Not Selected

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ՆՈԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

29/09/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց «Նոային»։ Միակ գոլը խփեց Վադիմ Պայրելին։

 

ՊԱՏԻՎԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԽԱՂ

Միջազգային դադարից առաջ «Ուրարտու» մարզադաշտում կայացավ 8-րդ տուրի վերջին հանդիպումը, որտեղ «Ուրարտուն» ընդունեց «Նոային»։ Ինչպես հայտնի է, թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են ու խաղի հաջող ելքի դեպքում կարող էին բարելավել դիրքերը մրցաշարային աղյուսակում։ «Ուրարտուն» նախորդ երկու խաղերում պարտություններ էր կրել, հասկանալի է, որ դա «Առյուծներին» սազական չէ, ուստի այս խաղում տղաներն ապացուցելու բան ունեին։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Նախորդ խաղերի համեմատ այս անգամ փոխվել էր թիմի դասավորությունը։ «Ուրարտուն» գործում էր 5-3-2 տակտիկական դասավորությամբ։ «Արարատ-Արմենիայի» հետ խաղի համեմատ կազմում տեղի էր ունեցել 3 փոփոխություն՝ Աննան Մենսահի, Կարեն Մելքոնյանի և Ջոնել Դեսիրեի փոխարեն հանդիպումն առաջին րոպեներից մեկնարկեցին վնասվածքի պատճառով բացակայող Պյոտր Տենը, Արմեն Մանուչարյանը և Նարեկ Գրիգորյանը։

ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՕՐ ՈՒ ԼՌՈՒԹՅԱՆ ՐՈՊԵ

Ինչպես հայտնի է, 8-րդ տուրի բոլոր հանդիպումները մեկնարկում էին մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան Երկրորդ պատերազմում նահատակված մեր հերոսների։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար այս օրը խորհրդանշական էր, քանի որ նախորդ տարի հենց սեպտեմբերի 29-ին է ռազմաճակատ մեկնել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանը։ Հենց նրա լուսանկարով շապիկներով թիմը դուրս եկավ խաղադաշտ։

ՊԱՍԻՎ ԱՌԱՋԻՆ ԿԵՍ

Առաջին խաղակեսն անցավ հանգիստ պայքարում, «Ուրարտուն» տարածքային առավելություն ուներ, սակայն «Նոան» հաջողությամբ պաշտպանվում էր։ Եղան դրվագներ, երբ «Ուրարտուի» ֆուտբոլիստներ կարող էին գոլ խփել, բայց հանուն արդարության պետք է փաստենք, որ գրանցված գոլազուրկ ոչ-ոքին համապատասխանում էր առաջին կեսին։

ՉԻՐԱՑՎԱԾ ՊԱՀԵՐ

Երկրորդ կեսում «Ուրարտուի» գրոհներն ավելի սուր էին, դրանք ավելի վտանգավոր էին դառնում, սակայն միշտ ինչ-որ բան խանգարում էր գրոհներն արդյունավետ եզրափակելուն։ Հենց երկրորդ կեսի մեկնարկում «Նոայի» դարպասին 11-մետրանոց նշանակվեց։ «Ուրարտուի» ֆուտբոլիստ Գրիգորի Մաթևոսյանը խախտեց կանոնները Լիվիո Միլտսի նկատմամբ։ Մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին մոտեցավ տուժողը՝ Լիվիո Միլտսը, սակայն վրիպեց։ «Ուրարտուի» նախկին դարպասապահը փրկեց իր թիմին վերահաս գոլից։

ԼԱՐՎԱԾ ՎԵՐՋԱԲԱՆ ՈՒ ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼ

Հանդիպման վերջնամասն էլ անցավ փոխնեփոխ գրոհներով։ Այո, «Ուրարտուն» կամք թելադրողի դերում էր, բայց «Նոայի» գրոհները, մասնավորապես՝ հակագրոհները, պակաս վտանգավոր չէին։ Դրվագներից մեկում «Ուրարտուին» վերահաս գոլից փրկեց դարպասաձողը։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին «Նոայի» ֆուտբոլիստները կարողացան բացել հանդիպման հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Վադիմ Պայրելին։ Սա այս խաղում եղավ միակ գոլը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐ

Այս խաղից հետո Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում միջազգային ելույթներով պայմանավորված դադար կհայտարարվի։ «Ուրարտուից» արդեն երկու ֆուտբոլիստներ հրավիրել են իրենց հավաքականներ։ Անատոլի Այվազովը՝ Հայաստանի, իսկ Սալոմոն Նիրիսարիկեն՝ Ռուանդայի հավաքականներ։ Ըստ նախնական օրացույցի՝ առաջնությունը կվերսկսվի հոկտեմբերի 15-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 0-1

0-1 Վադիմ Պայրելի (90’)

«ՈՒՐԱՐՏՈՒ». 96. Անատոլի Այվազով, 4. Արմեն Մանուչարյան (2․ Նանա Անտվի 54'), 14. Պյոտր Տեն, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 67․ Վադիմ Պարամոնով, 5. Հակոբ Հակոբյան (ա), 8. Ուգոչուկվու Իվու, 9. Նարեկ Աղասարյան (19. Սերգեյ Մկրտչյան 67’), 21. Նարեկ Գրիգորյան, 23․ Լիվիո Միլտս (12. Ջոնել Դեսիրե 67’), 90. Օլեգ Պոլյակով (10․ Կարեն Մելքոնյան 54’)։

Պահեստայիններ՝ 24. Արսեն Բեգլարյան, 77 Էրիկ Սիմոնյան, 2 Նանա Անտվի, 95. Վարդան Արզոյան, 15 Աննան Մենսահ, 25 Էդգար Գրիգորյան, 6. Պիտեր Մուտումոսի, 28. Ռոբերտ Բաղրամյան, 19. Սերգեյ Մկրտչյան, 12. Ջոնել Դեսիրե, 10 Կարեն Մելքոնյան, 33 Վիտինյո։

«ՆՈԱ» 99. Գրիգորի Մաթևոսյան, 17. Ժոաո Մոնրոյ Արարատ, 97. Ալբերտ Գաբարաև, 5. Իգոր Սմիրնով, 92. Սանա Գոմես, 8. Սարգիս Շահինյան (21. Վադիմ Պայրելի 61’), 7. Էդուարդս Էմսիս, 71. Արտյոմ Ֆիլիպպով, 13. Պավել Կիրենկո (27. Ջեֆֆերսոն դե Օլիվեիրա 85’), 15. Մաքսիմ Մայրովիչ (20. Ալեշանդե Օլիվեիրա 61’), 87. Ալեքսանդր Կարապետյան (ա):

Պահեստայիններ՝  98. Պավել Օվչիննիկով, 69. Դենիս Դեդեչկո, 27. Ջեֆֆերսոն դե Օլիվեիրա, 12. Ալեքսանդր Գոլովնյա, 3. Էրիկ Ավետիսյան, 20. Ալեշանդե Օլիվեիրա, 10. Բենիկ Հովհաննիսյան, 19. Աշոտ Ադամյան, 96. Պետրոս Ավետիսյան, 18 Տիգրան Սարգսյան, 11. Յարոսլավ Մատվիենկո, 21. Վադիմ Պայրելի: