Not Selected

ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ․ «ԵՐԲԵՄՆ ՊԻՏԻ ՄԻ ԲԱՆ ԶՈՀԱԲԵՐԵՍ, ՆՈՐ ԲԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

08/07/2020

Արամ Բարեղամյանը զրուցել է armsport.am-ի հետ, ամփոփել ֆուտբոլիստի կարիերան ու խոսել մարզչական ծրագրերի մասին։

 

- Արամ, ինչպե՞ս ես քեզ զգում մարզչի կարգավիճակում։

- Արդեն քիչ-քիչ հարմարվում եմ այդ կարգավիճակին․․․

- Հե՞շտ է նախկին թիմակիցների հետ աշխատելը։

- Իհարկե, հեշտ է։ Բոլորն էլ պրոֆեսիոնալ են և խնդիրներ չեն առաջացնում։

- Ե՞րբ հասկացար, որ ուզում ես մարզիչ դառնալ։

- Միշտ մտածել եմ, որ կարիերաս ավարտելուց հետո էլ պետք է մնամ ֆուտբոլում։ Մարզչական կարիերա սկսելս հենց այդ նպատակին է միտված։

- Ինչպե՞ս որոշեցիր հիմա ավարտել ֆուտբոլիստի կարիերադ․ վաղ չէ՞ր։

- Վստահ եմ, որ կարող էի առնվազն երկու տարի էլ խաղալ, բայց երբեմն պիտի մի բան զոհաբերես նոր բան ունենալու համար։ Տվյալ դեպքում ես զոհաբերեցի ֆուտբոլիստի կարիերաս, որպեսզի սկսեմ մարզչականս։

- Ի՞նչն է ամենակարևորը մարզչի գործում։

- Մարզչի գործում, կարծում եմ, ոչ կարևոր բաներ չկան։ Կարևոր են ինչպես մասնագիտական խորը գիտելիքները, այնպես էլ ամենափոքր դետալները։ Սպորտում մանրուքներ չկան։

- Դու հիմա ի՞նչ կարող ես տալ հայկական ֆուտբոլին։ Խաղալուդ տարիներին մտածե՞լ ես՝ եթե մարզիչ լինեի այս ինչ բանը ես այսպես կանեի։

- Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ կարող եմ տալ հայկական ֆուտբոլին, բայց վստահ եմ, որ դրա ժամանակն էլ կգա։ Կոնկրետ հիմա պետք է սովորեմ, կրթվեմ որպես մարզիչ, որպեսզի իմ ունեցած փորձն ու գիտելիքները փոխանցեմ մեր երիտասարդ ֆուտբոլիստներին։ Ինչպես խաղալուս տարիներին, այնպես էլ հիմա շատ գաղափարներ կան ու դեռ ծնվում են, թե ես ինչը ինչպես կանեի։

- Մի քանիսը կնշե՞ս։

- Ճիշտն ասած, ես նախընտրում եմ համբերել, սովորել և հետագայում իրագործել գաղափարներս, քան թե խոսել դրանց մասին։

- Արդեն որոշե՞լ ես՝ որն է ամենամեծ նպատակակետդ մարզչական կարիերայում։

- Ամեն ինչ հերթով։ Հիմա հերթը սովորելունն է։

- Որպես երկար տարիներ Հայաստանում ֆուտբոլով զբաղված մարդ, մարզչական ի՞նչ խնդիրներ, բացեր ես նկատել, որոնք պետք է շտկվեն։

- Պետք է հնարավորինս բացառել պատահական մարդկանց ներգրավվածությունը հայկական ֆուտբոլում։

- Մեկ բառով ինչպե՞ս կբնորոշես ֆուտբոլիստի կարիերադ։

- Հետաքրքիր։

- Գո՞հ ես, թե՞ հիմա հետ նայելով՝ հասկանում ես, որ ինչ-որ բաներ կիսատ մնացին։

- Այս կյանքում ոչինչ կատարյալ չէ։ Կային հանգամանքներ, որ կուզեի այլ կերպ դասավորվեին, բայց ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Շարժվում ենք առաջ։

Ստելլա Բաբլոյան