Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՂԹԵՑ ԳՈՐԾՈՂ ՉԵՄՊԻՈՆԻՆ

02/03/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»: Միակ գնդակը հեղինակեց Իգոր Պադերինը:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրը բացառիկ էր նրանով, որ տևական դադարից հետո երկրպագուներին թույլատրվել էր հետևել խաղերի ընթացքին հենց մարզադաշտից։ Չնայած եղանակային ոչ այդքան բարենպաստ պայմաններին ու աշխատանքային ժամին՝ մեծ թվով հանդիսականներ ներկա էին հանդիպմանը։

Այս խաղին «Ուրարտուն» ներկայացել էր կադրային խնդիրներով։ Վնասվածքի պատճառով բացակայում էին Ուգոչուկվու Իվուն, Վադիմ Պարամոնովը, Պիտեր Մուտումոսին, Աննան Մենսահը։ Բայց այդ խնդիրներն ամենևին չազդեցին թիմի ցուցադրած խաղի վրա։ Գրիգորյանն այս անգամ մեկնարկային կազմում էր ընդգրկել ակումբի ակադեմիայի սան Էրիկ Սիմոնյանին, իսկ նորեկ Արթուր Միրանյանն էլ ընդգրկված էր հայտացուցակում։

Խաղն անչափ լարված ու դիտարժան ստացվեց։ Ողջ առաջին կեսն անցավ «Ուրարտուի» բացահայտ առավելությամբ։ Ալեքսանդր Գրիգորյանի տղաները գոլ խփելու մի շարք պահեր ստեղծեցին։ Հատկապես ակտիվ էր Իգոր Պադերինը, որը բավականին շատ խնդիրներ ստեղծեց մրցակցի պաշտպանների համար։ Առաջին կեսում գոլեր չեղան, փոխարենը` երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան բացել հանդիպման հաշիվը, արագ հակագրոհի արդյունքում Եվգենի Կոբզարը հարվածային դիրքի դուրս բերեց Իգոր Պադերինին, որն էլ նախ ապակողմնորոշեց մրցակցի պաշտպաններին, այնուհետև գրավեց դարպասը՝ 1-0։

Խփած գոլից հետո «Ուրարտուի» տղաներն ավելի ոգևորված սկսեցին գործել։ Երկրորդ կեսի միջնամասում պատկերն այնպիսին էր, որ ավելի շուտ «Ուրարտուն» կխփեր 2-րդ գոլը, քան թե «Արարատ-Արմենիան» կհավասարեցներ հաշիվը։

Խաղի վերջնամասում դաշտի տերերը մեծացրին ճնշումը, բայց «Ուրարտուի» տղաներն արժանիորեն դիմադրեցին ու անչափ կարևոր միավորներ վաստակեցին։ «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»` 0-1։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-1

0-1 Իգոր Պադերին (49')

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ». 33․ Դմիտրի Աբակումով, 55․ Դավիթ Տերտերյան (3. Անժելո Մենեզես 46'), 79․ Սերգեյ Վակուլենկո, 6․ Դավիդ Հումանես, 27․ Ֆուրջել Նարսինգ (7․ Ռաշիդի Հերադի 66'), 17․ Զաքարիա Սանոգո, 5․ Սարգիս Շահինյան (10․ Արմեն Համբարձումյան 78'), 8․ Յոան Գուֆրան (ա), 2․ Գիլյերմե Անտոնիո Դե Սոուզա (24․ Յուսուֆ Օտուբանջո 78'), 9․ Ջեյսոն Մարտինես (77․ Արթուր Սերոբյան 65'), 87․ Ալեքսանդր Կարապետյան։

Պահեստայիններ՝  91․ Նիկոլա Պետրիչ, 13 Վարդան Շահատունի, 4․ Ալբերտ Խաչումյան, 19․ Ջունիոր Բուենո Խուլիո, 3․ Անժելո Մենեզես, 10․ Արմեն Համբարձումյան, 7․ Ռաշիդի Հերադի, 11․ Արմեն Նահապետյան, 24․ Յուսուֆ Օտուբանջո, 77․ Արթուր Սերոբյան, 99․ Արմեն Հովհաննիսյան, 14․ Միսակ Հակոբյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24. Արսեն Բեգլարյան, 14․ Պյոտր Տեն, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 77․ Էրիկ Սիմոնյան, 5․ Հակոբ Հակոբյան (ա) (36․ Խարիտոն Այվազյան 69'), 33․ Վիտինյո, 90․ Օլեգ Պոլյակով, 8․ Իգոր Պադերին (22․ Արթուր Միրանյան 66'), 88․ Ջեյմս Սանթոս (25․ Էդգար Գրիգորյան 69'), 9․ Եվգենի Կոբզար (10․ Կարեն Մելքոնյան 61'), 12․ Ջոնել Դեսիրե։

Պահեստայիններ՝  96․ Անատոլի Այվազով, 25․ Էդգար Գրիգորյան, 34․ Էրիկ Փիլոյան, 36․ Խարիտոն Այվազյան, 3․ Կարեն Գալստյան, 23․ Նարեկ Պետրոսյան, 10․ Կարեն Մելքոնյան, 38․ Իսահ Ալիյու, 17․ Տիգրան Այունց, 55. Սամվել Հակոբյան, 22․ Արթուր Միրանյան։