Not Selected

ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ

10/12/2020

Ֆուտբոլի միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հուշագիր կնքեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ։ Այս համագործակցությունն իրենից ենթադրում է ուսանողների, դասախոսական և մարզչական անձնակազմի վերապատրաստում, փորձի փախանակում։ Ինստիտուտի ուսանողները պրակտիկա անցնելու հնարավորություն կստանան «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, իսկ «Ուրարտուի» մարզչական անձնակազմն ու աշխատակիցները կվերապատրաստվեն բուհում։

Հուշագիրը ստորագրեցին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը․

«Նույն բնագավառում գործունեություն ծավալող երկու կազմակերպություններ պետք է փոխանակվեն փորձով։ Ուսման մեջ լավ արդյունքներ գրանցած ուսանողները մեր ակումբում պրակտիկա անցնելու հնարավորություն կունենան, կընդգրկվեն աշխատաքային գործընթացի մեջ։ Ինչպես մենք, այնպես էլ հայկական ֆուտբոլը որակյալ կադրերի կարիք ունի, ուստի սա շատ լավ հնարավորություն է ինչպես մեզ, այնպես էլ ուսանողների համար», - մեզ հետ զրույցում նշեց Հրաչ Աղաբեկյանը։

«Ֆուտբոլային ու առհասարակ մարզական ակումբի հետ հուշագիր ստորագրելու տեսանկյունից այս նախաձեռնությունն առաջին նախադեպն էր։ Այո, նախկինում համագործակցել էինք մարզպետարանների ու այլ գերատեսչությունների հետ, բայց նման շրջանակում չենք աշխատել։ Ինքս կարևորում եմ այս հուշագրի ստորագրումը։ Ճիշտ է, լինում են դեպքեր երբ մեծ գերատեսչությունների հետ ստորագրվում են հուշագրեր, սակայն գործունեություն չի ծավալվում, բայց ես լիահույս եմ, որ «Ուրարտուի» հետ համագործակցությունը երկու կողմերի համար էլ կլինի արդյունավետ, որովհետև երկուսիս մոտեցումներն ու ընդհանուր հետաքրքրությունները շատ են»,- նշեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

Ինստիտուտի ֆուտբոլի ամբիոնի շենքում՝ նախաշեմին բացվեց նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անկյունը, որտեղ մանրամասն ինֆորմացիա է ներկայացված ինչպես ակումբի, այնպես էլ ուսանողների հետ տարվող աշխատանքների ու ծրագրերի մասին։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կարևորում է նման նախաձեռնությունները և պլանավորում է ընդլայնել իր համագործակցությունների շրջանակը այլ բուհերի և կրթօջախների հետ։