Not Selected

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

24/02/2021

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա «Փյունիկի» մարզադպրոցում փետրվարի 25-ին և կմեկնարկի ժամը 14։00-ին։ Ստորև ներկայացնում ենք ամենահետաքրքիրը սպասվող դիմակայության մասին․

 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Այս դիմակայության առաջին խաղը կայացավ նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին։ «Փյունիկի» ֆուտբոլիստներն առաջինը բացեցին հաշիվը, սակայն «Ուրարտուի» ֆուտբոլիստները ոչ միայն հավասարացրին հաշիվը, այլև վերջին րոպեին հաղթանակի նժարը թեքեցին իրենց կողմը։ Աչքի ընկան Դմիտրի Գուզն ու Ալեքսանդր Ռադչենկոն։ Պատասխան խաղն էլ պետք է կայանար նախորդ տարի, սակայն «Փյունիկի» որոշ ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսային թեստի պատասխանները դրական պատասխան էին տվել, ուստի խաղը հետաձգելու որոշում էր կայացել։ Քառորդ եզրափակչում այս դիմակայության հաղթողը ուժերը կչափի գործող գավաթակրի՝ «Նոայի» հետ։

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ՝ ԿՐԿԻՆ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 1/8-ՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Ուշագրավ է, որ գավաթի վերջին 3 խաղարկություններից 2-ում «Փյունիկը» պայքարը լքել է հենց «Ուրարտուից» կրած պարտություններից հետո։ 2017/18 մրցաշրջանում «Ուրարտուն» երկու խաղի արդյունքում առավելության հասավ 4-2 հաշվով։ 2019/20 մրցաշրջանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում այս թիմերը նորից հանդիպեցին միմյանց։ Այդ ժամանակ դիմակայության ելքը վճռվում էր մեկ խաղով։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0-0, իսկ հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Ուրարտուի» ֆուտբոլիստները, որոնք առավելության հասան 5-3 հաշվով։

ԴԱՐԲԻՆՅԱՆԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԴԵՄ, ՍԱԼՈՄՈՆԸ՝ «ՓՅՈՒՆԻԿԻ»

Ձմեռային դադարի ընթացքում «Փյունիկի» կազմում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, թիմի գլխավոր մարզիչ դարձավ «Ուրարտուի» նախկին ավագ Եղիշե Մելիքյանը։ Կազմը համալրեցին նոր ֆուտբոլիստներ, այդ թվում «Ուրարտուի» եզրային պաշտպան Ռոբերտ Դարբինյանը, իսկ «Փյունիկից»՝ «Ուրարտու» տեղափոխվեց Ռուանդային ազգային հավաքականի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն: Այնպես որ առաջիկա խաղում այդ ֆուտբոլիստները կխաղան իրենց նախկին թիմերի դեմ։

ՈՐՏԵՂ ԴԻՏԵԼ

Այս հանդիպումը նույնպես կանցկացվի առանց հանդիսականների։ Փոխարենը կհեռարձակվի ՀՖՖ յութուբյան ալիքով։ Հավելենք, որ VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Փյունիկ» - «Ուրարտու» պատասխան հանդիպումը կկայանա «Փյունիկի» մարզադպրոցում և կմեկնարկի ժամը 14։00-ին։