Not Selected

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՑ

15/05/2020

Այսօր ՀՖՖ գրասենյակում կայացել է գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում հաստատվել են Բարձրագույն ու Առաջին խմբերի, գավաթի խաղարկության վերսկսման ամսաթվերը։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին։

Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները անցկացվելու են առանց հանդիսականների։ Հետագայում հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվի վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողնելու կամ վերացնելու տարբերակը։

ՀՖՖ գործադիր մարմինն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություններ մտցնել խաղացանկի մեջ՝ ելնելով հանրապետությունում այդ պահին տիրող իրավիճակից, կառավարության որոշումներից և պարետատան ցուցումներից։

Vbet Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները նշանակվել են հունիս 23-ին և 24-ին։ Գավաթի եզրափակիչը նշանակվել է հուլիսի 10-ին։

Որոշում է կայացվել չեղարկել 2019-2020 թթ․ մրցաշրջանի մանկապատանեկան առաջնությունները։ Կանցկացվեն միայն 2002-2007 թթ տարիքային խմբերի գավաթի խաղարկությունները։

Օրակարգի վերջին հարցով հաստատվեցին ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի փոփոխությունները: 2020-2021 մրցաշրջանի համար հաստատվեց հուլիսի 15-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածը, իսկ 2021-2022 մրցաշրջանի համար՝ հունիսի 21-ից սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածը:

Հաստատվել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի խաղացանկը․

Ամսաթիվ

Խաղ

Վայր

Ժամ

23/05/2020

«Շիրակ» - «Լոռի»

Գյումրու «Քաղաքային» մարզադաշտ

16։30

23/05/2020

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»

Ֆուտբոլի ակադեմիա

18։15

24/05/2020

«Ալաշկերտ» - «Նոա»

«Նաիրի» մարզադաշտ

17։15

25/05/2020

«Արարատ» - «Ուրարտու»

Ֆուտբոլի ակադեմիա

18։30