Not Selected

ԻԳՈՐ ՊԱԴԵՐԻՆ․ «ԱՅՍ ԱԿՈՒՄԲՈՒՄ ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ»

14/02/2020

Ռուսական «Արմավիրում» 5 մրցաշրջան անցկացնելուց հետո Իգոր Պադերինը տեղափոխվում է «Ուրարտու»՝ նոր շարժառիթով ու նպատակներով։ Պայմանագիր ստորագրելուց և ակումբի մարզաշապիկը կրելուց հետո 30-ամյա հարձակվողը մեզ հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով․

 «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՍԻՆ

«Տպավորություններս միայն դրական են: Ամեն ինչ լավ է: Թիմի հետ դեռ հավաքների ժամանակ եմ առնչվել: Ֆուտբոլիստներ կան, որոնց ճանաչում եմ, Սեմյոն Սինյավսկու, Դավիթ Պապիկյանի, Արսեն Բեգլարյանի հետ նույն թիմում խաղացել եմ: Այստեղ գալուց առաջ նրանց հետ չեմ հասցրել խոսել, այդ տղաների համար էլ անակնկալ էր, ամեն ինչ շատ արագ ստացվեց»։

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ինչպես գիտեք, թիմը վերջերս անվանափոխվեց, կան բազում նպատակներ, ամենաբարձր խնդիրներն են դրված թիմի առջև, այնպես որ պետք է օգնենք ու ձգտենք ներդնել առավելագույն ջանքերը»։

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հաղթել յուրաքանչյուր խաղում: Ի՞նչ այլ նպատակ կարող է ունենալ ֆուտբոլիստը: Հաղթել ու հասնել առավելագույն արդյունքների: «Ուրարտու» տեղափոխությունս, հույս ունեմ կլինի քայլ դեպի առաջ, այստեղ հեռանկարներ կան, տեսնենք՝ ինչպես կստացվի, գուշակությամբ զբաղվել հարկավոր չէ: Պետք է աշխատել ու մարզվել, նվիրվելով 100, 200 տոկոսով։ Այդ ժամանակ ամեն ինչ կստացվի»:

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՄԱՍԻՆ

«Ալեքսանդր Գրիգորյանի հետ առանձնազրույց եմ ունեցել, ես նրան ճանաչում եմ Ռուսաստանում աշխատելու տարիներից, պրոֆեսիոնալ մասնագետ է: Իր ակտիվում բազմաթիվ հաղթանակներ ունի Ռուսաստանի առաջնությունում, նաև կանանց ֆուտբոլում»:

ԽՈՍՔ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

«Ցանկալի է, որ ավելի շատ երկրպագուներ գան մեր խաղերին, այսպես ասած՝ վերադառնան մարզադաշտ, մենք էլ կաշխատենք նրանց ուրախացնել ու լավ տրամադրություն պարգևել» :