Not Selected

ՀՐԱՉ ԱՂԱԲԵԿՅԱՆ․ «ԱՆԴՐԻԱՍՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ՀՊԱՐՏԱՆԱ ՈՒ ՈԳԵՇՆՉՎԻ ՄԵՐ ՆԵՐԿԱ ՍԵՐՈՒՆԴԸ»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում խոսել է Արկադի Անդրիասյանի հետ համատեղ աշխատանքի ու հայկական ֆուտբոլում նրա թողած ավանդի մասին․

«Արկադի Անդրիասյանի հետ համատեղ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, շատ պլաններ էլ կային, որոնք ապագայում պետք է կյանքի կոչեինք։ Վերջին շրջանում նա, ինչպես գիտեք, զբաղեցնում էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը։ Նա ֆուտբոլային ակումբի կառավարման իր մեծ փորձն ու գիտելիքներն անխոս փոխանցել է մեզ։

Հաշվի առնելով նրա ֆուտբոլային որակները՝ տաղանդը և այն հաջողություններն ու նվաճումները, որ նա գրանցել է, ապա իմ կարծիքով նա հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույնն է։ Մենք պետք է առավելագույնն անենք, որպեսզի նրա անցած ուղով մեր ներկա սերունդը թե՛ հպարտանա, թե՛ մոտիվացվի»,- նշել է Աղաբեկյանը։