Not Selected

ՎԻՏԻՆՅՈ․ «ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ԿԿԱՐՈՂԱՆԱՄ ԱՅՍ ԹԻՄԻ ՀԵՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԵԼ»

20/07/2020

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել բրազիլացի եզրային կիսապաշտպան Վիկտոր Ուգո Կոելյո Վիեյրայի հետ։ «Ուրարտուի» ֆուտբոլիստի կարգավիճակում նա առաջին հարցազրույցն է տվել, որն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

 

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այստեղ ինձ շատ լավ եմ զգում։ Շատ ուրախ եմ, որ նման մեծ ակումբում խաղալու հնարավորություն եմ ստացել։ Հուսով եմ, որ այն ժամանակահատվածում, որը կանցկացնեմ այս ակումբում, կկարողանամ թիմի հետ պատմություն կերտել ու կյանքի կոչել առաջադրված բոլոր նպատակները»:

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանում նոր չեմ, խաղալու փորձ ունեմ։ Երբ այցելեցի «Ուրարտու» մարզահամալիր, ուրախացա, որովհետև թիմն իսկապես լավ պայմաններով ակադեմիա ունի, ենթակառուցվածքներն էլ լավն են, պրոֆեսիոնալիզմը բարձր մակարդակի վրա է։ Սա հրաշալի ակումբ է»։

ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

«Հուսով եմ, որ մյուս մրցաշրջանը մեծ հաղթանակների ժամանակաշրջան կլինի, մենք ունենք լավ ֆուտբոլիստներ, որոնք մեծ ներուժ ունեն։ Նախամրցաշրջանային հատվածում մենք հնարավորինս ջանասիրաբար պետք է պատրաստվենք, որպեսզի կարողանանք առաջադրված խնդիրները դարձնել իրականություն»:

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի առաջնությունը բավականին լավ մրցաշար է, այստեղ հանդես են գալիս մեծ թվով լավ ֆուտբոլիստներ, թիմերը նույնպես լավն են։ Հուսով եմ, որ մյուս մրցաշրջանում մենք թիմով կկարողանանք կյանքի կոչել առաջադրված խնդիրները ու Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակել և իհարկե հռչակվել երկրի չեմպիոն»։