Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԼՈՌԻ»․ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

01/03/2020

Վերջապես վերսկսում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ 16-րդ տուրում միմյանց հետ կմրցեն «Ուրարտուն» և «Լոռին»։

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

Վանաձորյան ակումբը առաջնության առաջին շրջանի ավարտից հետո զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, իր ակտիվում ունենալով 28 միավոր։ Առաջիկա 3 խաղերում «Լոռիին» հարկավոր է նվազագույնը 2 միավոր վաստակել լավագույն վեցնյակում մնալու համար։ Գավաթի խաղարկությունում «Լոռին» պայքարից դուրս է մնացել քառորդ եզրափակչից, ուշագրավ է, որ Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը պայքարը լքել է հենց «Ուրարտուից» կրած պարտությունից հետո։

8 ԽԱՂ 3-ԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ

«Ուրարտուն» և «Լոռին» միմյանց հետ 8 հանդիպում են անցկացրել։ Կողմերից երկուսն էլ հաղթել են 3-ական անգամ, 2 հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի։ Հարկ է նշել, որ այս դիմակայությունը միշտ էլ գոլառատ է եղել։ Կայացած 8 խաղերում խփվել է 19 գոլ, միջինը 1 խաղում 2,3 գոլ։ Ամենից շատ հանդիպող արդյունքը 3-1-ն է, որը գրանցվել է 3 անգամ, 2-ը հօգուտ «Ուրարտուի», 1-ը՝ «Լոռիի»։ Արդյունավետության տեսանկյունից լավագույն ցուցանիշն այս դիմակայությունում ունեն Վալմերսոն Պրայան ու Եվգենի Կոբզարը, ովքեր երկու անգամ գրավել են «Լոռիի» դարպասը։ Այս առաջնությունում թիմերը մեկ անգամ արդեն խաղացել են միմյանց հետ։ Վանաձորում, առաջնության 7-րդ տուրի շրջանակում «Լոռին» 2-1 հաշվով առավելության հասավ։ Աչքի ընկան Ռուսլան Զաերկոն և Խաբի Աուզմենդին, իսկ «Ուրարտուի» միակ գոլը հեղինակեց Եվգենի Կոբզարը։

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Թիմերը միմյանց հետ վերջին անգամ հանդիպել են Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում։ «Ուրարտուն» առավելության հասավ 1-0 հաշվով, իսկ հաղթական գոլն էլ հեղինակեց Եվգենի Կոբզարը։ Ուշագրավ է, որ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ դա «Ուրարտուի» առաջին հաղթանակն էր։

100-ԻՆ 1 ՊԱԿԱՍ

Առաջիկա խաղը կարող է հոբելյանական լինել «Ուրարտուի» 22-ամյա կենտրոնական կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի համար։ Բարձրագույն խմբի առաջնություններում Հակոբյանն 99 հանդիպում է անցկացրել, ուստի հաջորդ խաղը նրա համար կլինի հոբելյանական 100-րդը։ Անցկացրած 99 հանդիպումների ընթացքում Հակոբյանն աչքի է ընկել 1 անգամ։

ՄԻԱԿԸ

«Լոռիում» է խաղում Արթուր Ավագյանը։ Ընթացիկ առաջնությունում նա վանաձորյան թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում։ Ավագյանն այս պահի դրությամբ երկու թիմերի կազմում միակ ֆուտբոլիստն է, որը խաղացել է երկու ակումբներում էլ։ 2016-ից 2019-ը թվականներին Ավագյանը հանդես է եկել «Ուրարտուում» անցկացնելով 41 հանդիպում։

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Հանդիպման կարևորության մասին խոսելն ավելորդ է։ Երկու թիմերի համար էլ կենսական նշանակություն ունեցող հանդիպում է սպասվում։ «Ուրարտուն» շարունակում է պայքարել լավագույն վեցնյակում հայտնվելու վերջին հնարավորությունը օգտագործելու համար, իսկ «Լոռին» էլ մեկ հաղթանակով կարող է լուծել առաջիկա խնդիրը։ Հիշեցնենք, որ այս հանդիպումը կկայանա մարտի 2-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին։