Not Selected

«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ՍՊԱՍՎՈՂ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20/02/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում իր ելույթներն է վերսկսում Երևանի «Ուրարտուն»։ «Առյուծները» 6-րդ տուրից հետաձգված խաղի շրջանակում կհյուրընկալվեն «Արարատին»։ Հանդիպումը կկայանա Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14։00-ին։ Ստորև փորձել ենք առանձնացել ամենահետաքրիքրը սպասվող դիմակայության մասին․

 

ԹՎԵՐ

Թիմերը միմյանց հետ մրցել են 70 անգամ։ «Ուրարտուն» հաղթել է 41 անգամ, գրանցվել է 17 ոչ-ոքի, իսկ «Արարատը» հաղթել է 12 անգամ։ 70 խաղում միասին խփվել է 174 գոլ, որից 117-ը հեղինակել են «Ուրարտուի» ֆուտբոլիստները։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության շրջանակում այս թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերում «Ուրարտուն» հաղթել է 3 անգամ, գրանցվել է 1 ոչ-ոքի, իսկ 1 անգամ էլ հաղթել է «Արարատը»։

Վերջին անգամ այս թիմերը միմյանց հետ մրցել են նախապատրաստական շրջանում։ Հանդիպումն ավարտվեց 1-1։ «Առյուծների» կազմում աչքի ընկավ Եվգենի Կոբզարը, իսկ «Արարատից»՝ Յուրի Մաղաքյանը։ Հավելենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում թիմերը միմյանց հետ դեռ հանդիպում չեն անցկացրել։

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Արարատի» հետ խաղում խաղաժամանակ ստանալու դեպքում «Ուրարտուի» մի շարք ֆուտբոլիստներ հոբելյանական ցուցանիշներ կգրանցեն։ Նարեկ Պետրոսյանը կխաղա իր 80-րդ հանդիպումը, Աննան Մենսահն իր 50-րդ, իսկ Եվգենի Կոբզարը՝ 40-րդ հանդիպումը։

ՍԱՆԹՈՍՆ ՈՒ ՎԻՏԻՆՅՈՆ՝ ՆԱԽԿԻՆ ԹԻՄԻ ԴԵՄ

«Ուրարտուի» ներկայիս կազմից Ջեյմս Սանթոսն ու Վիտինյոն նախկինում հանդես են եկել «Արարատի» կազմում: Հենց այդ ակումբից էլ ֆուտբոլիստները տեղափոխվել են «Ուրարտու»։ Սանթոսը «Արարատի» կազմում 14 հանդիպում է անցկացրել, իսկ Վիտինյոն՝ 13։ «Արարատի» ներկայիս կազմից «Ուրարտուում» հանդես են եկել 4 ֆուտբոլիստներ՝ Ժիրայր Մարգարյանը, Արտակ Եդիգարյանը, Էդգար Մալաքյանն ու Զավեն Բադոյանը։

ՈՐՏԵ՞Ղ ՆԱՅԵԼ

«Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը նույնպես կանցկացվի առանց երկրպագուների, փոխարենը հանդիպման ընթացքին կարող եք հետևել ՀՖՖ յութուբյան ալիքով։ Հիշեցնենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված «Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14։00-ին։