Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՄԵՐ ՖՈՒՏԲՈԼԸ ՊԵՏՔ Է ՀԱՃՈՒՅՔ ՊԱՐԳԵՎԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ»  

15/01/2020

Նախորդ տարվա նոյեմբերից «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Ալեքսանդր Գրիգորյանը։ Արդեն տևական ժամանակ է անցել, ուստի պատկերացումները հայկական ֆուտբոլի մասին ավելի հստակ են դարձել։ Մենք ծավալուն հարցազրույց ենք ունեցել 53-ամյա մասնագետի հետ․

 

ՀԻՄԱ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՄԵՐ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

- Արդեն մի քանի օր է թիմը վերսկսել է մարզումները, ի՞նչ ուղղվածությամբ է ընթանում նախապատրաստությունը։

- Ասեմ, որ պետք է անկեղծ լինել ու գիտակցել, որ մեր հնարավորությունները առաջին վեցնյակում հայտնվելու համար շատ քիչ են։ Պետք է հաղթենք մեր բոլոր 3 հանդիպումներում, իսկ «Նոան» էլ իր հերթին պետք է պարտվի բոլոր խաղերում։ Հույսը դրա վրա դնելը անլրջություն կլինի, այդիսկ պատճառով մենք որոշել ենք, թե որն է առաջնային մեզ համար, դա գավաթի խաղարկությունն է, որտեղ արդեն կիսաեզրափակիչ ենք հասել։ Այդ խաղերը կայանալու են ապրիլին, այնպես որ դեռ կհասցնենք նախապատրաստվել։ Հիմա ժամանակ ունենք հստակ հասկանալու մեր ակադեմիայի սաների հնարավորությունները։ Ուշադրության կենտրոնում են այն ֆուտբոլիստներն, ովքեր հանդես են գալիս «Ուրարտու-2»-ում։ Այդ տղաները 19,20 տարեկան են, դա հենց այն տարիքն է, երբ նրանք կամ պետք է համալրեն գլխավոր թիմը, կամ վարձակալական հիմունքներով այլ ակումբներում խաղան, կամ էլ ավարտեն կարիերան։ Այս պահին «Ուրարտու-2»-ի 6 ֆուտբոլիստներ մարզվում են գլխավոր թիմի հետ, մի փոքր դժվարացրել ենք երկրորդ թիմի գլխավոր մարզչի աշխատանքը, բայց նա էլ իր հերթին «ՈՒրարտու-2»-ը համալրել է պատանեկան թիմի ֆուտբոլիստներով։ Չենք շտապում սելեկցիայի հարցում, որովհետև գիտակցում ենք, որ ժամանակ ունենք։ Համալրումներ կատարելիս մենք պետք է հիմնվենք այն փաստի վրա, թե երկրորդ թիմից որ ֆուտբոլիստները կգան գլխավոր թիմ։ Այսինքն, ովքեր կմիանան «Ուրարտուին» ոչ թե միայն մարզումներին մասնակցելու համար, այլև խաղալու, թիմի լիարժեք անդամ դառնալու համար։

- Այսինքն կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջնության երկրորդ հատվածում «Ուրարտուի» կազմում մենք ավելի շատ երիտասարդների կտեսնենք։

- Մեկնարկային կազմում շատ երիտասարդների տեսնելը մի փոքր բարդ կլինի։ Չնայած ինչո՞ւ ոչ, բայց այդ տղաները հատատ խաղաժամանակ կստանան։ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում իմ առաջին խաղում դուք տեսաք Հրաչյա Գեղամյանին, որը «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը փոխարինման մտավ, դա նրա առաջին խաղն էր բարձրագույն խմբի առաջնությունում։ Սա մեկանգամյա ակցիա չէ մեր ներքին վիճակագրությունը լավացնելու համար։ Սա լուրջ մտադրություն է՝ գլխավոր թիմը համալրել տեղացի ֆուտբոլիստներով։ Ես այդ մասին խոսել եմ, իսկ հիմա ուզում եմ խոսքից գործի անցնել։

- Արդեն 6 ֆուտբոլիստներ մարզվում են գլխավոր թիմի հետ, տպավորություններն ինչպիսի՞նն են։

- Դրական տպավորություններ ունեմ այդ ֆուտբոլիստներից, իրենց բավականին լավ են դրսևորում։ Բայց պետք է տեսնել, թե այդ ոգևորվածությունը որքան է տևելու, այն պարզապես էմոցիաների դրսևորում է, թե երկարաժամկետ իրավիճակ։ Հասկանալի է, որ հիմա նրանք զգացմունքային վերելքի վրա են։ Կանցնի 1 ամիս ու երբ հոգնածություն նկատվի, այդ ժամանակ ի հայտ կգան նրանց որակները։

 

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՍՏԱՑՎԵՑ։ ՉՆԱՅԱԾ, ԵՐԲԵՔ ՉԵՄ ԹԱՔՑՐԵԼ, ՈՐ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՄ ԱՅՍՏԵՂ ԱՇԽԱՏԵԼ։

 

- Ինչպե՞ս ստացվեց «Ուրարտուն» գլխավորելու տարբերակը։

- Ես ուզում էի աշխատել Հայաստանում և ունեի առաջարկներ նաև այլ ակումբներից։ «Ուրարտուն» գլխավորելու տարբերակը անսպասելի ստացվեց։ Չնայած, որ ես չէի թաքցնում, որ ուզում էի այստեղ աշխատել։ Ակումբը նաև մեծ ակադեմիա ունի։ Ֆուտբոլիստների սելեկցիայի ժամանակ առաջին հերթին դիտարկում ենք մեր ակադեմիայի շրջանավարտներին, իսկ մյուս ակումբները տարբերակներ են փնտրում արտասահմանում։ Բացի դրանից, այստեղ լավ պայմաններ են ստեղծված աշխատանքի համար։ Ջևան Չելոյանցի համար սա լուրջ նախագիծ է։ Հայաստանում բոլոր ակումբները պատկանում են անհատների, ովքեր էլ բավականին լուրջ մարդիկ են։ Ճիշտ է, միգուցե մակերեսորեն գիտեմ, թե ով ով է, բայց բոլորն էլ հարուստ մարդիկ են, գումարներ են ներդնում։ Հայերն առանց այդ էլ պատվախնդիր են, բոլորը պահանջում են զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Ինչպե՞ս ավարտվեց առաջնության առաջին հատվածը։ Բոլորն առաջին վեցնյակում ընդգրկվելու հնարավորություն ունեն։ Բայց հասկանալի է, որ մեկը լինելու է երկրորդը, մյուսը՝ երրորդը, բայց մեկն էլ լինելու է վեցերորդը, նման իրավիճակում ես իմ փորձով գիտեմ, որ էմոցիաները կարող են նահանջել․ «Ես կամ առաջինն եմ, կամ ոչ մեկ»։ Դրա միջով ես անցել եմ, երբ մարզչից պահանջում են, որ թիմը պետք է միշտ հաղթի ու միևնույն ժամանակ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրի, իսկ պարտություններն էլ բացառված են։ Նման հայտարարություններ անելու համար պետք է բացարձակապես ոչ պրոֆեսիոնալ լինել, որովհետև եթե դու Նապոլեոնի հավակնություններն ունես, պետք է գիտակցես, որ ֆուտբոլում կա նաև պատահականության գործոնը։ Ես ինքս աշխատել եմ նման իրավիճակում։ Պարտվել ես ուրեմն հեռանում ես։ Դա կրկես է, իսկական կրկես։ Ես կշռադատել եմ ամեն ինչ, գիտեմ որ Իլշատ Ֆայզուլինի ժամանակ եղել են դրական շրջաններ, երբ թիմը տևական ժամանակ որևէ պարտություն չէր կրում, բայց եղել են նաև բացասական հատվածներ, երբ երկար ժամանակահատված հաղթել չէր ստացվում։ Ամեն դեպքում նա հանգիստ շարունակում էր իր աշխատանքը, այսինքն նրա ղեկավարները այսրոպեական որոշումներ չէին կայացնում։ Հենց դա էլ ինձ պետք է, որովհետև ես արդեն երիտասարդ մարզիչ չեմ, ինքս էլ չեմ նկատել, թե ինչպես մեծացա։ Ես գնահատում եմ յուրաքանչյուր ժամը և այլևս չեմ ցանկանում գործ ունենալ պատահական մարդկանց հետ։ Ուզում եմ աշխատել լուրջ անձնավորությունների հետ:

- Հայաստանում այդ տեսանկյունից դժվար չէ՞, մտածելակերպը չի՞ խանգարում։

- Այո, մտածելակերպը չի բավարարում։ Ես հաղթողի բնավորության մասին եմ խոսում։ 19 տարեկանն այն տարիքն է, երբ արդեն պետք է խաղալ, բայց խաղալու համար պետք է ունենալ ոչ միայն բնավորություն, այլև ճիշտ ապրելաձև, պետք է կարողանաս ճիշտ կողմնորոշվել այն իրավիճակներում, երբ ինչ-որ բան չի ստացվում, կամ երբ ստացվում է։ Պետք է կարողանաս ճիշտ պահել քեզ։ Ես տեսնում եմ, որ երիտասարդ ֆուտբոլիստներն այդ խորհրդի կարիքն ունեն։ Մեր սաներից շատերն են խաղում պատանեկան հավաքականներում։ Իմ հարցին, թե դու խաղում ես պատանեկան հավաքականում, 2 հոգի պատասխանեց․ «Այո, ես ավագն եմ»։ Հիմա նրանք գիտեն, որ այդպես պատասխանել չի կարելի, որ պետք է բուն հարցին պատասխանել։ Դու խաղո՞ւմ ես պատանեկան հավաքականում․ «Այո, խաղում եմ»։ Որովհետև ես պրոֆեսիոնալ մարզիչ եմ ու հաստատ մինչև քո գալը ուսումնասիրել եմ քեզ ու գիտեմ, որ դու խաղում ես հավաքականում, որ դու այնտեղ թիմի ավագն ես։ Դա էլ մաքուր հայկական հատկանիշ է, իսկ դրանից շատ բան է կախված, այն կարող է խանգարել զարգացմանը, դա ավելորդ ինքնագնահատական է։ Մենք կենտրոնանում ենք գլխավորի վրա, սովորում ենք աշխատել։ Ես միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ արդյունք է պետք, որ ինձնից այն պահանջելու են։ Իմ փորձն ու մարզչական համարձակությունս բավարարում է, որ չշտապեմ ու կենտրոնանամ մեր սաների վրա։

Հիմա դուք ի՞նչ եք պահանջում թիմի ֆուտբոլիստներից, ի՞նչ նպատակ եք առաջադրել:

- Կարելի է պահանջել ամեն ինչ, բայց պետք է այնպես անել, որ իրենք իրենցից պահանջեն առավելագույն արդյունքները։ Արդեն ասացի, որ գավաթը մեզ համար առաջնահերթություն է, իսկ ինչ վերաբերում է առաջնությանն, ապա պետք է հաղթել բոլոր այն խաղերում, որոնք մնացել են։ Բայց մեկ հստակ բան կա։ Օրինակ՝ եթե մի խաղ պարտվենք, ես չեմ պատրաստվում ֆուտբոլիստի հեռացնել, ինձ էլ չեն պատրաստվում հեռացնել։ Պետք է հասկանալ, որ դու սխալվելու իրավունք ունես։ Ֆուտբոլը պատերազմ չէ, այն խաղ է, որտեղ հարկավոր է բնավորությունն ու լավագույն որակները դրսևորել։ Պետք է խաղալ, այլ ոչ թե վախենալ սխալվելուց, դա ֆուտբոլիստներին, մարզիչներին թույլ չի տալիս ինքնաարտահայտվել, ստեղծագործ աշխատել։ Սխալ թույլ տալու գործոնը պետք է հաշվի առնել, այն չպետք է պատժելի ու սարսափելի լինի։

 

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ Է

 

- 2 ամիս է հայկական ֆուտբոլում եք, ի՞նչը Ձեզ ամենից շատը զարմացրեց։

- Հայկական ֆուտբոլում ինձ զարմացնում է այն, որ մեկուսացում կա, ոչ ոք ոչ մեկի հետ չի շփվում։ Դա ինձ համար խորթ է։ Ռուսաստանում, հատկապես Ֆուտբոլի ազգային լիգայում մենք մարզիչներով զանգում ենք միմյանց, անգամ խորհուրդներ տալիս․ «Վերցրու այս ֆուտբոլիստին, նա օգուտ կտա», «Ի՞նչ իրավիճակ է թիմի ներսում» և այսպես շարունակ։ Իսկ Հայաստանում ամբողջական մեկուսացում է։ Կարծում եմ, որ դրանում նաև դրական կողմեր կան, որովհետև աշխատանքը շատ է ու դու պետք է կենտրոնանաս քո ակումբի վրա։ Ասեմ նաև թե ինչն է ինձ դուր գալիս։ Ես նախքան այստեղ գալը միշտ հետևում էի Հայաստանի առաջնությանը ու պետք է ասեմ, որ իմ կարծիքով սա ամենաուժեղ առաջնությունն է, դա պայմանավորված է նրանով, որ ավելի որակյալ լեգեոներներ են եկել, իսկ երիտասարդ ֆուտբոլիստներն էլ նրանց կողքին առաջադիմում են։ Դա ինձ դուր է գալիս։ Իսկ ֆուտբոլի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միշտ եղել են, կան ու ցավոք սրտի լինելու են։

- Շատ ակումբներում կիրառվում է այն ռազմավարությունը, որ ակադեմիայի բոլոր թիմերը պետք է խաղան ճիշտ այն սիստեմով, որով խաղում է գլխավոր թիմը։ Դուք ի՞նչ կասեք։

- Մեր ակադեմիան գնալու է այն ուղղությամբ, որով ցանկանում են ակադեմիայի թիմերի գլխավոր մարզիչները, իսկ ես, որպես առաջին թիմի գլխավոր մարզիչ նրանց խորհուրդներ կտամ։ Ինձ համար կարևոր է, որ պատանի ֆուտբոլիստները ոչ թե իմ կաղապարով զարգանան, այլ կայանան որպես բազմապրոֆիլ խաղացողներ։ Շատ ակումբներում են ասում․ «Գլխավոր մարզիչը ունի խաղային փիլիսոփայություն, ուրեմն բոլորը պետք է հետևեն նրան»։ Ոչ, ինձ համար կարևոր է, որ երկրորդ ու մանկապատանեկան թիմերի մարզիչներն իրենց սեփական տեսլականն ու փիլիսոփայությունը ունենան և իրագործեն այն։ Ես յուրաքանչյուր որակյալ ֆուտբոլիստի կադապտացնեմ իմ սխեմային և դա կանեմ շատ արագ։ Մեկ ուրիշի մտքերով աշխատելու մեջ էներգետիկա չկա, քոնը չկա։ Այո, ամբողջ աշխարհում ընդունված է, որ ակադեմիաներն ու գլխավոր թիմերը նույն փիլիսոփայությամբ են աշխատում։ Գերմանացիները հենց այդպես հաղթահարեցին ճգնաժամը։ Ես չէի ցանկանա, որ մենք ընդհանուր ծրագրով աշխատենք։ Իմ փիլիսոփայությունը հետևյալն է, որ յուրաքանչյուր թիմում գլխավոր մարզիչը անհատականություն է, իսկ անհատականությունները չեն աշխատում ուրիշների մտքերով։

- Ի՞նչ սպասել «Ուրարտուից» առաջնության երկրորդ հատվածում։

-  Մենք լրիվ այլ որակի ֆուտբոլ կխաղանք։ Ինձ առաջին հերթին հետաքրքրում է թիմի ցուցադրած խաղը։ Էֆեկտիվ պետք է գործենք թե՛ հարձակման գծում, թե՛ պաշտպանությունում։ Մենք պետք է արագ խաղանք, ավելի բարձր տեմպով, գրոհելիս ավելի համարձակ գործենք, պաշտպանվելիս՝ ավելի հուսալի։ Մեր խաղը էսթետիկական տեսանկյունից պետք է հաճույք պարգևի երկրպագուներին։ Ահա այն, կարճաժամկետ խնդիրները, որոնք մեզ առաջադրում ենք։