Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԱԴԻՄԵՆ»

09/02/2020

«Ուֆա»-ի հետ հանդիպումից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեզ հետ զրույցում կիսվեց խաղից ստացած իր տպավորություններով․

«ՈՒՖԱ»-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շատ լավ ճանաչում եմ այս թիմին։ Մենք, իհարկե, պատրաստվել էինք այս հանդիպմանը տակտիկական տեսանկյունից։ Առանց որևէ բան նայելու կարող ենք ասել, որ առաջին կեսում մենք տիրում էինք նախաձեռնությանը։ Բավականին որակյալ կերպով կատարեցինք այն խնդիրը, որն առաջադրել էինք այս խաղում։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսին, ապա ասեմ, որ մրցակիցը տիրում էր նախաձեռնությանը, միջնամասում՝ մինչև 70-րդ րոպեն, առավելություն ուներ, բայց հետո մեզ նորից հաջողվեց հավասարեցնել խաղը, իսկ վերջնամասում էլ ճնշում գործադրեցինք։ Դրա համար էլ մեր կողմից բավականին որակյալ խաղ ստացվեց, եթե հաշվի առնենք նաև մրցակցի դիմադրության աստիճանը»։

ՆՈՐԵԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ինչ վերաբերում է Արսեն Բեգլարյանին, ապա պետք է ասեմ, որ առաջին կեսում բավականին որակյալ հանդիպում անցկացրեց Անատոլի Այվազովը, իսկ Բեգլարյանը դուրս եկավ ու ավելի լավ խաղաց։ Դա ինձ դուր է գալիս։ Ինչ վերաբերում է Տոբոևին․ հնարավոր է, որ իր լավագույն հանդիպումը չանցկացրեց հարձակման գծում, բայց ընդհանուր առմամբ օգտակար ֆուտբոլիստ էր թիմի համար։ Շատ ֆուտբոլիստների կարելի է առանձնացնել, բայց դա իմաստ չունի։ Կարելի է նշել Պետեր Մուտումոսիին։ Այդ տղան առաջադիմում է։ Այդպես էլ պետք է լինի, ֆուտբոլիստները պետք է առաջադիմեն, այլ կերպ չի կարող լինել»։