Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐՄԱՎԻՐ» 0-1. ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24/01/2020

Default Image

«Արմավիրի» հետ հանդիպումը նախապատրաստական շրջանում թվով 3-րդ խաղն էր «Ուրարտուի» համար։ Հաշվետու խաղից հետո զրուցել ենք «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի և «Արմավիրի» գլխավոր մարզիչ Արսեն Պապիկյանի հետ: 

 ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«ԱՐՄԱՎԻՐԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք նման խաղի կարիք ունեինք, որովհետև մինչ այս ունեցած մեր մրցակիցներն ավելի դանդաղ ֆուտբոլ էին խաղում։ Այս հանդիպումը շատ լավն էր հենց արագության տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ խաղից: Իհարկե նախաձեռնությունը երբեմն մերն էր, երբեմն անցնում էր մրցակցի կողմը, բայց չեմ կարծում, որ մենք խաղային առումով այսօր զիջեցինք «Արմավիրին»: Դաշտ դուրս եկած բոլոր ֆուտբոլիստներն իրենց դրական կողմով ցույց տվեցին՝ մեկն ավելի շատ, մեկը՝ մի փոքր պակաս, բայց սա այն եզակի դեպքերից էր, երբ ամբողջ թիմը լավ մակարդակի խաղ անցկացրեց»։

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Մենք ավարտում ենք մեր նախապատրաստական առաջին շրջանը, որը տևեց 17 օր, կհանգստանանք 3 օր ու ստուգողական հանդիպում կանցկացնենք «Ալաշկերտի» հետ: Որևէ խնդիր չեմ տեսնում, սա առաջնություն չէ, այլ նախապատրաստական շրջան,  ծրագիրն ինքս այդպես եմ պլանավորել: Ուստի կարող եմ հստակ ասել, որ այս ընթացքում շատ բան ենք հասցրել անել։ Ինձ դուր է գալիս, որ մեր ֆուտբոլիստներն սկսել են ավելի արագ գործել  խաղադաշտում, բայց այդ արագությունը պայմանավորված չէ նրանով, որ մենք հրավիրել ենք աստղային ֆուտբոլիստների, այլ նրանով, որ պարզապես թիմի կազմում ընդգրկել ենք մեր երիտասարդներին»։

 

ԱՐՍԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Նախապատրաստությունը շատ լավ է անցնում: Այդ պատճառով էլ մենք արդեն 4-րդ տարին անընդմեջ գալիս ենք այստեղ: Թիմի մարզաբազայում կան բոլոր պայմանները՝ մարզումներ անցկացնելու, նախապատրաստվելու, կան նաև լավ սպարինգ մրցակիցներ, ուստի մենք գոհ ենք: Եղանակը թույլ է տալիս անել այն, ինչ նախատեսել ենք այս շրջանի համար» :

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ամեն տարի մենք այստեղ խաղում ենք «Ուրարտուի» հետ: Այսօր, կարելի է ասել, որ հավասար խաղ ստացվեց: Ե՛վ մենք, և՛ «Ուրարտուն» բավականին ծանրաբեռնված ենք աշխատում՝ օրական երկու մարզում ենք անցկացնում: Այսօրվա հանդիպումը հավասար ընթացք ունեցավ. պայքարը խաղադաշտում մեծ էր, ակտիվ գործողություններ նկատվեցին թե՛ մեր կողմից, թե՛ մրցակցի: Սկզբում վերահսկողություն կար մեր թիմի կողմից, հետո նախաձեռնությունն անցավ «Ուրարտուի» կողմը, հետո նորից՝ մեր: Մի խոսքով՝ տատանվող էր ամեն ինչ: Բոլոր վտանգավոր պահերը հիմնականում ստանդարտներից էին, իսկ խաղային դրվագներում դրանք գրեթե բացակայում էին:

ԴԱՎԻԹ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

« Նա երիտասարդ ֆուտբոլիստ է, 18 տարեկան, ու նրա համար մեծ պատիվ է, որ «Ուրարտուի» նման ակումբի կազմում խաղադաշտ է մտնում առաջին րոպեներից: Բացի այդ, նրան դեռևս չի հերիքում ուժն ու փորձը, բայց կարծում եմ, որ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ նա կառաջադիմի: Անշուշտ, լավագույն հանդիպումը չանցկացրեց, բայց նաև չձախողեց: Իհարկե, անհնագստանում էր, հուզվում ու դա իր ազդեցությունն էր ունենում խաղի վրա: Սա ֆուտբոլ է, մենք բոլորս լավ հասկանում ենք՝ որքան էլ դաշտից դուրս մենք բարեկամներ ու մտերիմներ ենք, երբ խաղը սկսվում է, դա դառնում է աշխատանք: Իմ տղան այսօր խաղում է «Ուրարտուում», ես աշխատում եմ «Արմավիրում», բայց երբ մենք դուրս ենք գալիս խաղադաշտ, ես մոռանում եմ, որ տղաս այտեղ է խաղում: Այսօր էլ որևէ հուզվածություն չկար ինձ մոտ » :