Not Selected

«ՍՈՒԴՈՒՎԱ». ԼԻՏՎԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԴՐՈՇԱԿԱԿԻՐԸ

13/02/2020

Փետրվարի 13-ին «Ուրարտուն» հերթական ստուգողական հանդիպումը կանցկացնի։ Մրցակիցն այս անգամ Լիտվայի վերջին երեք տարիների չեմպիոն «Սուդուվան» է։ Ստորև ծանոթացնում ենք մեր առաջիկա մրցակցին։

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

«Սուդուվան» բավականին մեծ պատմություն ունի։ Ակումբը հիմնադրվել է 1942 թվականին։ ԽՍՀՄ ժամանակահատվածում թիմը պարբերաբար փոխել է անվանումը, հանդես եկել «Ժալգիրիս», «Ցուկրաուս Ֆաբրիկաս», «Շեշուպե» անուններով։ Թիմի համար ծաղկուն շրջանը 21-րդ դարի առաջին և երկրորդ տասամյակներն էին։  Այդ ընթացքում ակումբը կարողացավ 3 անգամ դառնալ Լիտվայի չեմպիոն (2017, 2018, 2019), Լիտվայի գավաթակիր (2006, 2009, 2019) և սուպերգավաթակիր (2009, 2018, 2019)։ Թիմը կանոնավոր կերպով մասնակցում է եվրոգավաթային խաղարկություններին։ Վերջին 3 տարիների ընթացքում «Սուդուվային» միշտ մեկ քայլ չի բավարարել խմբային փուլ մտնելու համար, թիմը  հասել է  Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, բայց բոլոր դեպքերում էլ պարտություն կրել ու լքել պայքարը։

ՆԵՐԿԱՅԻՍ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Լիտվայի առաջնությունը անցկացվում է գարուն-աշուն համակարգով։ Դա նշանակում է, որ մարտին մեկնարկելու է նոր մրցաշրջանը։ Ուշագրավ է, որ նախորդ առաջնությունում «Սուդուվան» 33 խաղից հաղթել է 29-ում։ Խփած և բաց թողած գոլերի վիճակագրությունը +71 է, իսկ մոտակա հետապնդող «Ժալգիրիսին» թիմը գերազանցում էր 13 միավորով։ Հատկանշական է, որ «Ուրարտուի» հետ հանդիպումը «Սուդուվայի» համար վերջին ստուգողական խաղն է Լիտվայի սուպերգավաթի հանդիպումից առաջ։ Փետրվարի 29-ին «Սուդուվան» «Ժալգիրիսի» հետ կվիճարկի Լիտվայի սուպերգավաթը։

ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՁԱԿՎՈՂԸ

«Սուդուվա» ակումբում հանդես է գալիս 31-ամյա բոսնիացի հարձակվող Միհրետ Տոպչագիչը։ Այս հարձակվողն իրոք տպավորիչ արդյունավետությամբ է աչքի ընկնում։ Նախորդ մրցաշրջանում բոսնիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 26 գոլի հեղինակ։

ԱՎՍՏՐԻԱՑԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ

Թիմի գլխավոր մարզիչը Հեիմո Պֆեյֆենբերգերն է, ով ակումբի ղեկը ստանձնել է 2020 թվականի հունվարից։ Նախկինում 53-ամյա մասնագետը աշխատել է մի շարք ավստրիական ակումբներում։