Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ՍԵԼԵԿՑԻԱՆ

17/09/2021

«Ուրարտու» ակադեմիայում սեպտեմբերի 16-ից մեկնարկեց պատանի ֆուտբոլիստների սելեկցիոն գործընթացը։ Ակադեմիայի մարզչական շտաբն առաջինը սկսեց ուսումնասիրել 2013 թվականին ծնված ֆուտբոլիստներին։ Նպատակը ակադեմիայի 2013 թվականին ծնվածների 3-րդ և 4-րդ թիմերը համալրելն էր։ Այդ թիմերն առաջիկայում մասնացելու են նաև Հայաստանի մանկապատանեկան առաջնությանը։ 

Սելեկցիոն առաջին մարզմանը մասնակցեցին 2013 թվականին ծնված 50 երեխաներ։ Նույն տարիքային խմբի սելեկցիոն հաջորդ մարզումը կկայանա սեպտեմբերի 20-ին։

Ակադեմիայի գլխավոր մարզիչ Պաբլո Գարսիա Կայարգան մեզ հետ զրույցում նշեց հետևյալը․ «Ակադեմիան նոր ֆուտբոլիստներով համալրելու նպատակով առաջին սելեկցիոն-մարզումն անցկացրինք։ Ուսումնասիրեցինք նոր ֆուտբոլիստների, վերանայեցինք նաև այն ֆուտբոլիստներին, որոնք մարզվում են ակումբի մարզադպրոցում։ Հիմա մենք ավելի շատ մարզադաշտեր ունենք, իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք ավելի շատ թիմեր ունենալ, հետևաբար՝ ավելի շատ ֆուտբոլիստներ։ Առաջիկայում էլ սելեկցիոն աշխատանքը շարունակվելու է, փորձում ենք շատ հնարավորություն տալ պատանի ֆուտբոլիստներին։ Որքան շատ ֆուտբոլիստներ ուսումնասիրենք, այնքան հավանականությունը մեծ է, որ կունենանք այն հիմքը, որի վրա կկառուցենք մեր ապագան»։

Ակադեմիայի տնօրենի պաշտոնակատար Արթուր Նազարեթյանն էլ իր խոսքում նշեց հետևյալը․ «Սելեկցիոն գործընթացը սկսեցինք 2013 թվականի երեխաներին ուսումնասիրելով, առաջիկայում կլինեն նաև մյուս տարիքային խմբերի երեխաների մարզումները։ Նմանատիպ աշխատանքի նպատակը մարզադպրոցում մարզվող երեխաներին վերանայելն է, եթե կան առաջադիմած ֆուտբոլիստներ, ապա նրանք պետք է համալրեն ակադեմիայի թիմերը և մասնակցեն պատանեկան առաջնություններին։ Մրցակցություն ապահովել շատ կարևոր է հետագա առաջընթացի համար»։