Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ»․ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

28/09/2021

Vbet Հայասստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Նոային»։ Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի 19։30-ին։ Ստորև ներկայացնում ենք փաստեր սպասվող դիմակայության մասին․

 

ՎԵՐՋԻՆ ԽԱՂԸ ԴԱԴԱՐԻՑ ԱՌԱՋ

Կայացած 7 տուրերից հետո թիմերը հարևաններ են մրցաշարային աղյուսակում։ «Ուրարտուն» 9 միավորով 5-րդն է, 2 միավոր պակաս ունի «Նոան»։ Նախորդ տուրում «Ուրարտուն» մրցակցի հարկի տակ 0-3 հաշվով զիջեց «Արարատ-Արմենիային», իսկ «Նոան» տոնեց ընթացիկ առաջնությունում երկրորդ հաղթանակը, Չարենցավանում 2-1 հաշվով առավելության հասնելով «Վանի» նկատմամբ։ Թե՛ «Ուրարտուն», թե՛ «Նոան» ընթացիկ առաջնությունում խփել են 9 գոլ, բայց եթե «Ուրարտուն» ճիշտ նույն քանակի գոլ է բաց թողել, ապա «Նոան» սեփական դարպասն ընդունել է 17 գնդակ։

ՎԵՐՋԻՆԸ՝ ՀԱՂԹԱԿԱՆ

Մոտ 2․5 տարի «Նոան» պաշտոնական խաղերում անպարտելի էր «Ուրարտուի» համար, սակայն այս թիմերի միջև կայացած վերջին խաղում «Ուրարտուն» Ուգոչուկվու Իվուի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասավ։ Ընդհանուր հաշվով թիմերը միմյանց հետ մրցել են 13 անգամ։ «Նոան» հաղթել է 6 անգամ, գրանցվել է 4 ոչ-ոքի, իսկ «Ուրարտուն» հաղթել է 3 անգամ։

ՆԱՆԱՆ, ՏԵՆՆ ՈՒ ՎԻՏԻՆՅՈՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ, ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ Է ՄԻԱՅՆ ՄԻՐԱՆՅԱՆԸ

Հաշվետու խաղին «Ուրարտուն» ներկայանում է մարտական կազմով։ Վնասվածքի պատճառով տևական ժամանակ բացակայող Նանա Անտվին, Պյոտր Տենն ու Վիտինյոն կազմուպատրաստ են, բացակայում է միայն Արթուր Միրանյանը։ 25-ամյա ֆուտբոլիստն այս խաղից հետո արդեն կսկսի վազքային վարժություններ անցկացնել ու ինտենսիվորեն ներգրավվել վերականգնողական գործընթացին։

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԵԿ ՐՈՊԵ ԼՌՈՒԹՅԱՄԲ

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի բոլոր հանդիպումները մեկնարկելու են 1 րոպե լռությամբ։ Ֆուտբոլիստներն այդ կերպ հարգանքի տուրք են մատուցում Արցախյան երկրորդ պատերազմում հերոսացած մեր մարտիկներին։ «Ուրարտուի» համար խաղի օրն առանձնահատուկ է, քանի որ հենց սեպտեմբերի 29-ին է ռազմաճակատ մեկնել «Ուրարտուի» երկարամյա աշխատակից, Արիության մեդալակիր Սիմոն Իսրայելյանը։

ՏՈՄՍԵՐԻ ՈՒ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ուրարտու» - «Նոա» հանդիպման տոմսերը վաճառքի կհանվեն «Ուրարտու» մարզադաշտի տոմսարկղում սեպտեմբերի 29-ին ժամը 13։00-ից սկսած։ Իսկ հանդիպումը կհեռարձակվի ՀՖՖ յութուբյան ալիքով և Vmedia-ով։ Խաղը կմեկնաբանի Կարեն Ռաֆայելյանը։