Not Selected

ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՃԻՇՏ ՄՈՏԵՑՈՒՄՆ Է ԳՈՐԾԻՆ»

28/03/2020

Մրցաշրջանի երկրորդ հատվածը դեռ նոր էր մեկնարկել, երբ հարկադրաբար դադար հայտարարվեց։ Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված՝ ֆուտբոլիստները ստիպված են տնային պայմաններում մարզվել ու պահպանել մարզավիճակը։

«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը պատմել է՝ ինչպես են իր թիմի ֆուտբոլիստները իրականացնում մարզումները կարանտինի շրջանում ու ինչ ազդեցություն կարող է ունենալ այս դադարը թիմի վրա։

 

-Մոտ 2 շաբաթ է՝ թիմային մարզումներ չեն իրականացվում, ինչպե՞ս եք աշխատում այս շրջանում։

- Իսկապես շատ բարդ դրություն է ստեղծվել ամբողջ աշխարհում, բայց պետք է ցանկացած իրավիճակից ելք գտնել, ինչն էլ փորձում ենք անել։ Մենք ունենք մշտական ծրագիր, որը նախատեսված էր ձմեռային դադարի համար, դա օգտագործում ենք նաև հիմա։ Կարծում եմ՝ վերահսկել անհատապես բոլոին գրեթե անհնար է։ Բայց այստեղ շատ կարևոր է նաև ֆուտբոլիստի անհատական մոտեցումն աշխատանքին, նրա ձգտումն ու այն, թե որքան է նա պատրաստ աշխատել՝ հետագայում լավ ֆուտբոլիստ դառնալու համար։ Այս իրավիճակը դժվարություն է, որը պետք է հաղթահարել։

- Ի՞նչ է անհրաժեշտ ֆուտբոլիստներին՝ այս օրերին ակտիվությունը պահելու համար։

-Պետք է նախևառաջ գիտակցել, որ անհրաժեշտ է անհատական աշխատանք իրականացնել՝ մարզավիճակը պահպանելու համար, դա ամենակարևորն է։ Տնային պայմաններում էլ կարելի է մարզվել։ Իհարկե, պետք է հետևել նաև սննդին։

 - Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ երկարատև դադարից հետո թիմին կայուն ու մարտական վիճակի հասցնելու համար։

- Ինչպես ցանկացած մրցաշրջանից առաջ, այնպես էլ այս իրավիճակի բարեհաջող ավարտից հետո, որոշակի ժամանակ է անհրաժեշտ լինելու՝ նորից պատրաստվելու խաղերին՝ արդեն թիմային աշխատանք տանելով։ Կարծում եմ՝ խաղակցվածությունը վերականգնելու համար մոտ երկու շաբաթ կպահանջվի։

- Թիմային աշխատանք բացակայությունը ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել։

- Ինչպես արդեն նշեցի, եթե ֆուտբոլիստներն ինչպես հարկն է անհատական մարզումներ իրականացրած չլինեն, շատ բարդ կլինի կարճ ժամանակում նրանց նորից լավ մարզավիճակի բերելը։ Մենք շատ ժամանակ չենք ունենալու թիմին նորից պատրաստելու համար, մարզվելու ենք նույն ծրագրով, ինչով մինչ այս մարզվում էինք, ուստի նրանց կողմից շատ կարևոր է այս ամենը գիտակցելը։ Բայց ես լավատես եմ, հուսով եմ՝ այս վիճակը շուտ կավարտվի, և մենք կվերադառնանք մեր մարզումներին ու կշարունակենք կիսատ թողածը։