Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԲՈԼՈՐԻՑ ՇԱՏ, ԱՅԼԵՎ ԲՈԼՈՐԻՑ ԼԱՎ»

10/07/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ծավալուն հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նախորդ մրցաշրջանում թիմի ունեցած ելույթներին, խոսել առաջիկա ծրագրերից ու պատմել այն փոփոխությունների մասին, որոնք սպասում են թիմին առաջիկայում․

 

ՆԱԽՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԴՐԱԿԱՆ ՊԱՀԵՐԻ ՄԱՍԻՆ

«Շատ ֆուտբոլիստներ առաջընթաց գրանցեցին, հասկանալի է, որ սա ինչ-որ չափով արհեստական քայլ էր, բայց մի քանիսի համար հնարավորություն ստեղծվեց ու առաջնության վերջնամասում խաղացին գլխավոր թիմի կազմում: Նրանցից ոչ ոք չընկրկեց. ինչ-որ մեկը խաղաց 3 խաղ, ինչ-որ մեկն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ։ Այս առիթով ես կարծում եմ՝ մենք չարեցինք սա ձևական ու պարզապես անելու համար, այլ տղաներն իսկապես ապացուցեցին, որ կարող են խաղալ Բարձրագույն խմբի առաջնությունում։ Կարո՞ղ են նրանք արդյունքի հասնել՝ դեռ դժվար թե, բայց տեղի ֆուտբոլիստների նման մեծ քանակը չի կարող չուրախացնել։ Նաև ԲԿՄԱ-ի հիմնական կորիզը մեր ակումբի սաներն են, թիմերի միջև կայացած խաղին ես ուշադիր հետևել եմ. կենտրոնական պաշտպանը, ձախ պաշտպանը, երկու կենտրոնական կիսապաշտպանները, իմ ազգանունն ունեցող հարձակվողն ինձ դուր եկան։ Ես նույնիսկ խնդրեցի հնարավորության դեպքում  կենտրոնական պաշտպանին վերադարձնել մեր թիմ, որովհետև կարծում եմ՝ նա արդեն պատրաստ է անցկացնելու իր առաջին խաղը գլխավոր թիմի կազմում»։

ԻՆՉՈ՞Ւ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՅՍՔԱՆ ՇՈՒՏ ՍԿՍԵՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

«Մեկ պարզ պատճառով ենք սկսել այսպես ջանասիրաբար աշխատել, որովհետև մենք պետք է գիտակցենք, որ կարող է չհասցնենք մինչ առաջին տուրը լիարժեք կազմ ունենալ, իսկ այդ ժամանակ մեկնարկային կազմում պետք է տեղ գտնեն տեղի երիտասարդ ֆուտբոլիստները ու պատրաստ լինեն  արդեն ոչ միայն արժանի երևալ խաղադաշտում, այլև կարողանան միավոր վաստակել։ Դրա համար մենք արդեն սկսել ենք նախապատրաստվել։ Սկսել ենք այն ժամանակ, երբ դեռ ոչ բոլորն են ավարտել խաղալը։ Բացի այդ, աշխատունակության տեսանկյունից ես ուզում եմ ապացուցել, որ մենք կարող ենք աշխատել ավելի շատ ու ավելի լավ, քան որևէ մեկը։ Այստեղ բանալի բառը ոչ թե «ավելի շատն» է այլ «ավելի լավը»-ը, սա է կարևոր մեզ համար: Այսպիսի պայմաններ ունենք, ինչպե՞ս կարող ենք չօգտվել դրանցից»։

ԱՌԱՋԻԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մենք հրաժարվել ենք 11 ֆուտբոլիստի ծառայությունից։ Նրանց փոխարեն ծրագրում ենք թիմ վերցնել ոչ թե 11, այլ 8 ֆուտբոլիստի։ Ամեն դեպքում մենք ունենք ակադեմիա և մեծ թվով արտասահմանցիներ պետք չեն։ Մենք կարիք ունենք որակապես լավ լեգեոներների, բայց անպայման չէ, որ նրանց թիվը մեծ լինի։ Այս առումով մեզ մոտ կան սահմանափակումներ, հիմա պանդեմիա է, այդպես արագ ընտրություն չես կատարի, մոտ մեկ ամսից նոր մրցաշրջանը կմեկնարկի, բայց մենք արդեն կարող ենք ու պետք է հրավիրենք ֆուտբոլիստների, որոնք ավելի ուժեղ կլինեն նախորդներից։ Տվյալ պահին արտասահմանցիներից թիմում մնացել են Եվգենի Կոբզարը, որը արդարացրեց մեր հույսերը, Պիտեր Մուտումոսին, որն այս ժամանակահատվածում բացվեց ու դարձավ առաջնության ամենաուժեղ հենակետայիններից մեկը, ինչպես նաև Եվգենի Օսիպովը, որը հաստատեց իր առաջատարի որակները։ Արտասահմանցիներից նրանք են մնացել մեզ մոտ, այսինքն, մենք պետք է նորից թիմ ստեղծենք»։

ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ՝ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ես կարծում եմ, որ սա դրական քայլ է, որովհետև ֆուտբոլիստ եղած ժամանակ նա շատ է օգնել ինձ, օգնել են նրա արագ ու օպերատիվ թարգմանությունները դաշտում։ Որովհետև նրան հասկանում են բոլոր ֆուտբոլիստները: Նրանց ընդհանուր լեզուն անգլերենն է ու այն հավասարապես վատ է բոլորի մոտ, իսկ Արամը կարողանում է գլուխ հանել ու արագ թարգմանություն կատարել։ Բացի այդ՝ նա ֆուտբոլը լավ է հասկանում: Երևի արդեն ժամանակն էր, որ մարդ, ով նվիրված է «Ուրարտու» ակումբին ու թիմին արդեն մարզչի կարիերա սկսեր»։

ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Առաջին լիգայի որոշ թիմեր այժմ խնդիրների առաջ են կանգնած ու նոկդաունի մեջ են։ Ես կարծում եմ, որ սա ֆեդերացիայի մեծ ձեռքբերումն էր, որովհետև Առաջին լիգայում տեղի ունեցած խայտառակությանը նրանք վերջ դրեցին՝ ավարտելով առաջնությունը։ Պետք չէր վախենալ նման կերպ վարվել, ընդհակառակը, ֆեդերացիան բնավորություն դրսևորեց այստեղ: Ինձ թվում է այս գործը պետք է ավարտին հասցնել, թերի միջոցներն այստեղ չեն օգնում: Բոլոր այն մարդիկ, որոնք հետաքրքություն են դրսևորել հայկական ֆուտբոլի նկատմամբ՝ ստեղծելով թիմ միայն շահույթ ստանալու համար ու ֆուտբոլը վերածել են կեղտոտ բիզնեսի, կարծում եմ՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Պետք չէ կանգ առնել կես ճամփին: Այս որոշումը հայկական ֆուտբոլում այս մրցաշրջանի մեծ հաղթանակն ու նվաճումն էր»:

ՆՈՐ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԱՍԻՆ

«4 շրջանով առաջնություն անցկացնելը իդեալական է, բայց շատ է այն առումով, որ պանդեմիա է, մենք պետք է հասկանանք, որ այն չի ավարտվի ոչ վաղը, ոչ էլ վաղը չէ մյուս օրը, մենք պետք է գիտակցենք, որ ամեն դեպքում թիմերը խնդիրներ կունենան: Բելառուսում մի ողջ թիմ հիվանդացավ, ի՞նչ ենք անելու նման խնդրի դեպքում: Ուստի իդեալական տարբերակ է 3 շրջափուլով անցկացնելը, որովհետև այսպես ժամանակ կլինի միկրոշրջան կառուցելու համար: Այդպես կարողանում ես և՛ մարզվել, և՛ խաղալ: Սա ամենաօպտիմալ տարբերակն է Հայաստանի առաջնության համար»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Վերցրեք «Ալաշկերտին», տեսնու՞մ եք՝ ինչպիսի հմուտ խաղացողներ ունի այս թիմը, խոսքը միայն բրազիլացիների մասին չէ, «Արարատ-Արմենիան»՝ նույնպես: Առհասարակ հայկական ակումբներում սկսել են հայտնվել լավ մակարդակի խաղացողներ: Անհատական վարպետության շնորհիվ նրանք լավացնում են ֆուտբոլի որակը: Իսկ «Նոան», ընտրելով այնպիսի ֆուտբոլիստների, որոնք հանդես են եկել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում, չսխալվեց, որովհետև Ռուսաստանում նրանք սովոր են սարսափելի թռիչքներին, սովոր են աշխատել բարձր տեմպով, սովոր են աշխատել թիմի համար, սովոր են հասկանալ՝ որ թիմի հետաքրքրությունները, ավելի բարձր են իրենց անձնական հետաքրքրություններից: Եվ ահա «Նոայի» երիտասարդ մարզիչը այսօր արդեն անկախ նրանից՝ ինչպես հանդես կգան (հարցազրույցն արվել է գավաթի եզրափակչից առաջ), արդեն ֆուրոր են առաջացրել հայկական ֆուտբոլում ու ցույց են տվել, որ դուք ձեր վարպետությամբ, թանկարժեք խաղացողներով, որոնք այստեղ են եկել միայն փող աշխատելու համար, կարող եք ցույց տալ գեղեցիկ ֆուտբոլ, բայց մենք ձեզ հաղթելու ենք: Ես ուզում եմ վարվել հենց այդպես»: