Not Selected

ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ «ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

28/01/2021

«Ուրարտուն» այսօր հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ հյուրընկալվելով «Ալաշկերտին»։ Մերոնք 6 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Դուբլ ձևակերպեց Ջոնել Դեսիրեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջեյմս Սանթոսը, Իսահ Ալիյուն, Եվգենի Կոբզարը և Գոռ Լուլուկյանը։

Նախապատրաստական շրջանի ընթացքում «Ուրարտուն» այսօր երրորդ ստուգողական խաղն անցկացրեց՝ այս անգամ ուժերը չափելով «Ալաշկերտի» հետ։ Հանդիպումը գոլառատ ստացվեց։

Հենց մեկնարկից «Ուրարտուի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանն ու սկսեցին գոլեր խփել։ 13-րդ րոպեին Ջոնել Դեսիրեն դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին։ 14 րոպե անց հայիթցի հարձակվողը կարողացավ ևս մեկ անգամ աչքի ընկնել ու իր օգտին դուբլ գրանցելով՝ որոշեց առաջին խաղակեսի ելքը՝ 0-2։

Երկրորդ կեսում էլ Գրիգորյանի տղաները բավականին վստահ տեսք ունեին։ Տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Ջեյմս Սանթոսը։ 70-րդ րոպեին տուգանային հարվածից ոչ պակաս շքեղ գոլ հեղինակեց Իսահ Ալիյուն՝ հաշիվը դարձնելով 0-4։ 5 րոպե անց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը գրավեց Եվգենի Կոբզարը։ Իսկ հանդիպման վերջակետը 89-րդ րոպեին դրեց Գոռ Լուլուկյանը։ «Ալաշկերտ» - «Ուրարտու» 0-6 ։

Հավելենք, որ հաջորդ ստուգողական հանդիպումը Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը կանցկացնի հունվարի 30-ին՝ սեփական մարզաբազայում ընդունելով «Վանին»։ Այն կմեկնարկի 13։00-ին։

 

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-6

0-1 Ջոնել Դեսիրե (13’), 0-2 Ջոնել Դեսիրե (27’), 0-3 Ջեյմս Սանթոս (53’), 0-4 Իսահ Ալիյու (70’), 0-5 Եվգենի Կոբզար (75’), 0-6 Գոռ Լուլուկյան (89’)