Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-1-06»-Ը՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

08/12/2020

Արցախյան պատերազմում զոհվածների հուշամրցաշարում այսօր որոշվեց հաղթողը։ Եզրափակիչ փուլ դուրս եկած «Ուրարտու-1-06» և «Փյունիկ-1-06» թիմերի միջև պայքարում ուժեղ գտնվեց «Ուրարտուի» պատանեկան թիմը։ Հանդիպման միակ և հաղթական գոլը խփվեց 61-րդ րոպեին, որի հեղինակն էր Ալեն Գրիգորյանը։ 

«Գոհ եմ թիմի խաղից ու այն աշխատանքից, որ կատարեցին տղաները։ Եզրափակիչ հանդիպումները միշտ լարված են անցնում, բայց ես հավատում եմ իմ տղաներին։ Խաղից առաջ էլ հանդերձարանում նրանց մոտիվացնում էի ու ասում, որ պետք է հավատան իրենց, այդ դեպքում միայն կկարողանան հաղթահարել ցանկացած դժվարություն։

Կարծում եմ՝ նման մրցաշարերի կազմակերպումը պետք է ավանդույթ դառնա և ամեն տարի այս ժամանակահատվածում խաղեր անցկացվեն՝ ի հիշատակ մեր զոհված զինվորների», - հաղթանակած խաղից հետո մեզ հետ տպավորություններով կիսվեց «Ուրարտու-2006-1» թիմի գլխավոր մարզիչ Վալերի Ալեքսանյանը։

Թիմի կազմում հաղթողներ ունեցանք նաև 3 անվանակարգերում․ լավագույն դարպասապահ ճանաչվեց Հայկ Ղազարյանը, լավագույն խաղացող՝ Դավիթ Ղիասյանը, իսկ լավագույն ռմբարկու՝ Գագիկ Պետրոսյանը, որոնք ՀՖՖ-ի կողմից արժանացան պատվոգրերի ու մրցանակների։