Not Selected

«ԴԵՌ ԱՆՍՈՎՈՐ Է»․ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԶԻՉ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՄԱՆ ՄԱՍԻՆ

04/07/2020

«Ուրարտուն» արդեն սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։ Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբը նոր համալրում ունի, թիմի երկարամյա ավագ Արամ Բարեղամյանը մարզումներին ներկայանում է արդեն որպես մարզիչ։ Այդ կարգավիճակում անցկացրած առաջին պարապմունքից հետո, մենք զրուցել ենք Բարեղամյանի հետ․

 

- Արամ, ինչպե՞ս ես քեզ զգում մարզչի կարգավիճակում: 

- Մի քիչ անսովոր է, բայց կարող եմ ասել, որ ինձ համար դժվար չի լինի ինտեգրվել թիմին արդեն որպես մարզիչ, որովհետև երկար տարիներ խաղացել եմ այստեղ, այս տղաների հետ ու իմ կարծիքով աշխատելը հեշտ կլինի:

- Ինչպե՞ս ընդունեց թիմը քեզ՝ որպես մարզիչ:

- Ճիշտն ասած թիմի ֆուտբոլիստների համար էլ անակնկալ էր կարիերաս ավարտելու որոշումը, բայց կարծում եմ նրանք էլ, ես էլ կամաց-կամաց կհարմարվենք նոր կարգավիճակիս:

- Մարզչի համար շատ կարևոր է կրթությունը, արդեն պատրաստվո՞ւմ ես մարզչական դասընթացներին: 

- Կրթությունը բոլորի համար է կարևոր, լինես ֆուտբոլիստ, մարզիչ թե այլ մասնագետ: Որքանով տեղյակ եմ մարզիչների արտոնագրման դասընթացն արդեն ընթացքի մեջ է, միանալ չեմ կարող, պետք է սպասեմ։ Հաջորդ դասընթացին մեծ սիրով կմասնակցեմ:

- Արդեն կա՞ աշխատանքի բաշխում մարզիչների միջև: Ինչ-որ պարտականություններ արդեն ունե՞ս։

- Մեր մյուս մարզիչներն այժմ արձակուրդում են, մազումներն անցկացնում ենք ես և Ալեքսանդր Գրիգորյանը, դեռ չկա աշխատանքի բաշխում, երբ մարզչական շտաբը վերջնականապես հավաքվի, այդ ժամանակ հաստատ կլինի: