Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԼԱՎ է, ՈՐ ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՆՄԱՆ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԻՊԵՑԻՆՔ»

23/07/2020

Նախապատրաստական շրջանի առաջին խաղից հետո զրուցել ենք «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղն ինձ մոտ շատ հարցեր առաջացրեց։ Մենք այս խաղում դրսևորեցինք մեր ուժեղ կողմերը, անկեղծ ասած մրցակցի ուժեղ հարձակվողները բացահայտեցին մեր խոցելի տեղերը, ուստի լավ է որ նման մրցակից մեզ բաժին հասավ հենց առաջին խաղում, նման արագ հարձակվողների քիչ թիմերում կհանդիպես, անհատապես ուժեղ են։ Թիմը նոր է դուրս եկել առաջին լիգայից այդ խաղացողները, որոնք այսօր սրում էին խաղը, պահեր ստեղծում ու գոլեր խփում, նրանք մեզ համար խնդիրներ առաջացրին ու ցույց տվեցին պաշտպանությունում մեր թույլ կողմերը։ Ինչ վերաբերում է հարձակման գծին, ապա առաջին կեսում մենք ստեղծեցինք 4 պահ՝ արագ ու որակյալ փոխհամագործակցությունների արդյունքում, որոնք մենք կիրառում ենք մարզումային գործընթացում։ Դա նման էր նրան, ինչը մենք պլանավորել էինք մարզումների ընթացքում։ Նման պահերը սակայն քիչ էին։ Երկրորդ կեսում մեր կազմը փոխվեց։ Միայն կարող եմ ասել, որ այն երիտասարդ խաղացողները, որոնց դուրս բերեցինք, իրենց իսկապես դրսևորեցին այս խաղում»։

ՆՈՐԵԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես շատ գոհ եմ, որ մենք ձեռք ենք բերել Դմիտրի Գուզին։ Նրան երկար տարիներ եմ ճանաչում դեռ Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայից։ Շատերը կարծում են, որ նա բավական ուղղամիտ ֆուտբոլիստ է, ես կարծում եմ, որ նման մարտական որակների տեր ֆուտբոլիստը, ոչ միայն կհաղթի օդային պայքարների 90 տոկոսում, նաև վստահություն կհաղորդի թիմին։ Ես վստահ եմ, որ Հայաստանի առաջնության առաջին տեղի համար խաղում նրա՝ ավագի թևկապով խաղադաշտ դուրս գալուց հետո «Արարատ-Արմենիան» սկսեց մեկ գլուխ ավելի բարձր երևալ հայկական բոլոր թիմերից, իսկ առանց նրա կտեսնենք թիմն ինչպես կդրսևորի իրեն, բայց մենք ձեռք ենք բերել շատ լուրջ պաշտպանի։ Բրազիլացի ձախ պաշտպանը՝ Սանթոսը, մարզման ժամանակ վնասվածք ստացավ, նրա փոխարեն հնարավորություն ստացավ խաղալու Էդգար Գրիգորյանը, որը վարձակալական հիմունքներով այս ընթացքում «Նոա»-ում էր հանդես գալիս, նա գոլ խփեց ու ընդհանուր առմամբ վատ խաղ չանցկացրեց։ Ինչ վերաբերում է Սանթոսին և Վիտինյոյին, ապա մենք ձեռք ենք բերել շատ հեռանկարային ֆուտբոլիստների, որոնց դեռ պետք է սովորեցնենք մեր խաղը, այսինքն նրանք դեռ պատրաստ չեն, բայց տպավորությունս նրանց մասին շատ դրական է»։