Not Selected

ՈՉ-ՈՔԻ «ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ

23/01/2021

Ստուգողական երկրորդ խաղում «Ուրարտուն» ոչ-ոքի գրանցեց «Արարատի» հետ (1-1)։ «Ուրարտուից» աչքի ընկավ Եվգենի Կոբզարը, իսկ «Արարատից»՝ Յուրի Մաղաքյանը:

«Փյունիկի» հետ խաղից 2 օր անց «Ուրարտուն» սեփական հարկի տակ տարվա երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց։ Այս անգամ մրցակիցը Երևանի «Արարատն» էր։ Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին, չնայած կողմերից յուրաքանչյուրն էլ կարողացավ ստեղծել վտանգավոր պահեր։ Գոլային ամենաիրական հնարավորությունն առաջին կեսում ունեցան հենց «Ուրարտուի» ֆուտբոլիստները, սակայն եզրից կատարված փոխանցումից հետո Ջոնել Դեսիրեն վրիպեց անչափ նպաստավոր դիրքից։

Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին, փոխարենը երկրորդ կեսի հենց մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ 47-րդ րոպեին Պիտեր Մուտումոսին խորքից հարվածային դիրքի դուրս բերեց Եվգենի Կոբզարին, որն էլ ապակողմնորոշելով մրցակցի դարպասապահին գրավեց դարպասը՝ 1-0։ 10 րոպե անց «Արարատի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը։ Ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Յուրի Մաղաքյանը՝ 1-1։ Հանդիպման վերջնամասն էլ անցավ փոխնեփոխ գրոհներով, բայց նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ «Ուրարտու» - «Արարատ» 1-1։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի հունվարի 28-ին։ ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի մրցակիցը կլինի «Ալաշկերտը», այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 14։00-ին։

«Ուրարտու» - «Արարատ» 1-1

1-0 Եվգենի Կոբզար (47’), 1-1 Յուրի Մաղաքյան (57’)