Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՂՎԵՑԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ

21/03/2021

Միջազգային դադարը գերհագեցած է «Ուրարտուի» համար։ Առյուծների կազմից մի շարք ֆուտբոլիտներ հրավիրվել են իրենց ազգային հավաքականներ, հրավերներ ունենք նաև երիտասարդական ու պատանեկան հավաքականներից։ Ստորև ներկայացնում ենք մանրամասներ հավաքականներ գործուղված ֆուտբոլիստների մասին․

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ

«Ուրարտուից» Հայաստանի ազգային հավաքական հրավիրված 5 ֆուտբոլիստները մարտի 21-ից ազգային ընտրանու ճամբարում են։ Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը, Հակոբ Հակոբյանը և Արթուր Միրանյանը հավաքականի կազմում մարտի 22-ի առավոտյան Երևան-Ցյուրիխ չվերթով կմեկնեն Շվեյցարիա։ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը շվեյցարական Սեն Գալեն քաղաքում կսկսի Աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երեք հանդիպումների նախապատրաստությունը։ Հավելենք, որ առաջին տուրում մեր ընտրանին մարտի 25-ին մրցակից հարկի տակ կմրցի Լիխտենշտեյնի հետ, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին, իսկ մյուս երկու հանդիպումները կանցկացնի սեփական հարկի տակ մարտի 28-ին մեր ընտրանու մրցակիցը կլինի Իսլանդիան, իսկ մարտի 31-ին՝ Ռումինիան։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն 20։00-ին և կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԲԵԼԱՌՈՒՍՑԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Միջազգային դադարի ընթացքում հանդիպում կանցկացնի նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը։ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ սա կլինի երիտասարդական հավաքականի առաջին հանդիպումը։ Բելառուսի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ հանդիպումը կկայանա մարտի 26-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 15։00-ին։ Այդ խաղին նախապատրաստվելու հրավեր են ստացել Գևորգ Տարախչյանն ու Էրիկ Փիլոյանը։ Նազարյանը երիտասարդական հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված 7 ֆուտբոլիստների՝ Արման Ղազարյանին, Պետրոս Մանուկյանին, Միքայել Միրզոյանին, Ռադիկ Սարգսյանին, Նարեկ Աղասարյանին, Սերգեյ Մկրտչյանին ու Նարեկ Գրիգորյանին։ Երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքը մեկնարկում է մարտի 22-ին։

ՌՈՒԱՆԴԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՐՏԻ 8-ԻՑ

Սալոմոն Նիրիսարիկեի հավաքականը Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլում մարտի 24-ին կմրցի Մոզամբիկի, իսկ մարտի 30-ին Կամերունի հավաքականների հետ։ Այս խաղերին Ռուանդայի հավաքականը սկսել է նախապատրաստվել մարտի սկզբից, իսկ «Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն ազգային հավաքականին է միացել մարտի 16-ին։ Հավաքականի անձնակազմը մարզումային գործընթացին միանալուց առաջ կորոնավիրուսային թեստեր է հանձնել։ Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի F խմբում ընդգրկված Ռուանդան 4 խաղից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Սակայն հաջորդ փուլի ուղեգիր տվող 2-րդ տեղից հետ է մնում 2 միավորով, իսկ առաջիկայում այս պահին հենց այդ հորիզոնականը զբաղեցնող Մոզամբիկի հետ խաղն է։

ԴԵՍԻՐԵԻ ՀԱՅԻԹԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Աշխարհի առաջնության որակավորման փուլում իր ելույթներն է պատրաստվում սկսել Հայիթիի ազգային հավաքականը։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Պյեռ Ժան-Ժակը մարտի 19-ին հրապարակեց հավաքականի ընդլայնված ցուցակը, որտեղ ընդգրկված էր նաև «Ուրարտուի» և VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն։ Հայիթիի հավաքականը մարտի 26-ին կմրցի Բելիզի հավաքականի հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 01։00-ին: