Not Selected

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

01/03/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 14։00-ին։ Ստորև ներկայացնում ենք փաստեր սպասվող դիմակայության մասին․

 

ԹՎԵՐ

Թիմերը միմյանց հետ 6 հանդիպում են անցկացրել։ «Ուրարտուն» հաղթել է 1 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 2, իսկ 3 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։ 6 խաղում խփվել է 12 գոլ, որից 5-ը խփել են «Ուրարտուի», իսկ 7-ը «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները։ Ուշագրավ է, որ այս դիմակայությունում հայ ազգի միայն երկու ֆուտբոլիստի է հաջողվել գոլ խփել՝ Էրիկ Պետրոսյանին ու Վահագն Այվազյանին։ Այս թիմերի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպմանն էլ հենց գրանցվել է առայժմ ամենախոշոր հաշիվը։ «Ուրարտուն» հաղթել է 3-1 հաշվով։

ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԻ ԽԱՂԸ

Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ «Ուրարտուն» առաջին հանդիպումը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է հենց «Արարատ-Արմենիայի» հետ։ 2019 թվականի նոյեմբերի 19-ին կայացած խաղում գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ Պաշտոնական մրցաշարերում սա Գրիգորյանի գլխավորությամբ «Ուրարտուի» միակ հանդիպումն է «Արարատ-Արմենիայի» հետ։ Կայացել է ևս 2 հանդիպում, բայց դրանք ընկերական էին ու երկուսն էլ ավարտվել են ոչ-ոքի՝ 1-1։

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Թիմերն այս մրցաշրջանում պաշտոնական հանդիպում չեն անցկացրել։ Փոխարենը ստուգողական հանդիպում են անցկացրել նախորդ տարվա հոկտեմբերի 11-ին։ ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքի 1-1 հաշիվը։ «Ուրարտուի» կազմում աչքի ընկավ Օլեգ Պոլյակովը, իսկ «Արարատ-Արմենիայից»՝ Յուսուֆ Օտուբանջոն։

ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից արդեն թույլատրվելու է երկրպագուների ներկայությունը մարզադաշտ։ Այնպես, որ հայկական ֆուտբոլին կարոտ երկրպագուներն արդեն առանց խոչընդոտի ու դժվարությունների կարող են այցելել մարզադաշտեր։ Հանդիպումը հեռարձակվելու է նաև ՀՖՖ յութուբյան ալիքով։ Հիշեցնենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում մարտի 2-ին և կմեկնարկի ժամը 14։00-ին։