Not Selected

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․ «ՀԱՐԱԶԱՏ ԹԻՄԸ ՄԻՇՏ ՄՆՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏ»

09/02/2020

Default ImageԱյսօր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանությունն անհնար է պատկերացնել առանց Հովհաննես Համբարձումյանի։ «Ուրարտուի» սանն արդեն երկար տարիներ շարունակ կայուն ելույթներ է ունենում արտասահմանում և իհարկե՝ ազգային հավաքականում։ Համբարձումյանն այն երջանիկներից էր, որը «Բանանցի» կազմում իր գլխավերևում պահել է Հայաստանի առաջնության չեմպիոնական գավաթը։ Այժմ նա հանդես է գալիս Պարալիմնի քաղաքը ներկայացնող «Էնոսիս» ակումբում։ Իմանալով, որ «Ուրարտուն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում, նա եկավ թիմի հյուրանոց, հանդիպեց խաղընկերների հետ, իսկ հետո էլ մեզ հետ զրույցում վերհիշեց «Ուրարտուում» անցկացրած տարիները

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԵՐԿՐՊԱԳԵԼ «ՈՒՐԱՐՏՈՒԻՆ»

 

Եկար հարազատ թիմիդ հյուրանոց ու հանդիպեցիր նախկին թիմակիցներիդ հետ։ Տպավորություններն ինչպիսի՞ն են։

- Կարոտել էի ընկերներիս։ Լավ է, որ կարողացա տեսնել նրանց։ Ինչ էլ լինի, աշխարհի որ անկյունում էլ լինեմ, հարազատ թիմը միշտ մնում է հարազատ։ Երբ հնարավորություն է ընձեռվում հանդիպել նախկին թիմակիցներիս հետ, կամ, երբ լինում եմ Երևանում և «Ուրարտու» գնալու հնարավորություն է ստեղծվում, դա անում եմ մեծ սիրով։

- Ի՞նչ հիշողություններ են մնացել «Ուրարտուից»։

- Դրանք շատ են, եթե սկսեմ թվել, ապա հաստատ ժամեր կպահանջվեն։ Լավ, փորձեմ մեկն առանձնացնել․ ամենատպավորիչ հիշողությունը կապված է ակումբում անցկացրած վերջին մրցաշրջանի հետ։ Մենք կարողացանք ակումբի պատմության ընթացքում առաջին անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն։ Աննկարագրելի էմոցիաներ էին։ Դա նաև իմ կյանքի կարևորագույն հուշերից է։

- Այժմ «Ուրարտուի» ելույթներին հետևո՞ւմ ես։

- Հնարավորության դեպքում, երբ մարզումներ կամ խաղեր չեմ ունենում, հետևում եմ, երկրպագում թիմին։ Կասեմ, որ առաջնության առաջին շրջանում գրանցած արդյունքներն այդքան էլ լավը չեն, բայց պայքարը շարունակվում է, հուսով եմ, որ մրցաշրջանի երկրորդ կեսումը թիմը կբարելավի իր խաղը ու ավելի դրական արդյունքներ կգրանցի։

 

ԿԻՊՐՈՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԵՂԸ ՈՐԵՎԷ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ։ ՑԱՆԿԱՑԱԾԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԵԼ ՑԱՆԿԱՑԱԾԻՆ։

 

- Ինչպե՞ս են ընթանում գործերդ Կիպրոսում։

- Ամեն ինչ լավ է։ «Էնոսիսի» կազմում վերջին մեկ ամսում ամեն ինչ հաջող է ընթանում, բարելավել ենք թիմի խաղը, եթե այսպես շարունակենք, ապա վստահ եմ, որ կառաջադիմենք մրցաշարային աղյուսակում։ «Ուրարտուի» նման մենք էլ առաջնությունը շատ անհաջող մեկնարկեցինք՝ տևական ժամանակ չէինք կարողանում հաղթել։ Բայց հիմա նոր գլխավոր մարզիչ ունենք, համալրվել ենք նոր ու բարձրակարգ ֆուտբոլիստներով։ Թիմի գործերը շատ լավ են ընթանում։ Վերջին 4 խաղում հաղթել ենք 2 անգամ, իսկ 2 հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի։

- Վերջին շրջանում շատ էին խոսակցությունները, որ փոխում ես թիմդ, ի՞նչ կասես այդ մասին։

- Խոսակցություններ միշտ լինում են, բայց հստակ առաջարկներ չկան։ Կարող էր այնպես ստացվել, որ հստակ տարբերակներ լինեին, բայց այս պահին ես պայմանագիր ունեմ ու «Էնոսիս» ակումբի ֆուտբոլիստն եմ։ Թե ինչպես կզարգանան իրադարձություններն ապագայում, չեմ կարող ասել։

- Ի՞նչ ծրագրեր ունես։ Ցանկանո՞ւմ ես շարունակել ելույթներդ Կիպրոսում։

- Առաջնության ավարտի հետ մեկտեղ՝ ավարտվում է նաև իմ պայմանագիրը։ Երբ գա այդ ժամանակը, կսկսեմ մտածել այդ մասին։

- Կիպրոսի առաջնության մասին ի՞նչ կասես։ Ի՞նչ ֆուտբոլ են գերադասում խաղալ։

- Մակարդակի տեսանկյունից իմ սպասելիքներից բարձր ֆուտբոլ են խաղում։ Կիպրոսի առաջնությունը դասվում է այն առաջնությունների շարքին, որտեղ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած տեղը որևէ նշանակություն չունի։ Ոչ մի խաղի ընթացքում չի զգացվում՝ այն թիմը առաջատարն է, իսկ մյուսը՝ հետնապահը։ Գերադասում են վերահսկել գնդակը։ Երբ մրցակիցը խլում է գնդակը, հնարավոր է՝ ստիպված լինես 5 րոպե անդադար վազել՝ այն հետ խլելու համար։ Տեմպն էլ բավականին բարձր է։

 

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՏԱՂԱՆԴՆ Է

 

- Նորից հիշենք «Ուրարտուում» անցկացրած տարիները։ Ակումբի ակադեմիան որքանո՞վ կարևոր եղավ քո կարիերայի համար։

- Այդ ակադեմիան ինձ սովորեցրեց ֆուտբոլային այբուբենը։ Գնդակին հպվելուց մինչև գոլ խփել սովորել եմ այդ ակադեմիայում։ Այն ֆուտբոլիստ դաստիարակելու հրաշալի դարբնոց է։ Հիմա ամեն ինչ ավելի լավ է։ Ստեղծված են բոլոր պայմանները, մնում է միայն քրտնաջան մարզվել։

- Որպես ակադեմիայի սան, որը խաղացել է ակումբի գլխավոր թիմում, ազգային հավաքականում նաև արտասահմանում, ի՞նչ խորհուրդ կտաս ակադեմիայի սաներին, ի՞նչ է պետք անել՝ ֆուտբոլում հաջողության հասնելու համար։

- Պետք է աշխատասեր լինել, մարզումների ընթացքում անհրաժեշտ է գործել ուժերի առավելագույնի չափով․ դա ամենակարևորն է։ Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է։ Եթե ունեք նպատակ, ապա աշխատեք դրան հասնելու համար։ Վստահ եմ՝ կստացվի։