Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

18/08/2021

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի, թիմ է վերադարձել ակումբի սան Արմեն Մանուչարյանը։

26-ամյա ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց «Ուրարտուում», Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նշելով իր նորամուտը 2014 թվականի նոյեմբերի 30-ին Գյումրիի «Շիրակի» հետ խաղում։ Ընդհանուր հաշվով «Ուրարտուի» կազմում բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 23 հանդիպում։

Մանուչարյանը հանդես է եկել նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում, որտեղից էլ առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ռուսական «Ռոտոր» և ղազախական «Ակտոբե» ակումբներում։

«Շատ ուրախ եմ հարազատ ակումբ վերադառնալու կապակցությամբ։ Ես այստեղից եմ սկսել իմ ճանապարհը դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ «Ուրարտուն» ինձ շատ բան է տվել և ես ուրախ եմ, որ նորից այս ակումբում եմ», - մեզ հետ զրույցում նշել է Մանուչարյանը։

Հավելենք, որ Մանուչարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2 հանդիպման։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Արմեն Մանուչարյանին հարազատ ակումբ վերադառնալու կապակցությամբ և հաջող ելույթներ մաղթում նոր մրցաշրջանում։