Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ, «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

30/12/2020

2020 թվականն ամփոփել ենք «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի հետ։ Խոսել ենք ակումբի ելույթներից, անդրադարձել Հայաստանի ազգային հավաքականում ունեցած հաղթական նորամուտից ու ապագա ծրագրերից․

 

ԿԱՐՈՏ ԷԻՆՔ ՄՆԱՑԵԼ ԽԱՂԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒՆ

 

- Ինչպե՞ս կամփոփես 2020 թվականն «Ուրարտուի» համար

- Այս մրցաշրջանը բավական բարդ ստացվեց բոլորի համար, շատ հանդիպումներ հետաձգվեցին բոլորին արդեն հայտնի պատճառներով, իսկապես դժվար ժամանակներ էին ինչպես մեզ, այնպես էլ մեր պետության համար։ Ստաբիլության խնդիր կար, ինչն ազդեց նաև մեր թիմի ցուցադրած խաղի վրա։ Ինչ վերաբերում է մրցաշարային աղյուսակին, այստեղ պայքարը շատ մեծ է․ 6-7 թիմեր, այդ թվում և մենք, առաջատարի կարգավիճակ ունենք ու վաստակած միավորներով միմյանց գրեթե չենք զիջում։ Այո, այս պահին մենք 6-րդ հորիզոնականում ենք, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ամեն ինչ առջևում է․․․ Մեր նպատակներն առավելագույնն են։ Թե՛ առաջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում մենք իրական հնարավորություններ ունենք հաջողություն գրանցելու համար։

- Համաճարակ, պատերազմ․․․ Որքանո՞վ էր դժվար այս ժամանակահատվածում ֆուտբոլի վրա կենտրոնանալը։

- Համաճարակի պայմաններում թիմին խանգարում էր խաղերի բացակայությունը, կենտրոնանալու խնդիր առանձնապես չկար, իսկ պատերազմական իրավիճակում արդեն շատ դժվար էր նույնիսկ մարզումներ անցկացնելն ու խաղերին լիարժեքորեն տրամադրվելը։ Մեր ուշքն ու միտքն առաջնագծում էր, ուշադիր հետևում էինք պատերազմի ընթացքին։

- Մյուս տարի «Ուրարտուին» խաղային շատ խիտ գրաֆիկ է սպասվում։ Դա լրացուցիչ դժվարություն չի՞ ստեղծի։

- Եթե անկեղծ մենք առաջնության առաջին շրջանում կարոտ էինք մնացել խաղեր անցկացնելուն։ Իսկապես ուրախ եմ, որ շատ ենք խաղալու։ Այո, հասկանալի է, որ վերականգման խնդիրներ կարող են առաջանալ, բայց այդ խնդիրը լինելու է բոլորի մոտ։ Կարծում եմ, որ այդ խիտ գրաֆիկը միայն կհետաքրքրացնի մեր առաջնությունը։ Սուր պայքար է ծավալվում մրցաշարային աղյուսակի վերնամասում, ուստի ամեն խաղ անցնելու է շատ լարված ու հետաքրքիր պայքարում։

- 2020 թվականը ֆուտբոլային առումով քեզ համար ստացված համարո՞ւմ ես։ Առաջին անգամ հրավիրվեցիր Հայաստանի ազգային հավաքական, 100-րդ հանդիպումն անցկացրիր VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում․․․

- Միանշանակ այս տարին ֆուտբոլային տեսանկյունից լավագույնը չէր, թե՛ մարզումների լիարժեք իրականացման և թե՛ խաղերի դադարներով պայմանավորված, բայց իրականություն դարձավ վաղեմի երազանքս՝ հրավիրվեցի Հայաստանի ազգային հավաքական, պատմական հաղթանակով նշեցի նորամուտս մեր ընտրանու կազմում, ինչի համար շատ ուրախ եմ։ Շատ լավ հիշողություններ են մնացել այդ խաղից։

 

ԿՅԱՆՔՈՒՄՍ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԷԻ ՆՄԱՆ ԷՄՈՑԻԱՆԵՐ ԱՊՐՈՒՄ

 

- «Ուրարտուում» մենք քեզ տեսել էինք հենակետային կիսապաշտպանի, եզրային պաշտպանի, կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց ոչ երբեք ձախ եզրային կիսապաշտպանի դիրքում։ Հավաքականում նորամուտդ նշեցիր հենց այնտեղ։ Երբևէ խաղացե՞լ էիր այդ դիրքում ու որքանո՞վ էր դժվար հավաքականում նորամուտը նշել մի դիրքում, որը խորթ էր քեզ համար։

- Ձախ եզրային կիսապաշտպանի գոտում խաղացել եմ շատ փոքր տարիքում։ Մինչև 13-14 տարեկան հենց այդտեղ էին ինձ օգտագործում։ Երբ Խոակին Կապառոսը Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում հայտարարեց մեկնարկային կազմը, առաջին հարցը որ ծագեց իմ գլխում այն էր, թե ո՞ր դիրքում եմ խաղալու։ Հետո հասկացա, որ մարզիչն ինձ փորձելու է ձախ կիսապաշտպանի դիրքում։ Այն շատ անսպասելի էր ինձ համար՝ չնայած մարզումների ժամանակ մի քանի անգամ այդ դիրքը զբաղեցրել էի։ Իսկ «Ուրարտուում» հաճախ 5 պաշտպանով ենք խաղում, և ես զբաղեցնում էի ձախ եզրային լատերալի դիրքը, այնպես որ ինձ համար այնքան էլ խորթ դիրք չէր։ Նախավարժանքից առաջ ես Կապառոսի հետ առանձնազրույց ունեցա, նա ասաց․ «Վստահ խաղա, մենք գիտենք քո որակները, դուրս արի ու վստահ խաղ ցույց տուր»։

- Ո՞րն է տարբերությունը ակումբում խաղալու և ազգային հավաքականում խաղալու միջև։

- Անկախ նրանից, թե որտեղ ես հանդես գալիս, դու ցանկացած խաղին մոտենում ես առավելագույն նվիրվածությամբ, բայց երբ ներկայացնում ես ազգային հավաքականը ու խաղից առաջ լսում ես երկրիդ օրհներգը, ամբողջովին այլ էմոցիաներ ու զգացողություններ են պատում քեզ ու այլ բան պարզապես չի գալիս մտքիդ։ Ոչ մի ցավ այլևս չես զգում, ոչ մի մկան քեզ չի անհանգստացնում։ Մտքիդ մեկ բան է՝ առավելագույնն անել խաղադաշտում։ Շատ հաճելի էր, երբ շնորհավորում էին ոչ միայն նորամուտիս, այլև մեր հաղթանակի կապակցությամբ։ Երևի կյանքում առաջին անգամ էի նման էմոցիոնալ պահ ապրում»։

- Ինչպե՞ս ստացվեց, որ Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ հաղթանակից հետո որոշեցիք երգել Հայաստանի հիմնը։

- Նման ապրումներ չեմ ունեցել։ Իսկապես շատ էի ուրախացել։ Հանդիպման վերջին վարկյաններին հետևում էի արդեն տրիբունայից, որովհետև փոխարինվել էի։ Այդ վայրկյաններն ինձ համար հավերժություն էին դարձել, ասես չավարտվեին, իսկ մակեդոնացիներն էլ անդադար գրոհում էին։ Հետո, երբ գլխավոր մրցավարը ազդարարեց խաղի ավարտը՝ սկսեցինք տոնել։ Մարզադաշտի աշխատակիցներին խնդրեցինք միացնել մեր օրհներգը, միասին հավաքվեցինք ու սկսեցինք երգել։ Շատ էմոցիոնալ պահ էր։ Այդ անչափ դժվար ժամանակներում այս հաղթանակն ինչ-որ չափով ուրախություն պարգևեց մեր ժողովրդին։

- Հավաքականում խաղալը քեզ նոր իմպուլս հաղորդե՞լ է։

- Հասա երազանքներիցս մեկին, բայց դրանով չեմ բավարարվելու, ձգտելու եմ ամրապնդել իմ տեղը հավաքականի կազմում, որպեսզի կարողանամ օգտակար լինել նաև այնտեղ, իսկ ակումբային մակարդակում ցանկանում եմ ու հույս ունեմ, որ լավ մրցաշրջան կանցկացնենք, հուսով ենք, որ եկող տարում կզգանք հաղթանակի բերկրանքը։ Ես ամեն խաղում առավելագույնն եմ ներդնելու, որպեսզի օգնեմ թիմիս իրականացնել առաջադրված խնդիրները։

- Ի՞նչ սպասել «Ուրարտուից» հաջորդ տարի։

- Յուրաքանչյուր խաղում սպասեք անմնացորդ նվիրում։ Ամեն խաղում մենք ամեն ինչ անելու ենք մեզ համար ցանկալի արդյունքին հասնելու համար։ Հուսով եմ, որ մենք մեր հաղթանակներով կուրախացնենք երկրպագուներին։