Not Selected

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

25/10/2020

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում ուժերը կչափի «Գանձասար-Կապանի» հետ։ Այդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին ՀՖՖ տեխնիկական Կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 15:30-ին։ Հերթական դիմակայությանն ընդառաջ առանձնացրել ենք կարևոր փաստեր․

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թիմերը միմյանց հետ մրցել են 66 անգամ։ «Ուրարտուն» հաղթել է 21 անգամ, նույնքան անգամ թիմերը գրանցել են ոչ-ոքի, 24 անգամ էլ հաղթանակի է հասել կապանյան թիմը։

Մրցակցի հարկի տակ կայացած վերջին 5 խաղերում «Ուրարտուն» հաղթել է 2 անգամ,  2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, իսկ «Գանձասար-Կապանը» հաղթել է 1 խաղում։ Ընթացիկ առաջնությում սա նրանց առաջին հանդիպումն է։

 

Վերջին անգամ թիմերը միմյանց հետ մրցել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում։ Այդ խաղում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ «Ուրարտուի» կազմում գլխի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Եվգենի Կոբզարը։

 

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆՆ» ԱՅՍ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ 

2020/2021 մրցաշրջանում թիմը մեկնարկեց պարտությամբ՝ 2-1 հաշվով զիջելով առաջնության նորեկ «Վանին»։ Ընթացիկ առաջնությունում Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ թիմն անցկացրել է 6 խաղ․ երկուսում հաղթել է, ընդ որում՝ երկուսն էլ տանը, երեք պարտություն կրել, 1 անգամ էլ ոչ-ոքի է գրանցել։ Վաստակած 7 միավորով «Գանձասար-Կապանն» այս պահին մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է։ 

 

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՅՍ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ 

Ի տարբերություն մրցակցի՝ «Ուրարտուն» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ 5 խաղերում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը երեք անգամ հաղթանակ է տոնել, մեկ անգամ պարտվել է և մեկ անգամ էլ ոչ ոքի գրանցել։ Իր օգտին 10 միավոր ունենալով՝ թիմն այժմ առաջնության առաջատարի դիրքում է։

 

Հավելենք, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք «Գանձասար-Կապան» - «Ուրարտու» խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, իսկ պատվիրակ՝ Աննա Թադևոսյանը։ 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների։ Խաղը հեռարձակվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերիացիայի յութուբյան ալիքով։