Not Selected

ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ «ԱՐԱՐԱՏ-2»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

21/01/2021

Հունվարի 21-ին տարվա առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց նաև «Ուրարտու-2»-ը, սեփական հարկի տակ թիմն ընդունեց «Արարատ-2»-ին ու վստահ հաղթանակ տոնեց 5-1 հաշվով։


Գլխավոր թիմի հետ նույն օրը ստուգողական հանդիպում անցկացրեց նաև «Ուրարտու-2»-ը։ Մրցակիցը «Արարատ-2»-ն էր։ Ինչպես հայտնի է, երկրորդ թիմի առանցքային ֆուտբոլիստներից շատերն այժմ գլխավոր թիմում են, ուստի այս խաղին «Ուրարտու-2»-ը ներկայացել էր նոր կազմով։ Խաղի հենց մեկնարկից էլ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը ու կարողացան գոլեր խփել։ Նախ աչքի ընկավ Էրիկ Պետրոսյանը, իսկ 11 րոպե անց էլ` Նարեկ Դավթյանը։ Թիմերը գնացին ընդմիջման 2-0 հաշվի ներքո։

Երկրորդ կեսում ամբողջությամբ փոխվեց «Ուրարտու-2»-ի կազմ, բայց դրությունը խաղադաշտում մնաց անփոփոխ։ Թիմը շարունակում էր իր կամքը թելադրել խաղադաշտում, 53-րդ րոպեին օգտվելով մրցակցի սխալից գոլի հեղինակ դարձավ Արայիկ Էլոյանը։ «Արարատ-2»-ի ֆուտբոլիստները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, աչքի ընկավ Էդմոն Մուրադյանը, բայց ընդամենը 2 րոպե անց նորից Արայիկ Էլոյանը գոլ խփեց ու վերականգնեց երեք գոլի տարբերությունը։ Հանդիպման վերջակետն էլ դրեց Հարություն Ստեփանյանը, որը ձևակերպեց այս հանդիպման վերջնական հաշիվը։ «Ուրարտու-2» - «Արարատ-2» 5-1։

 

«Ուրարտու-2» - «Արարատ-2» 5-1

1-0 Էրիկ Պետրոսյան (24‘), 2-0 Նարեկ Դավթյան (35‘), 3-0 Արայիկ Էլոյան (53‘), 3-1 Էդմոն Մուրադյան (76‘), 4-1 Արայիկ Էլոյան (78‘), 5-1 Հարություն Ստեփանյան (86’)