Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ «ԱԼԱՇԿԵՐՏԻՑ» ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

26/11/2020

«Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (1-2) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն իր կարծիքը հայտնեց խաղի մասին․

«Առաջին խաղակեսում մենք դիտավորյալ տարածություն տվեցինք մրցակցին, «Ալաշկերտը» գրոհում է մեծ թվով ֆուտբոլիստներով, մենք պետք է օգտագործեինք այդ տարածությունները, նրանց թիկունքում մնում էր ընդամենը երկու պաշտպան, սակայն մեր այդ պլանը չաշխատեց ու առաջին խաղակեսը կարող եմ անհաջող համարել, առավել ևս, որ խաղալով երեք կենտրոնական պաշտպանով՝ մենք գոլ բաց թողեցինք հենց եզրից։ Երկրորդ խաղակեսում թիմը վերադասավորվեց, սկսեցինք գործել երկու կենտրոնական պաշտպանով, և այն խաղացողները որոնք փոխարինման դուրս եկան, ագրեսիա ու միտք հաղորդեցին մեր գործողություններին, ինչը բացակայում էր առաջին խաղակեսում, մենք առավելություն ունեցանք մրցակցի նկատմամբ։ Մեծ հաշվով, եթե չլիներ մրցավարի սխալ որոշման հետևանքով արձանագրված գոլը, ապա խաղը ոչ-ոքի կավարտվեր։ Լավ է, որ այս կեղծ գոլից հետո չկորցրինք խանդավառությունը, շարունակեցինք գրոհել, գոլ խփեցինք խաղավերջում, բայց դա բավական չեղավ։ Երկու խաղակեսերը համեմատելով կասեմ, որ «Ալաշկերտը» ավելի լավ տեսք ուներ, բայց «լավ» բառը հարաբերական է ասված, քանի որ պետք է հաշվի առնել թիմերի ստեղծած վտանգավոր պահերը, ինչում հավասարություն կար։ Ավելի շատ բարկացած եմ մեր դարպասն ուղարկված երկրորդ գոլի դրվագից, ամեն տուրում ես տեսնում եմ, որ նման կոպտագույն սխալներ են թույլ տրվում, այստեղ այն սիստեմատիկ բնույթ է կրում։ Այն կապված է որակավորման պակասի հետ, թե կանխամտածված է, հայտնի է միայն Աստծուն»։