Not Selected

ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԵՐԱԶԱՆՔ․ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵՑ ԵՐԿՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄ

14/11/2020

Այն որ սեփական երկրի ազգային հավաքականում խաղալը երազանք է բոլոր նրանց համար, ովքեր գոնե շատ քիչ, բայց ձգտել են ֆուտբոլիստ դառնալ` գաղտնիք չէ։ Բոլորն են իրենց պատկերացրել կամ պատկերացնում ազգային հավաքականի շապիկով, բայց երազելը մեկ բան է, իսկ այն իրականություն դարձնելը մեկ այլ բան։ 2020 թվականի նոյեմբերի 6-ին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները, որոնք կպատրաստվեն Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ խաղերին։ Ընդլայնված ցուցակում՝ սովորական դարձած անունների շրջանում առաջին անգամ տեղ էր գտել Հակոբ Հակոբյան անուն-ազգանունը, իսկ դա նշանակում է, որ Հակոբը շատ մոտ է երազանքը կյանքի կոչելուն․

 

ՀԱՄԵՍՏ, ԽԵԼԱՑԻ, ՍԱՌՆԱՍԻՐՏ

 

Հակոբը ծնվել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Հայաստան ու վաղ տարիքից սկսել զբաղվել ֆուտբոլով, առաջին քայլերն անելով «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») մարզադպրոցում։ Պատանեկան տարիքից Հակոբը աչքի էր ընկնում իր կարգապահությամբ, խաղը կարդալու ու թիմակիցներին փոխօգնության հասնելու ունակությամբ, այդպես է բնորոշում նրան Արթուր Ոսկանյանը, Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» նախկին հենակետայինը իր մարզչական կարիերան սկսել է հենց Հակոբի թիմը՝ «Բանանց-1-97»-ը գլխավորելով։ Հակոբն իր թիմում կարևոր նշանակություն ուներ,- ասում է Ոսկանյանը․

«Վաղ տարիքում էլ Հակոբն անչափ համեստ էր, ֆուտբոլային առումով խելացի էր, բավականին սառնասիրտ էր գործում, չնայած որ 14-15 տարեկան էր ընդամենը։ Ես նրան օգտագործում էի հիմնականում հենակետայինի գոտում, բայց ժամանակ առ ժամանակ փորձում էի նաև կենտրոնական պաշտպանի դիրքում։ Հեշտ էր նրա հետ աշխատելը, որովհետև այն խնդիրները, որոնք մենք առաջադրում էինք նա շուտ էր ընկալում ու խաղադաշտում էլ կարողանում էր ճիշտ հուշումներ տալ իր թիմակիցներին։ Այդ ժամանակ մենք աշխատում էինք հոլանդացի մասնագետների հետ ու որոշեցինք, որ այդ տղաները պետք է հանդես գան Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։ Ճիշտ է, ընդամենը 15-16 տարեկան էին ու վերջին հորիզոնականը զբաղեցրին, բայց ֆուտբոլային առումով հսկայական առաջընթաց գրանցեցին, փորձ կուտակեցին։ Հաջորդող մրցաշրջանում մենք պայքարում էինք արդեն չեմպիոնության համար, իսկ Հակոբն ու ևս մի քանի ֆուտբոլիստ արդեն պարբերաբար հրավիրվում էին գլխավոր թիմ։ Ես հավատում էի Հակոբին, որովհետև նա կարգապահ ու աշխատասեր է, դա հենց այն է, ինչ պետք է ֆուտբոլում առաջ գնալու համար»,- նշում է Ոսկանյանը։

 

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՑ՝ ԱՄԵՆԱԿՐՏՍԵՐԸ, ՓՈՐՁԱՌՈՒՆԵՐԻՑ՝ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴԸ

 

«Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») գլխավոր թիմում Հակոբյանն իր նորամուտը նշում է 16 տարեկանում։ Թիմն այդ մրցաշրջանում գլխավորում էր Ժոլտ Հոռնյակը, որը գնալով ավելի ու ավելի շատ խաղաժամանակ էր տրամադրում երիտասարդ ֆուտբոլիստին։ Չեմպիոնական մրցաշրջանում Հակոբյանը մասնակցում է 11 հանդիպման ու դառնում է Հայաստանի չեմպիոն։ Ի դեպ նա չեմպիոնական «Բանանցում» հանդես եկած ամենակրտսեր ֆուտբոլիստն էր։ «Ուրարտուի» նախկին ավագ Վահագն Այվազյանը շատ լավ է հիշում, թե ինչպես դեռևս պատանի Հակոբյանը միացավ գլխավոր թիմին․

«Մեր թիմին միանալու առաջին իսկ օրվանից Հակոբը գիտակցում էր, թե որտեղ է գտնվում։ Այն ժամանակ էլ շատ համեստ էր ու աշխատասեր։ Գործին նվիրված էր ամբողջությամբ։ Եկավ, միացավ թիմին ու կարողացավ ամրապնդվել։ Սովորաբար երիտասարդները մարզվում են գլխավոր թիմի հետ, բայց խաղաժամանակ հիմնականում ստանում են երկրորդ թիմի կազմում։ Իսկ Հակոբը կարողացավ իրեն այնպես դրսևորել, որ աստիճանաբար սկսեց ամրապնդվել հիմնական կազմում»,- նշում է Այվազյանը։

Ֆուտբոլիստի, այն էլ երիտասարդ ֆուտբոլիստի կարիերան լեցուն է վայրիվերումներով, անկումներով ու վերելքներով։ Բնականաբար Հակոբի պարագայում էլ եղան խաղային անկումներ, անհաջողություններ։ Հաջորդած մրցաշրջանում նա ընդամենը 1 պաշտոնական հանդիպման մասնակցեց, այն էլ ընդամենը 4 րոպե անցկացնելով խաղադաշտում, բայց ցանկացած անհաջողություն նոր հաղթանակների շարժառիթն է։ Հաջորդող մրցաշրջաններում Հակոբն արդեն աստիճանաբար դարձավ «Ուրարտուի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Հակոբն իր գլխավերևում արդեն հասցրել է պահել Հայաստանի հնարավոր բոլոր տիտղոսները։ Նախորդ մրցաշրջանում նա հատեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրած 100 հանդիպումի սահմանագիծը։ Սովորաբար ընդունված է փորձառու համարել այն ֆուտբոլիստներին, որոնք ավելի տարիքով են ու խաղային երկար կարիերա ունեն։ Հետևելով Հակոբյանի վիճակագրությանը նրան հաստատ անփորձ չես համար ու եթե չեմպիոնական մրցաշրջանում նա թիմում ամենակրտսերն էր, ապա ներկայիս թիմի փորձառու ֆուտբոլիստների շրջանում նա հաստատ ամենաերիտասարդն է։ 

 

ԵՐԱԶԱՆՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ

 

«Ազգային հավաքականում խաղալն իմ կյանքի ամենամեծ երազանքներից մեկն է։ Հուսով եմ՝ կկարողանամ այնքան լավ խաղալ, որ հավաքականի մարզիչները կնկատեն ինձ ու կհրավիրեն։ Հույսեր միշտ ունեմ և այդ ուղղությամբ աշխատում եմ», - սա հենց ինքը՝ Հակոբն է ասում sportx.am-ին տված հարցազրույցում։

Առաջիկայում մեր հավաքականի համար անչափ վճռական հանդիպումներ են, իսկ Հակոբը հրավիրվել է հավաքական ու շատ մոտ է նրան, որ նշի իր նորամուտը երկրի գլխավոր թիմի կազմում։ Հաջողություն ենք մաղթում Հակոբին ու մեր հավաքականին և շնորհակալություն հայտնում Ձեզ, որ այսքան երկար հոդվածը կարդացիք։ Այս տեքստն այն մասին չէր, թե որքան լավն է Հակոբ Հակոբյանը, այլ  հերթական ապացույցն էր այն բանի, որ եթե աշխատասեր ես ու նպատակասլաց ապա երազանքներդ հաստատ իրականություն են դառնալու։