Not Selected

ՎԱՀԱԳՆ ԱՅՎԱԶՅԱՆ․ «ՓՈՐՁԵԼՈՒ ԵՄ ԴՐՍԵՎՈՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՂՄԵՐՍ»

12/03/2020

2019/20 մրցաշրջանն Այվազյանը մեկնարկեց «Ուրարտուի» կազմում, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 2 հանդիպում անցկացրեց, նույնիսկ գոլ խփեց։ Այնուհետև Այվազյանը որոշեց կարիերան շարունակել արտասահմանում։ 27-ամյա ֆուտբոլիստը կես տարվա պայմանագիր ստորագրեց Օմանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Ալ Նասր» ակումբի հետ։ Այդ թիմում Այվազյանը 13 հանդիպում անցկացրեց՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Վահագնը վերադարձավ հարազատ թիմ։ Մեզ հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը խոսել է հարազատ ակումբ վերադառնալու, օմանական ֆուտբոլի ու շատ այլ թեմաների մասին․

 

ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐԿՆՎԻ

 

 - Արդեն մեկ շաբաթ անցել է, ինչ վերադարձել ես հարազատ թիմ, ինչպե՞ս ես զգում քեզ։

- Շատ լավ։ Շատ հաճելի է, երբ վերադառնում ես հարզատ թիմ, հարազատ ակումբ: Նոր բան չկա, բացակայության ժամանակահատվածն էլ շատ երկար չէր, կարելի է ասել՝ չէի հասցրել կարոտել ու արդեն վերադարձա: Այստեղ ամեն ինչ հոյակապ է ու հոգեհարազատ:

- Թիմը պայքարում է գավաթի համար, բայց կիսաեզրափակչի առաջին խաղում պարտություն կրեց «Նոայից», ի՞նչ կասես այդ մասին։

- Առաջին հանդիպումն այդքան էլ լավ չդասավորվեց, սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվելը ցանկալի ու ձեռնտու արդյունք չէր մեզ համար: Պատասխան խաղում կփորձնենք իհարկե գոլ խփել, հաջողության հասնել, որպեսզի դուրս գանք եզրափակիչ: Ամեն ինչ անելու ենք՝ այս փուլը հաղթահարելու համար: Ես հիշում եմ՝ ինչպես մենք նվաճեցինք Հայաստանի գավաթը: Կիսաեզրափակչի առաջին խաղում «Ալաշկերտին» պարտվեցինք 0-1 հաշվով, պատասխան խաղում 2-1 հաշվով առավելության հասանք ու դուրս եկանք եզրափակիչ, որտեղ էլ հաղթեցինք «Միկային» ու նվաճեցինք Հայաստանի գավաթը: Հույս ունեմ, որ պատմությունը կկրկնվի (ժպտում է):

 

ՕՄԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀԱՅԱՑՔ ԷՐ ԿՅԱՆՔԻՆ

 

 - Կես մրցաշրջան անցկացրիր Օմանում, ինչպե՞ս ստացվեց առաջարկն այդ երկրից ու ինչպիսի՞ն էր ֆուտբոլն այնտեղ։

- Ցանկացած հայ ֆուտբոլիստ ուզում է ուժերը փորձել արտասահմանում։ Եղավ առաջարկ «Ալ Նասրից», այն հետաքրքրեց ինձ ու ես որոշեցի տեղափոխվել այնտեղ։ Ճիշտ է, Օմանի առաջնությունը ուժեղների թվին չի դասվում, պայմաններն էլ իդեալական չէին, բայց «Ալ Նասրը» պատվախնդիր թիմ էր։ Այդ ակումբում լավն այն էր, որ արդյունքը առաջնային էր։ Թիմը միշտ ձգտում էր հաղթանակներ տոնել, ինչ-որ արդյունքի հասնել։ Միգուցե հենց դրանով էր պայմանավորված, որ 5 ամսվա ընթացքում 3-4 մարզիչ փոխվեց։

- Դժվար չէ՞ր Օմանում ապրելը։ Հարմարվելու խնդիր չկա՞ր։

- Ցանկացած երկիր իր ապրելաոճն ու մշակույթն ունի։ Ժամանակի ընթացքում հարմարվեցի տեղի բարքերին, ապրելակերպին։ Օմանն ինձ համար նոր հայացք էր կյանքին, նոր բաներ բացահայտեցի, որոնք հետագայում գուցեև պետք գան, բայց ֆուտբոլային առումով, պետք է փաստեմ, որ Հայաստանում հեռանկարներն այս պահին ավելի լավն են։

- Ի՞նչ տվեց Օմանում անցկացրած ժամանակահատվածը։

- Արտասահմանում խաղալն ունի իր դրական կողմերը։ Նախ, երբ միայնակ ես լինում օտարության մեջ, դառնում ես ավելի ինքնուրույն, որպես մարդ ավելի ես կայանում։ Իսկ ֆուտբոլային առումով ձեռք ես բերում փորձ ու վստահություն, որը հուսով եմ ապագայում ինձ շատ կօգնի։

 

ՈՐՊԵՍԶԻ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՐԱԾ ՉՀԱՄԱՐԵՆՔ, ՊԵՏՔ Է ՏԻՐԵՆՔ ԳԱՎԱԹԻՆ

 

- Ի՞նչ նպատակներով ես վերադարձել «Ուրարտու»։

- Փորձելու եմ «Ուրարտուի» հետ հասնել հնարավորինս շատ հաջողությունների: Քանի որ առաջնությունում այլևս չենք կարող մրցանակային տեղ զբաղեցնել, պետք է ամեն ինչ անենք գավաթը նվաճելու համար, որպեսզի մրցաշրջանը մեզ համար կորած չհամարենք: Անձամբ ես պայքարելու եմ, փորձելու եմ ցույց տալ ու դրսևորել միայն լավագույն կողմերս: 10 օր է, ինչ մարզվում եմ թիմի հետ: Խաղակցվածության հետ կապված ոչ մի խնդիր չկա, նոր ֆուտբոլիստները շատ չեն, նրանցից շատերի հետ մինչև հեռանալս մարզվել ու խաղացել եմ, ինձ համար միայն մարզչական փոփոխությունն էր նոր բան, այժմ պետք է հասկանամ մարզչի փիլիսոփայությունն ու փորձեմ ճիշտ կատարել առաջադրված խնդիրները: