակներ տոնելու համար։ Հենց այդ պատճառով էլ զբաղեցրինք 3-րդ հորիզոնականը, բայց լավն այն է, որ նվաճեցինք Եվրոպա Լիգայի ուղեգիր: Այնտեղ երկու ծանր պարտություն կրեցինք, որոնք թե՛ խաղային, թե՛ արդյունքի առումով մտածելու տեղիք տվեցին: Իմ կարծիքով, այս պարտությունները անմիջական ազդեցություն ունեցան Հայաստանի բարձրագույն խմբի հաջորդ առաջնությունում թիմի մեկնարկային խաղերի վրա։ Տղաները չկարողացան վերականգնվել հոգեբանական տեսանկյունից, բայց չի կարելի ամեն ինչ բարդել այդ պարտությունների վրա: Ֆուտբոլը ճշգրիտ գիտություն չէ, և հաջողությունը ներառում է բազմաթիվ և նույնիսկ աննկատելի մանրուքներ, որոնց միայն համակցության շնորհիվ է հնարավոր արդյունք ակնկալել: Այդպիսի, առաջին հայացքից աննկատ, բայց միաժամանակ չափազանց կարևոր բաղկացուցիչներից էր թիմի խաղակցվածության և նոր ֆուտբոլիստների ինտեգրման սահուն ընթացքի ապահովումը, որը մենք ճիշտ ժամանակին չիրագործեցինք։ Նոր ֆուտբոլիստները միացան այն ժամանակ, երբ մրցաշրջանն արդեն մեկնարկել էր, իսկ թիմի խաղակցվածության ապահովման գործընթացն, այն էլ նոր ֆուտբոլիստների դեպքում, ժամանակ է պահանջում։ Մեր պարագայում մրցաշրջանը հաջող սկսելու համար թիմին պետք էր թարմություն հաղորդել: Դա էլ իր հերթին ենթադրում է տրանսֆերային հաջող գործունեություն, որն այս ամռանը՝ եվրոգավաթային հանդիպումներից առաջ չստացվեց իրականացնել՝ տարբեր պատճառներով, իսկ առաջին և ամենակարևոր պատճառը բանակցությունների անհաջող արդյունքներն էին։ Ինչ վերաբերում է տարվա երկրորդ հատվածին, այսինքն ընթացիկ առաջնությանը, կասեմ, որ ձմեռային դադարի ենք գնում 8-րդ հորիզոնականում, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար։ Դրանում առաջին հերթին կա նաև իմ մեղավորությունը, որովհետև գլխավոր տնօրեն լինելով՝ ես ինքս եմ պատասխանատու ամբողջ ակումբի գործունեության համար։ Առաջադիմելու գլխավոր նախադրյալներից մեկը սեփական անձի նկատմամբ անկեղծ լինելն է։ Պետք է ընդունել և գիտակցել սեփական սխալները, փորձել գտնել դրանք շտկելու տարբերակները։ Մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այս պահին ես չեմ ցանկանում խոսել այն մասին, թե ինչ ձեռքբերումներ ունենք, կամ ինչ ձեռքբերումներ ենք ունենալու։ Սելեկցիոն աշխատանքը լռություն է սիրում։

- «Ուրարտուն» դուրս է եկել գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, դա ինչ-որ չափով հուսադրո՞ւմ է, արդյո՞ք կա առաջնահերթություն գավաթի խաղարկության ու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության միջև։

- Անկախ ամեն ինչից, մեր թիմը միշտ դուրս է գալիս խաղադաշտ՝ հաղթելու համար: Ակումբի առջև դրված մշտական խնդիրների շարքում է եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցելը, ուստի, գնահատելով առաջնությունում ստեղծված իրավիճակը, ավելի իրատեսական է թվում գավաթի խաղարկությամբ Եվրոպա լիգայի ուղեգիր վաստակելը։

- Ենթակառուցվածքային տեսանկյունից ինչպե՞ս կամփոփեք տարին։

- Ակումբի ենթակառուցվածքները, իհարկե, բարելավվեցին, մասնավորապես՝ հիմնովին փոխվեց մարզադաշտի խոտածածկը, որը գրեթե 10 տարի չէր փոխվել և չէր գործարկվում այնպես, ինչպես մենք էինք ցանկանում։ Տեղադրվեց դրենաժային ժամանակակից բարձրակարգ համակարգ, որի ջրահեռացման արդյունքում մենք ունենք հնարավորություն՝ անցկացնելու տնային հանդիպումները նույնիսկ հորդառատ անձրևին։ Խոտածածկի վնասի ռիսկերը հասցվել են նվազագույնի: Մարզադաշտն ունի արհեստական լուսավորություն, որը համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի ամենաբարձր չափանիշներին։ Կարծում եմ, որ դա ուրախացրեց ֆուտբոլասերներին, որոնք արդեն իսկ մեր տնային հանդիպումներին ներկա են լինում երեկոյան՝ աշխտանքային ժամի ավարտից հետո: Ֆուտբոլն ավելի դիտարժան է դարձել մեր մարզադաշտում:

Լուսավորություն է տեղադրվել նաև արհեստական խոտածածկով խաղադաշում, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Ուրարտու-2»-ը: Նույն խաղադաշտում տեղադրվել է ժամանակակից թվային լուսատախտակ։ Տվյալ խաղադաշտում արդեն սկսել ենք նստատեղերը ծածկով ապահովելու աշխատանքները, որոնք հարմարավետ պայմաններ կապահովեն հանդիսականների համար: Արհեստական լուսավորությամբ ենք ապահովել նաև երկու մեծ խաղադաշտերը, ինչը թույլ է տալիս պատանի ֆուտբոլիստներին ավելի երկար մարզվել, իսկ ամռանը՝ խուսափել մարզումները շոգ եղանակին անցկացնելուց: Ակումբն իրականացնում է բազմաթիվ աշխատանքներ՝ մարզադաշտը ՈՒԵՖԱ-ի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Այս տարի նաև անվանափոխություն եղավ։ «Բանանցի» փոխարեն սկսեցինք հանդես գալ «Ուրարտու» անվամբ։ Կազմակերպվել է ակումբի ռեբրենդինգի ընթացքը: Ամփոփելով 2019 թվականը՝ ենթակառուցվածքային տեսանկյունից պետք է փաստենք, որ շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցին: Առանց նրա աջակցության այս ամենը տեղի չէր ունենա: Այս տարի կադրային համալրումներ էլ ունեցանք։ Մեզ միացել են այնպիսի մարդիկ, որոնք կարող են ուղիղ կերպով նպաստել ակումբի զարգացմանը. Արկադի Անդրեասյանը, Միխայիլ Վարդապետովը մարդիկ են, որոնք հսկայական փորձ ունեն ֆուտբոլում։

- Բարձրագույն խմբի առաջնությունն այս տարի նոր ձևաչափով է անցկացվում, ինչպիսի՞նն է այն։

- Մրցաշրջանից առաջ ՀՖՖ-ն բոլոր ակումբներին ուղարկել էր 2019/2020թթ առաջնության մրցումների անկացման կանոնակարգի նախագիծը, որում կային բազմաթիվ փոփոխություններ, ընդհուպ մինչև առաջնության ձևաչափ: Այդ կապակցությամբ ակումբը հայտնել էր իր հստակ կարծիքն առ այն, որ այս ձևաչափը չի նպաստի թիմերի զարգացմանը՝ քիչ քանակի հանդիպումների պաճառով, դա էլ անկախ նրանից՝ թիմը պայքարում է լավագույն վեցնյակ մտնելու համար, թե՝ ոչ: Մենք ներկայացրել էինք մեր առաջարկը՝ մրցաշարը 4 խաղաշրջանով կազմակերպելու և անցկացնելու համար, որտեղ կլիներ 36 տուր, սակայն այն չընդունվեց: Ես անգամ չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մեկ ակումբ որոշի դուրս գալ առաջնությունից: Իմ կարծիքով՝ ֆուտբոլը զարգացնում են՝ շատ խաղեր անցկացնելով։ Անգամ գավաթի խաղարկության ձևաչափի փոփոխության պարագայում, մենք պետք է առաջնությունում ունենայինք ավելի շատ հանդիպումներ:

- Թիմի գլխավոր մարզիչը Իլշատ Ֆայզուլինն էր, որի հետ պայմանագիր ստորագրվեց մինչև 2023 թվականը, բայց հետո ստացվեց այնպես, որ նա հեռացավ ու նրան փոխարինելու եկավ Ալեքսանդր Գրիգորյանը։ Ի՞նչ կասեք այդ մարզիչների մասին։

- Իլշատ Ֆայզուլինը հեռացավ «Ուրարտուից» ընտանեկան հանգամանքներով։ Ֆայզուլինի գլխավորությամբ ունեցել ենք շատ հաղթանակներ, բայց ցավոք, նաև պարտություններ։ Հատկանշական է այն, որ մինչև մեր ակումբ գալը նա գլխավոր մարզչի աշխատանքային փորձ չուներ: Դա մի փոքր զգացնել տվեց, սակայն ակումբն այնուամենայնիվ վստահեց նրան այդ պաշտոնը։ Կարծում եմ, որ այդ հարցում չենք սխալվել։ Ամեն օր լինելով թիմի ներսում և տեսնելով մարզչական աշխատանքը՝ կարող եմ փաստել, որ Ֆայզուլինը շատ բան է տվել մեր ֆուտբոլիստներին և դեռ կարող էր տալ։ Պարզապես եղավ ժամանակահատված, երբ մենք ունեցանք պարտությունների շարք, սակայն նույնիսկ այդ ժամանակ ֆուտբոլիստների եռանդն ու ոգին անկոտրում էր: Չնայած պարտություններին՝ թիմի մոտ աճ էր նկատվում։ Վստահ եմ, որ Ֆայզուլինն ունի բոլոր նախադրյալները՝ բարձրակարգ մարզիչ դառնալու համար։ Մեծ հույս ունեմ, որ մենք ապագայում կրկին կհամագործակցենք: Իսկ ինչ վերաբերում է Ալեքսանդր Գրիգորյանին՝ ապա կասեմ, որ շատ փորձառու մարզիչ է: Նա կարողացավ ընդամենը երկու մարզումով և մեկ խաղով վեր հանել խաղային այն բոլոր խնդիրները, որոնք մենք վերլուծել ու հայտնաբերել էինք որոշակի ժամանակահատվածում: Այդ փաստն ինձ շատ զարմացրեց. դա խոսում է նրա բարձր պրոֆեսիոնալիզմի ու աշխատանքային հարուստ փորձի մասին: Հուսով եմ, որ նրա գլխավորությամբ մեր թիմը կլուծի իր առջև դրված խնդիրները:

- Առաջին խմբի առաջնությունում էլ շատ փոփոխություններ եղան։ 17 ակումբ է հանդես գալիս։ Այդ մասին ի՞նչ կարծիք ունեք։

- Քանակը դեռ որակ չէ: Իմ կարծիքով՝ առաջին խմբի առաջնությունում կան ուժեղ թիմեր, բայց կան նաև ակումբներ, որոնց հեռանկարը պարզ չէ թե՛ կայունության, թե՛ զարգացման տեսլականի դիտանկյունից: «Ուրարտու-2»-ի մասին կցանկանայի նշել, որ, չնայած մեր երիտասարդ ֆուտբոլիստները որակյալ հանդիպումներ անցկացրին, այնուամենայնիվ, սպասելիքներս ավելի մեծ էին, և հույս ունեմ, որ մյուս մրցաշրջանում ավելի հաջող հանդես կգան: «Ուրարտու-2»-ի կարևորագույն նպատակներից է, որ շատ ֆուտբոլիստներ հայտնվեն գլխավոր թիմում։ Հուսով ենք, որ մյուս մրցաշրջանում դա կտեսնենք:

- Իսկ ինչպիսի՞ն էր տարին մանկապատանեկան թիմերի համար։

- Անցյալ և նախանցած տարիներին մեր մանկապատանեկան թիմերը գրանցել էին ավելի լավ արդյունքներ, սակայն կարծում եմ, որ առաջնային նպատակը արդյունքը չէ, այլ՝ ֆուտբոլային ճիշտ կրթություն ստանալը, որը կնպաստի նրանց աճին: Հսկայական աշխատանք կա անելու։ Եթե ամեն ինչ իրականացվի ըստ պլանի, ապա արդյունքները սպասեցնել չեն տա։ Ակադեմիան միշտ եղել, կա և լինելու է այս ակումբի ամենալուսավոր կետը: Ունենալով Հայաստանի ամենամեծ ակադեմիան, դաստիարակելով շուրջ 1000 սանի, այդ թվում՝ նաև աղջիկների, մեզ համար անընդունելի է ունենալ օտարերկրացի շատ ֆուտբոլիստներ գլխավոր թիմում։ Մանկապատանեկան մարզադպրոցի թիվ մեկ խնդիրն է՝ սեփական սաներով համալրել բարձրագույն խմբի թիմը և, ինչո՞ւ ոչ, ազգային հավաքականը: Բայց այդ ամենը չպետք է իրականացվի արհեստական ճանապարհով, այլ պետք է մրցակցություն լինի ու այդ ֆուտբոլիստները պետք է իրենց տեղը ունենան գլխավոր թիմում:

- Տոմսային համակարգ մտցվեց, անգամ աբոնեմենտներ եղան։ Այդ փոփոխություններն ի՞նչ տվեցին ակումբին։

- Այս մրցաշրջանից սկսած՝ հանդիպումները անցկացվում են տոմսերով, ընդ որում, մենք առաջին ակումբն էինք, որը կայացրեց այդ որոշումը, ինչը ես շատ դրական ու հեռանկարային քայլ եմ համարում հայկական ֆուտբոլի զարգացման համար, քանի որ ֆուտբոլը, ինչպես մշակութային ցանկացած այլ միջոցառում, պետք է լինի գնահատված, իսկ այն ավելի է արժևորվում, երբ դրա համար վճարում են։ Տոմսերից ստացած գումարներով մենք չենք կարողանում հոգալ նույնիսկ տվյալ հանդիպման ժամանակ անվտանգություն ապահոված անձանց վճարի կեսը։ Մեր կողմից տոմսերի վճարի սահմանումը որևիցե շահույթ չի հետապնդում։ Եթե հաշվենք, ապա այն ընդամենը մեկ կաթիլ է՝ ծովի մեջ։ Ակումբի ծախսերի հիմնական բեռը ակումբի սեփականատիրոջ ուսերին է։ Տոմսերի վաճառքը ուղղված է երկրպագուներին տոմսային մշակույթին սովորեցնելուն, որը վաղուց կիրառվում է ամբողջ աշխարհում։

- Ավարտելով հարցազրույցը՝ չմոռանանք, որ շուտով Ամանոր է. ի՞նչ մաղթանքներ ունեք ֆուտբոլասերներին։

- Ցանկանում եմ շնորհավորել ոչ միայն ֆուտբոլասերների, այլև ամբողջ հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ուզում եմ, որ եկող տարին բոլորին միայն դրական հույզեր պարգևի։ Նոր տարին նոր հնարավորություն է՝ կյանքն ավելի լավը դարձնելու համար, ուստի պետք է միայն հավատալ ու աշխատել. արդյունքը հաստատ սպասեցնել չի տա։ Ինչ վերաբերում է ֆուտբոլասերներին, ապա ուզում եմ, որ եկող տարում նրանք ավելի շատ այցելեն մարզադաշտ, ավելի շատ երկրպագեն իրենց սիրելի ակումբին։ Ասել եմ ու ասում եմ, ֆուտբոլն առանց երկրպագուների չի լինում, չենք կարող զարգանալ, եթե մեր կողքին չկան մարդիկ, որոնք մեզ աջակցում են թե՛ լավ, թե՛ վատ պահերին։ Հուսով եմ, որ 2020 թվականը նոր հաղթանակների ու բաղձալի նպատակների իրականացման տարի կլինի։