Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ»․ ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

26/11/2020

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունելու է «Ալաշկերտին»։ Թիմերն այս մրցաշրջանում արդեն մեկ անգամ հանդիպել են: Ջոնել Դեսիրեի դուբլի շնորհիվ «Ուրարտուն» հաղթել էր 2-1 հաշվով։ Ստորև ներկայացնում ենք ամենահետաքրքիրը սպասվող դիմակայության մասին․

 

ՏՆԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

Թիմերը միմյանց հետ խաղացել են 38 անգամ, առավելությունը «Ալաշկերտի» կողմն է, որը առավելության է հասել 18 անգամ, «Ուրարտուն» հաղթել է 10, նույնքան հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։ 38 խաղի ընթացքում խփվել է 102 գոլ, որից 47-ը հեղինակել են «Ուրարտուի», իսկ 55-ը «Ալաշկերտի» ֆուտբոլիստները։ Թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերում թիմերը հաղթել են 2-ական անգամ, իսկ մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։ «Ուրարտուն» սեփական հարկի տակ բավականին հաջող է խաղում «Ալաշկերտի» հետ։ Կայացած 18 խաղերում, թիմը հաղթել է 8 անգամ, գրանցել է 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն։ Սեփական հարկի տակ կայացած վերջին 5 խաղերից 3-ում «Ուրարտուն» հաղթել է։

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում սեփական հարկի տակ, բայց հյուր թիմի կարգավիճակով «Ուրարտուն» առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։ Դուբլ ձևակերպեց Ջոնել Դեսիրեն, իսկ «Ալաշկերտի» միակ գնդակը հեղինակեց Ալեքսանդար Գլիշիչը։ Այս հաջողությունը հոբելյանակ էր «Ուրարտուի» համար, քանի որ այն 300-րդ հաղթանակն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում, իսկ Ջոնել Դեսիրեն խփեց իր 30-րդ գոլը Հայաստանի առաջնություններում։

 ՀԻՆ ԾԱՆՈԹՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

«Ալաշկերտի» ներկայիս կազմից Գագիկ Դաղբաշյանը, Գրիգոր Աղեկյանը, Ռումյան Հովսեփյանը, Ղուկաս Պողոսյանը, Ալեքսանդր Գլիշիչը և Պապ Աբդու Կամարան ժամանակին հանդես են եկել «Ուրարտուում»։ Գագիկ Դաղբաշյանը 150-ից ավելի պաշտոնական հանդիպում է անցկացրել «Ուրարտուի» կազմում, դարձել է նաև Հայաստանի չեմպիոն։ «Ալաշկերտի» ներկայիս գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին էլ մեր թիմը խորթ չէ։ Այս ակումբի կազմում նա 78 հանդիպում է անցկացրել ու դարձել 12 գոլի հեղինակ։ Հենց նա էր կրում «Բանանցի» թևկապը, երբ պատմության ընթացքում երկրորդ անգամ թիմը դարձավ Հայաստանի գավաթակիր։ «Ուրարտուի» կազմից էլ միայն Արսեն Բեգլարյանն է, որ նախկինում խաղացել է «Ալաշկերտում»։

ՈՐՏԵՂ ԴԻՏԵԼ

Ինչպես հայտնի է այս հանդիպումն էլ անցկացվելու է առանց հանդիսականների։ Խաղի ընթացքին հնարավոր է հետևել ՀՖՖ յութուբյան ալիքով, իսկ խաղի կարևորագույն իրադարձություններին օպերատիվ կերպով կարող եք հետևել մեր տելեգրամյան ալիքում։ Հավելենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Ուրարտու» -«Ալաշկերտ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 26-ին «Ուրարտու» մարզադաշտում և մեկնարկելու է ժամը 18։00-ին։