Not Selected

ԱՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՄ ՍԻՐՏԸ ՄԻՇՏ ՑԱՎԱԼՈՒ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԱՄԱՐ»  

14/01/2020

Default ImageԻնչպես հայտնի է, Արամ Հայրապետյանը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող Թեհրանի «Փեյքան»։ Մենք զրուցել ենք 33-ամյա դարպասապահի հետ

«ՈՒՐԱՐՏՈՒԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անկեղծ ասած՝ ինձ համար շատ դժվար էր «Ուրարտուից» հեռանալը, որովհետև կարելի է ասել՝ ես այդ ակումբում առաջադիմել եմ։ «Ուրարտուում» խաղալու շնորհիվ ես հրավիրվել եմ Հայաստանի հավաքական, ուստի երախտապարտ եմ այս ակումբին: Գիտակցում էի, որ «Ուրարտուից» հեռանալն այսպես դժվար կլինի, ուղղակի Իրանի առաջնությունը մեր առաջնությունից ուժեղ է, իսկ ես ցանկանում եմ ուժերս ավելի բարձրակարգ առաջնությունում փորձել։ Հուսով եմ, որ թիմակիցներս, ակումբի աշխատակիցներն ու երկրպագուներն ինձ ճիշտ կհասկանան»։

ԻՐԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Իրանը բավականին հետաքրքիր երկիր է, այստեղ ամեն ինչ այլ է՝ լեզուն, մշակույթը։ Ժամանակ է պետք հարմարվելու համար։ Տեղացիների հետ անգլերեն եմ շփվում։ Լավ է, որ աշխատելու եմ փորձառու մարզիչների հետ։ «Փեյքանի» դարպասապահների մարզիչն աշխատում է նաև Իրանի ազգային հավաքականում»։

«ՓԵՅՔԱՆԻ» ՄԱՍԻՆ

«Դեռ ամբողջությամբ ծանոթ չեմ «Փեյքան» ակումբի պայմաններին, բայց արդեն գիտեմ, որ մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը բավականին լավ ենթակառուցվածքներ ունի։ Ի դեպ՝ այն միայն ֆուտբոլային ակումբ չէ։ Կա նաև վոլեյբոլի թիմ, որը բավականին լավ արդյունքներ է ցույց տալիս։ Թիմի գլխավոր մարզիչը Հուսեին Ֆարակին է, որը համարվում է Իրանի ամենագրագետ մարզիչներից մեկը։ Ես հանդիպել եմ նաև ակումբի նախագահի հետ։ Ճիշտ է, թիմն այժմ մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է, զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը, բայց ակումբն իր առջև մեծ խնդիրներ ունի։ Մրցաշրջանի երկրորդ հատվածում պետք է հնարավորինս բարձր հորիզոնական զբաղեցնենք։ Հուսով եմ, որ Իրանում կունենամ այնպիսի հաջող ելույթներ, ինչպիսիք ունեցել եմ «Ուրարտուում» խաղալու տարիներին» ։

ՈՐՊԵՍ ՀՐԱԺԵՇՏ

«Դժվարանում եմ բառեր գտնել, որպեսզի ամբողջությամբ ներկայացնեմ այն զգացմունքները, որը ես ունեմ և զգում եմ այս ակումբի նկատմամբ: «ՈՒրարտուն» ինձ համար ընտանիք է եղել, ես ի սրտե ուրախացել ու ի սրտե տխրել եմ այս թիմի համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ ակումբի ղեկավարությունից մինչև ֆուտբոլիստներ ու ադմինիստրացիա: Հայտնում եմ իմ գոհունակությունը միասին անցկացրած տարիների համար: Շնորհակալ եմ երկրպագուներին, իրենց աջակցության համար: Շնորհակալ եմ, որ իմ ու թիմի կողքին եք եղել, երբ գործերը վատ էին ընթանում, իսկ մարդիկ քննադատում ու վատաբանում էին մեզ: Ցանկացած ակումբի համար մեծ պատիվ է ունենալ նման երկրպագուներ: Վստահ եմ, որ տղաներն առաջիկայում իրենց խաղով կուրախացնեն Ձեզ, որովհետև դուք արժանի եք դրան: Իմ կյանքում սկսվում է նոր փուլ, բայց դա չի նշանակում որ անցյալը մոռացվում կամ ջնջվում է: Ես Ձեզնից մեկն եմ և իմ սիրտը միշտ ցավալու է  «ՈՒրարտուի» համար» :