Not Selected

ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎ․ «ԹԻՄԻՆ ԲԱՌԵՐ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԵՆ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

18/06/2020

Կարանտինային դադարից հետո Անատոլի Այվազովն անցացրեց առաջին պաշտոնական հանդիպումը «Ուրարտուի» կազմում։ «Գանձասար-Կապանի» հետ խաղից հետո (1-1), զրուցել ենք 24-ամյա դարպասապահի հետ․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ, որ երկու թիմերի կողմից այս խաղի ընթացքում գոլային շատ պահեր այդքան էլ չեղան։ Հիմնականում պայքար էր ծավալվում։ Այն մտքին եմ, որ գրանցված արդյունքն օրինաչափ էր, որևէ թիմ այս խաղում հաղթանակի արժանի չէր։ Ոչ-ոքին այս հանդիպման օրինաչափ արդյունքն էր»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ես չեմ ասի, որ իմ լավագույն մարզավիճակում եմ գտնվում, որովհետև գրեթե 4 ամիս խաղային պրակտիկա չկար։ Մարզումների ընթացքում աշխատելը այլ բան է, իսկ ֆուտբոլիստները լավ մարզավիճակի հասնում են խաղերի օգնությամբ։ Հուսով եմ, որ խաղ առ խաղ կբարելավեմ ու կհասնեմ իմ լավագույն մարզավիճակին»։

ԳԱՎԱԹԱՅԻՆ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Ես կարծում եմ, որ թիմը գավաթային կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը պատրաստ է։ Կարող ենք ասել, որ առաջնությունում որպես այդպիսին շարժառիթ չունենք, բայց դա չի նշանակում, որ թիմը խաղադաշտ է դուրս գալիս առանց մոտիվացիայի։ Գավաթում ունենք լավ հնարավորություն հաղթել մրցակցին, դուրս գալ եզրափակիչ, այնտեղ էլ հաղթելու դեպքում եվրոգավաթային ուղեգիր վաստակել։ Թիմին բառեր հարկավոր չեն առաջիկա խաղի պատասխանատվությունը հասկանալու համար։ Ես շատ եմ կարևորում, որ վնասվածք ունեցողները վերականգնվեն, որպեսզի մարտական կազմով ներկայանանք այդ հանդիպմանը։ Կարծում եմ, որ մենք ի զորու ենք հաղթահարել «Նոայի» արգելքը»։