Not Selected

ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ 5 ԱՄԵՆԱՀԻՇԱՐԺԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ»

22/06/2020

«Գանձասար-Կապանի» հետ խաղում Արամ Բարեղամյանն անցկացրեց «Ուրարտուի» կազմում իր 180-րդ հանդիպումը։ Մեր խնդրանքով 32-ամյա կիսապաշտպանը նշել է, թե որոնք են «Ուրարտուի» կազմում անցկացրած ամենատպավորիչ 5 հանդիպումները։

 

1. 27/05/2005 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹ. «ՓՅՈՒՆԻԿ» - «ԲԱՆԱՆՑ» 1-0

«Այս խաղն ինձ համար կարևոր էր, որովհետև առաջին անգամ դուրս եկա խաղադաշտ ակումբի գլխավոր թիմի կազմում։ Այդ ժամանակ գլխավոր մարզիչը Հովհաննես Զանազանյանն էր։ Խաղից առաջ ասաց․ «Կմտնես ու թիմային ֆուտբոլ կխաղաս, անհատական խաղով շատ չտարվես»։ Ճիշտ է, պարտվեցինք 0-1 հաշվով, բայց վատ խաղ չանցկացրինք։ Շնորհակալ եմ, որ մարզիչներն ինձ նման խաղում խաղաժամանակ տրամադրեցին»։

2. 09/05/2007 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ. «ԲԱՆԱՆՑ» - «ԱՐԱՐԱՏ» 3-1

«Սա իմ կարիերային ամենահիշարժան խաղերից է: Ես այդ եզրափակչում գոլի հեղինակ դարձա: Խաղի ընթացքը շատ դիտարժան էր, սկզբում պարտվում էինք 1-0 հաշվով, բայց հետո կարողացանք հավասարեցնել հաշիվը ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, ես խփեցի մեր թիմի երկրորդ գնդակը, հետո էլ Սեմյոն Մուրադյանը հաշիվը դարձրեց 3-1։ Մենք դարձանք Հայաստանի գավաթակիր։ Անչափ դրական էմոցիաներ են մնացել այդ եզրափակչից»։

3. 19/07/2007 ՈՒԵՖԱ-Ի ԳԱՎԱԹԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼ. «ԲԱՆԱՆՑ» - «ՅԱՆԳ ԲՈՅԶ» 1-1

«Եվրոգավաթային այդ հանդիպումն անչափ հետաքրքիր ստացվեց։ Խաղում էինք շատ ուժեղ մրցակցի հետ, որն այդ ընթացքում բավականին լավ արդյունքներ էր գրանցում Եվրոպայում։ Կարողացանք նման հզոր թիմի հետ ոչ-ոքի խաղալ։ Հատկանշական է, որ այդ խաղում խաղալու հնարավորություն տվեցին ակումբի սաներին, այսինք մենք՝ երիտասարդներս դիմակայեցինք շվեյցարական թիմին։ Մարզիչները մեզ վստահեցին, մենք էլ հուսախաբ չարեցինք ու ապացուցեցինք, որ կարող ենք դրսևորել մեզ նաև այդ մակարդակում»։

4. 06/08/2016 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ՏՈՒՐ 1. «ԲԱՆԱՆՑ» - «ԱՐԱՐԱՏ» 1-0

«Տևական դադարից հետո վերադարձա «Բանանց», ներկայիս «Ուրարտու»։ Առաջնության մեկնարկից ընդամենը 3 օր առաջ էի միացել թիմին։ Առաջին տուրում մրցում էինք «Արարատի» հետ։ Ընդգրկվեցի մեկնարկային կազմում ու կատարում էի աջ պաշտպանի պարտականությունները։ Հաղթեցինք նվազագույն հաշվով, ես էլ անչափ ուրախացա, որովհետև վերադարձել էի հարազատ միջավայր»։

5. 21/09/2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ՏՈՒՐ 8. «ԵՐԵՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-1

«Այդ խաղն էլ բացառիկ էր նրանով, որ դարձա ակումբի պատմության մեջ ամենից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։ Հաղթեցինք 1-0 հաշվով, իսկ գոլն էլ խփեց Եվգենի Կոբզարը։ Իրոք, տպավորություններն աննկարագրելի էին, որովհետև գիտակցում էի, որ պատմություն եմ կերտել»։

 Հ․Գ.

«Եթե անկեղծ ապա «Ուրարտուի» կազմում անցկացրած ցանկացած խաղ ինձ համար հիշարժան է, գիտեմ, որ իմ ամեն խաղով թարմացնում եմ ցուցանիշս, կփորձեմ ապագայում ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն ամենից շատ հանդիպումներն անցկացնեմ, այլև կարողանամ առաջնորդել թիմին դեպի նոր հաջողություններ։ Հուսով եմ՝ կստացվի»։