Not Selected

3-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

08/08/2020

Հայաստանի Բարձրագույն խմբի 29-րդ առաջնության մեկնարկից առաջ «Ուրարտուն» անցկացրեց ստուգողական վերջին հանդիպումը։ Մրցակիցը Երևանի «Ալաշկերտն» էր, որը նախորդ առաջնությունում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը։

Խաղը մեկնարկեց բավականին հանգիստ պայքարում։ Հիմնական պայքարը ծավալվում էր դաշտի կենտրոնական հատվածում, երկու թիմերի պաշտպանները բավականին զգոն էին գործում, ուստի թե՛ «Ուրարտուի», թե՛ «Ալաշկերտի» ֆուտբոլիստները որպես այդպիսին վտանգավոր պահեր միմյանց դարպասների մոտ չստեղծեցին։ Առաջին կեսում գոլեր այդպես էլ չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը բավականին գոլառատ ստացվեց։ 3 րոպեում դուբլ ձևակերպեց Օլեգ Պոլյակովը, հեղինակելով իր առաջին գոլերը երևանյան թիմի կազմում։ Նախ 50-րդ րոպեին Պոլյակովի նկատմամբ խախտեցին կանոնները տուգանային հրապարակում։ Նշանակվեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց հենց Պոլյակովը՝ 1-0։ Խփած գոլից ընդամենը 2 րոպե անց «Ուրարտուի» ֆուտբոլիստները կրկնապատկեցին առավելությունը։ Բազմաքայլ կոմբինացիայի արդյունքում ձախ եզրից Նարեկ Պետրոսյանը գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակ, ստեղծվեց խառնաշփոթ իրավիճակ, իսկ Պոլյակովն այդ իրավիճակում առաջինը կողմնորոշվեց ու գրավեց դարպասը՝ 2-0։

8 րոպե անց  «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը։ Նշանակվեց 11 մետրանոց հարված։ Նշակետին մոտեցավ Տիագո Գալվաոն։ Անատոլի Այվազովը թեպետև կռահել էր հարվածի ուղղությունը, սակայն գնդակը հետմղել չկարողացավ՝ 2-1: 72-րդ րոպեին Ալեքսանդր Գրիգորյանը խաղաժամանակ տրամադրեց Ջոնել Դեսիրեին։ Հայիթիի ազգային հավաքականի հարձակվողից ընդամենը 3 րոպե պահանջվեց «Ուրարտուի» կազմում առաջին գոլը խփելու համար։ Կոմբինացիոն գրոհի եզրափակիչ փուլում Դեսիրեն ընդունեց գնդակը տուգանային հրապարակում և գրավեց դարպասը՝ 3-1: Խաղի վերջնամասն էլ անցավ դիտարժան պայքարում, բայց նոր գոլեր չգրանցվեցին։

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-3

0-1, 0-2 Օլեգ Պոլյակով (50’ 11մ, 53՛), 1-2 Տիագո Գալվաո (60’ 11մ) 1-3 Ջոնել Դեսիրե (76’)

«ՈՒՐԱՐՏՈՒ»։ 1. Անատոլի Այվազով, 4․ Էդգար Գրիգորյան (88․ Ջեյմս Սանթոս 26'), 5․ Հակոբ Հակոբյան (23․ Նարեկ Պետրոսյան 46' (26. Ջոնել Դեսիրե 73'), 27․ Դմիտրի Գուզ (Ա), 30. Աննան Մենսահ, 99․ Ռոբերտ Դարբինյան (11․ Գևորգ Տարախչյան, 63'), 8․ Մաքսիմ Մաշնյով (39․ Դավիթ Պապիկյան 64'), 78․ Վիտինյո (77․ Էրիկ Սիմոնյան 80') 9․ Եվգենի Կոբզար (29․Պիտեր Մուտումոսի 26'), 6․ Օլեգ Պոլյակով (33. Փորձարկվող ֆուտբոլիստ 64'), 93․ Ալեքսանդր Ռադչենկո (10․ Կարեն Մելքոնյան 46')։

Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 23․ Նարեկ Պետրոսյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 29․ Պիտեր Մուտումոսի, 39․ Դավիթ Պապիկյան, 11․ Գևորգ Տարախչյան, 10․ Կարեն Մելքոնյան, 88․ Ջեյմս Սանթոս, 33. Փորձարկվող ֆուտբոլիստ, 14. Փորձարկվող ֆուտբոլիստ, 17․ Տիգրան Այունց, 26. Ջոնել Դեսիրե։