Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԱՎԱՐՏՎԱԾ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

20/12/2020

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեզ հետ զրույցում ամփոփել է «Մրցաշրջան-2020»-ն ու պատմել առաջիկա ծրագրերի մասին․

 

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ

«Գավաթային խաղի հետ միասին ընդամենը 10 հանդիպում անցկացրինք և 2 խաղ պակաս, քան մեր մրցակիցներից շատերը։ Ուստի ի՞նչ ամփոփման մասին կարելի է խոսել։ Մենք հաղթեցինք «Գանձասար-Կապանին», նրանք էլ իրենց հերթին միավորներ խլեցին առաջատարներից, սակայն այդ հանդիպումների արդյունքները չեղարկվեցին, միավորներ հանվեցին, ինչը ենթադրեց նաև փոփոխություններ մրցաշարային աղյուսակում։ Կես տարում այդքան քիչ խաղ անցկացնելը շատ վատ է, բայց ինձ այս ընթացքում դուր եկավ այն, որ մենք մեծ շարժառիթ ունեինք, սակայն հնարավոր է, որ այն մինչև վերջ պահել չկարողացանք։ «Ալաշկերտի» ու «Նոայի» հետ խաղերում մենք ֆիզիկապես լավ վիճակում չէինք գտնվում։ Աշխարհում և հատկապես Հայաստանում տիրող իրավիճակն ու դրա հետ կապված անորոշությունը լավ չանդրադարձավ մեզ վրա։ Ամփոփելով խոսքս կասեմ, որ ինձ դուր էր գալիս ֆուտբոլիստների մոտեցումը աշխատանքին, ինձ դուր եկան մեր համալրումները։ Մեծ հաշվով ես գոհ եմ, թե ինչպես աշխատեցինք, բայց գոհ չեմ, թե ինչպես խաղացինք։ Մեր խաղի որակը ես 3-ի կգնահատեի»։

ՖՈՒՏԲՈԼԻՆ ԽԱՆԳԱՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Բավական երկար ժամանակ մենք թիմը պահեցինք ֆունկցիոնալ ու էմոցիոնալ տոնուսի մեջ։ Ինչ վերաբերում է ֆունկցիոնալ պատրաստությանը, ես կարծում եմ, որ հետընթացը, որը նկատվեց «Ալաշկերտի» հետ խաղում, կապված էր ֆուտբոլիստներից մի քանիսի առողջական վիճակի հետ։ Շատերը դեռ նոր էին լավացել կորոնավիրուսից ու այդ խաղում նրանք լավագույն ֆիզիկական վիճակում չէին գտնվում։ Ամեն դեպքում հայկական թիմերի մեծամասնությունը մեզնից 2 կամ 2,5 ամիս առաջ էր բախվել այդ հիվանդությանը։ Ֆուտբոլիստներն էլ չէին թաքցնում ու ասում էին, որ կորոնավիրուսային հիվանդությունից հետո ֆիզիկապես իրենց լավ չեն զգում։ Ես նշեցի, որ խաղի որակը բարելավելու խնդիր ունենք, բայց կան խաղացողներ, որոնք առաջընթաց են գրանցել, դա գուցե միայն խաղային հատուկ դրվագներում կամ առանձին խաղակեսերով է նկատվում, բայց նրանց առաջընթացն ինձ համար ակնհայտ է, այն լավ նախադրյալ կարող է հանդիսանալ հետագայում թիմի խաղը բարելավելու տեսանկյունից»:

ՀԵՌԱՑԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես հարգում եմ թիմից հեռացած բոլոր ֆուտբոլիստներին, բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց ամենամեծ կորուստը Դմիտրի Գուզի հեռանալն էր։ Նա մենապայքարներում անգերազանցելի էր։ Ես հիշում եմ, որ Գուզը նաև Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում էր լավագույնը և մեկ անգամ չէ, որ ճանաչվել է լավագույն կենտրոնական պաշտպան ոչ միայն ամսվա այլև տարվա կտրվածքով։ Այս իրավիճակում մենք ոչինչ անել չէինք կարող, Գուզն այդ որոշումը կայացրել էր ելնելով ընտանեկան դրդապատճառներից։ Նրա հարազատները ցանկանում էին վերադառնալ հայրենիք՝ Ռուսաստան։

ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մենք առաջին հերթին ուշադրությունը սևեռելու ենք մեր երիտասարդների վրա։ Ճիշտ է, նրանց քիչ խաղաժամանակ տրամադրեցինք, բայց դա պայմանավորված էր նրանով որ խաղերն էին քիչ։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է այս տարի հանդես գալիս «Ուրարտու-2»-ը, այնտեղ կան տղաներ, որոնց արդեն կարելի է ընդգրկել գլխավոր թիմում։ Օրինակ՝ Գոռ Լուլուկյանն ու Խարիտոն Այվազյանն արդեն գլխավոր թիմի ֆուտբոլիստներ են, Խարիտոնը լավ հնարավորություն ունի նույնիսկ ընդգրկվելու մեկնարկային կազմում։ Նա մրցակցակցելու է և իրական շանս ունի։

Ստրատեգիկ առումով այժմ պետք է մտածենք Գուզի բացակայության պայմաններում պաշտպանության կենտրոնը լրացնելու մասին, ինչպես նաև կարիք ունենք ևս մեկ հարձակվողի, այս պահին թիմում մաքուր հարձակվող միայն Ջոնել Դեսիրեն է։ Մեզ ևս մեկ հարձակվող է պետք, չնայած կարող ենք դիտարկել երկրորդ թիմից Սամվել Հակոբյանի ու Արթուր Միսկիրիջյանի տարբերակները, որոնց նույնպես կընդգրկենք մեր մարզումային գործընթացների մեջ։ Համալրելու տեսանկյունից դիտարկում ենք այդ երկու դիրքերը՝ կենտրոնական պաշտպանի ու կենտրոնական հարձակվողի»։

ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մենք կսկսենք մարզումները հունվարի 6-ից։ Ուսումնամարզական բոլոր հավաքները կանցկացնենք Երևանում։ Մինչև առաջնության վերսկսումը միշտ կլինենք այստեղ։ Դրանում կան ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Ես ավելի շատ դրականն եմ տեսնում։ Երևանում նախապատրաստվելու միակ բացասական կողմն այն է, որ բարձրակարգ սպարինգ-մրցակիցների հետ հանդիպումներ անցկացնելու խնդիր կա։ Բայց ես այդ ժամանակահատվածում շեշտը դնում եմ թիմի նախապատրաստության վրա»։