Not Selected

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ՄԵՐ ՄՏՔՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏԵԼՆ Է»

01/06/2020

Կորոնավիրուսային հանգամանքներով պայմանավորված «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի փոխարեն «Գանձասար-Կապանի» հետ կայացած խաղից հետո լրագրողների հարցերին հեռահար կարգով պատասխանեց նրա օգնական Արսեն Պետրոսյանը․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Տղաները վերջին խաղերին իրենց ցանկությունով շատ են աչքի ընկնում ու շատ լավ է, որ այսօր արդյունքի հասանք: Չնայած վստահ եմ, որ եթե մի փոքր շուտ մեր գոլային պահերն օգտագործեինք, ապա ավելի լավ խաղ ցույց կտայինք: Երկար դադարից հետո վերջապես կարողացանք գրավել դարպասը, ունեինք վտանգավոր պահերի որոշակի առավելություն ու եթե օգտագործեինք դրանք, էլ ավելի արդյունավետ խաղ կլիներ»:

ՊՈՐՏՈՒԳԱԼՅԱՆԻ ՈՒ ՏԱՐԱԽՉՅԱՆԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Պորտուգալյանը և Տարախչյանը երիտասարդ ֆուտբոլիստներ են ու այսօր խաղաժամանակ ստացան։ Վերջնամասում նրանք որոշակի սխալներ թույլ տվեցին, բայց դեռ երիտասարդ են ու ցանկությունը նրանց մոտ մեծ է, դրա հաշվին կարողացան լրացնել այդ բացը: Աշխատելու տեղ դեռ շատ կա ու նրանք էլ մշտապես առաջ շարժվելու ձգտում ունեն»։

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հակոբ Հակոբյանը սկսեց խաղը կենտրոնական հատվածում, այնուհետև Էբերտ Կարդոսոն տեղափոխվեց առաջ ու Հակոբը զբաղեցրեց ձախ պաշտպանի դիրքը, մինչև վերջ աշխատեց, գնդակի կորուստը մի փոքր շատ էր կենտրոնական հատվածում, իսկ եզրային գոտում նա ավելի վստահ խաղաց, ուղղեց սխալներն ու լավ աշխատեց վերջնամասում»:

«ՆՈԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Ցանկացած թիմի ու ցանկացած խաղային օղակի համար, եթե լինի ուժեղացում, ապա ավելի ձեռնտու կլինի ու անկախ նրանից՝ քանի խաղ կա, մեր մտքում միայն աշխատելն է, բոլոր օղակները ուժեղացնելը, որպեսզի ավելի պատրաստ ձևով հանդես գանք կիսաեզրափակչի պատասխան խաղում»: