Not Selected

ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ԿԱՐԻԵՐԱՅԻՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՄ ԱՅՍՏԵՂ»  

11/01/2020

Մեկ մրցաշրջանի ընթացքում ավելի շատ գոլ խփել քան Արա Հակոբյանը չի հաջողվել ոչ մեկին անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացում։ 2003 թվականին Արա Հակոբյանը «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») կազմում 24 խաղում 45 գոլ խփեց, սահմանեց մի ռեկորդ, որն արդեն 17 տարի է անգերազանցելի է։

«Դեմքեր» խորագրի շրջանակում զրուցել ենք Արա Հակոբյանի հետ։

 

ՄԻՇՏ ԷԼ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԵՄ ԳԱԼԻՍ «ՈՒՐԱՐՏՈՒ»

 

- Ուրախ ենք Ձեզ նորից «Ուրարտու»-ում տեսնել, զգացողություններն ինչպիսի՞նն են։

- Շատ դրական։ Նորից վերհիշեցի այն հրաշալի տարիները, որն անցկացրել եմ այստեղ։ Միշտ էլ հաճելի է ինձ համար այս մարզահամալիրում գտնվելը։ Վերջին անգամ այստեղ եղել էի նախորդ տարվա մայիսին, ներկա էի «Բանանց-2»-ի խաղին։ Այնպես չէ, որ անտեղյակ եմ։ Հետևում եմ թիմի խաղերին, գիտեմ թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այս ակումբում ու բազայում։

- Ասացիք, որ հետևում եք «Ուրարտուի» ելույթներին։ Ի՞նչ կասեք այդ մասին։

- Միանշանակ հետևում եմ «Ուրարտուի» խաղերին: Ինչպես կարող եմ չերկրպագել այս ակումբին, որտեղ անցկացրել եմ իմ կարիերայի լավագույն ժամանակահատվածը։ Ներկայիս թիմում խաղում են բավականին բարձրակարգ ֆուտբոլիստներ, բայց պետք է ասեմ, որ արդյունքն այդքան էլ գոհացուցիչ չէ։ 8-րդ հորիզոնականը հաստատ սազական չէ այս ակումբի համար։ Կարծում եմ, որ Եվրոպա լիգայում կրած պարտություններից հետո թիմի մոտ անկում նկատվեց, տղաները չկարողացան վերգտնել իրենց խաղը։ Բայց դեռ ոչինչ կորած չէ։ Առջևում շատ խաղեր կան:

- Գիտենք, որ վերջին տարիներին Հայաստանում չեք բնակվում։ Որտե՞ղ եք և ինչո՞վ եք զբաղվում։

- Այժմ բնակվում եմ Մոսկվայում։ Բայց ֆուտբոլային գործունեություն չեմ ծավալում։ Դեռ իմ սիրած գործով չեմ զբաղվում։ Մեծ ցանկությունում ունեմ նորից վերադառնալ ֆուտբոլ, բայց դեռ այդ պահը չի հասունացել։

 

ԱՐԱՄՆ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԷՐ, ՔԱՆ ԵՍ

 

- Ձեր եղբայրը՝ Արամ Հակոբյանն այսօր «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչն է։ Ի՞նչ կասեք նրա մասին։

- Ես հետևում եմ նրա աշխատանքին ու արդյունքն էլ կհաստատի, որ բավականին լավ մարզիչ է։ Նա սովորելու ու որպես մարզիչ կայանալու մեծ ձգտում ունի ու դրա համար էլ վստահ եմ, որ ապագայում նա ավելի մեծ հաջողությունների կհասնի։

- Հետաքրքիր է, որ երկու եղբայրներով խաղում էիք կենտրոնական հարձակվողի դիրքում։ Հե՞շտ էիք հասկանում միմյանց խաղադաշտում։

- Ես միայն կենտրոնական հարձակվողի դիրքում էի կարողանում խաղալ, իսկ Արամը ունիվերսալ էր, կարող էր խաղալ նաև եզրերից։ Հասկանում էինք իրար խաղադաշտում, բայց դա բնավ ընտանեկան կարգավիճակի հետ կապ չուներ։ 

- Ձեզնից ո՞վ էր ավելի լավ հարձակվող։

- Արամը։ Նա ավելի խելացի ֆուտբոլիստ էր, կարողանում էր գոլային փոխանցումներ կատարել։ Կխոստավանեմ, որ գոլային դրվագներում ես մի փոքր ժլատ էի, երևի այն պատճառով, որ առանձնակի հաճույք էի ստանում յուրաքաչյուր խփած գոլից, բայց իմ ու Արամի համագործակցությունը դրանից չէր տուժում։

- 2003 թվականին երկու եղբայրներով միասին 66 գոլ հեղինակեցիք։ Այդ ինչպե՞ս։

- Այդ մրցաշրջանն ինձ համար լավ չսկսվեց։ Մեկնարկային խաղում կարմիր քարտ ստացա ու ստիպված եղա 3 խաղ բաց թողնել, բայց հետո հունի մեջ ընկա ու կարողացա գոլեր խփել։ Մեզ համար հրաշալի տարի ստացվեց։ Ճիշտ է, չեմպիոն չդարձանք, զբաղեցրինք երկրորդ հորիզոնականը, բայց իսկապես մեր թիմը լավ ֆուտբոլ էր ցուցադրում։ ՈՒնեինք շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք մեծ ներդրում ունեին խփված ցանկացած գոլում։ Դա ծաղկուն շրջան էր, իսկ թիմի գլխավոր մարզիչը Հովհաննես Զանազանյանն էր։ Նրա մասին կարող եմ ժամերով խոսել։ Նա նախևառաջ շատ լավ ընկեր էր, հիանալի մարդ ու փորձառու մասնագետ։ Մեծ է նրա ներդրումն այս ակումբի կայացման գործում։

 

ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԻՄ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ, ՉՆԱՅԱԾ ՇԱՏ ԵՄ ՈՒԶՈՒՄ 

 

- 24 խաղում 45 գոլը չլսված արդյունավետություն է։ Կարող էիք անգամ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարել։

- Իրականում այդքան էլ մոտ չէի։ Եվրոպական թոփ-առաջնություններում խփված մեկ գոլը 2 միավոր էր հաշվարկվում։ Իսկ մեր առաջնության մակարդակը ցածր էր, մեկ գոլը՝ մեկ միավոր էր: Այդ տարի Թիերի Անրին 30 գոլ խփեց ու 60 միավորով հենց նա դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրը։ Ես 5-րդ կամ 6-րդ հորիզոնականում էի, արդեն չեմ հիշում։

- Ի՞նչ եք կարծում Ձեր ցուցանիշը երբևէ կգերազանցե՞ն։

- Կարծում եմ, որ ոչ, չնայած ինքս շատ կցանկանամ, որ «Ուրարտուի» ֆուտբոլիստներից որևէ մեկը հասնի, անգամ գերազանցի այդ ցուցանիշը։ Վերջին ժամանակներում ցածր արդյունավետություն է նկատվում։ Այսօր բոլորն ավելի կենտրոնացած են պաշտպանության վրա։ Չնայած միայն մեզ մոտ է այդպես, եվրոպական թոփ-առաջնություններում, անգամ Ռուսաստանում արդյունավետությունը գնալով աճում է։

- Նման ելույթներից հետո Ձեր ծառայություններով հավանաբար շատ ակումբներ սկսեցին հետաքրքրվել։

- Ցավոտ հարցի եք անդրադառնում, որովհետև այդ տարիներին չկար ֆուտբոլային այն աժիոտաժը, որը կա հիմա։ Արտասահմանից քչերն էին հետաքրքրվում հայկական ֆուտբոլով ու քչերը գիտեին նման արդյունավետության մասին։ Եթե այդ ամենը հիմա լիներ, ապա ամեն ինչ ավելի հնչեղ կլիներ ու բնականաբար այդ փաստը ավելի մեծ ակումբների կհետաքրքրեր։ «Բանանցից» հետո տեղափոխվեցի Դոնեցկի «Մետալուրգ», բայց այնպես չէր, որ միանգամից պայմանագիր ստորագրեցի, գնացի ու մոտ 1,5 ամիս փորձաշրջան անցա: «Մետալուրգն» ինձ համար լավ թիմ էր, որտեղ իմ խաղընկերները Յայա Տուրեի ու Գեորգի Դեմետրաձեի նման բարձր խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստներ էին։ Իհարկե, կարող էի ավելի բարձրակարգ ակումբներում խաղալ, Արթուր Պետրոսյանի միջնորդությամբ կարող էի հայնտվել շվեյցարական «Ցյուրիխում», բայց, ցավոք, չստացվեց։ Շատ ուրախ եմ նաև, որ խաղացել եմ Հայաստանի ազգային հավաքականում։ Հավաքականի կազմում 7 գոլ եմ խփել ու այդ կերպ կարողացել եմ ուրախացնել մեր ժողովրդին։

 

ՆՎԻՐՎԵՔ ՈՒ ԱՇԽԱՏԵՔ ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ, ՀԱՍՏԱՏ ԱՆՆԿԱՏ ՉԵՔ ՄՆԱ 

 

- Ֆուտբոլային բավականին հարուստ կենսագրություն ունեք։ Ի՞նչ խորհուրդ կտաք այն պատանիներին, ովքեր նոր-նոր են սկսում առաջին քայլերը կատարել ֆուտբոլում։

- Պայքարեք ու երբեք մի հուսահատվեք։ Ֆուտբոլն ու առհասարակ սպորտն անկանխատեսելի է։ Եթե ընտրելու եք այս ճանապարհը պետք է գիտակցեք, որ վնասվածքներ, անկումներ ու դժվար պահեր շատ են լինելու, բայց դրանք երբեք չպետք է խանգարեն ձեզ՝ ձեր նպատակներին հասնելու համար։ Նայեք առաջ, մի հուսահատվեք, մի լսեք, թե ինչ են խոսում կողքից, հավատացեք ձեր ուժերին ու հաջողություններ գրանցեք։ Այսօր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում ստեղծված է ամեն պայման, մնում է միայն դուրս գալ և ֆուտբոլ խաղալ։ Ես դա ասում եմ ամենայն անկեղծությամբ, որովհետև երբ մենք էինք պատանի, մեր ժամանակ նման պայմաններ չկային։ Մարզադաշտում, որտեղ մենք մարզվում էինք հազիվթե խոտ գտնեիք, պարապում էինք ասֆալտի վրա, երբ ուժեղ քամի էր լինում՝ մարզվելն անհնար էր դառնում։ Անգամ նման պայմաններում այս ակումբը միշտ կարողացել է լավ ֆուտբոլիստներ դաստիարակել պատանեկան ու ազգային հավաքականների համար։ Հիմա ստեղծված է ամեն պայման լավ ֆուտբոլիստ դառնալու համար։ Նվիրվեք, աշխատեք ջանասիրաբար ու հաստատ աննկատ չեք մնա։

 

ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ԿԱՐԻԵՐԱՅԻՑ

Հայաստանի Չեմպիոն։ 2000թ․

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ 1998թ․, 2000թ․, 2003թ․

Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2003թ․

Հայաստանի առաջնություններում մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով ռեկորդակիր։ (45 գոլ) 2003թ․