Not Selected

ՔՈՒՅՐ ԵՎ ԵՂԲԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԸ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

29/07/2020

Էմմի և Էդգար Սարգսյանները իրենց նախասիրությունը մանկուց են բացահայտել։ Բնավորությամբ շատ տարբեր են, բայց երկուսին էլ վաղ տարիքից մեկ բան է գրավում՝ ֆուտբոլը։ Ամենամեծ անհամաձայնություններն էլ ֆուտբոլի շուրջ են, հատկապես Էլ Կլասիկո դիտելիս։ Արդեն երկու տարի է՝ Սարգսյանները «Ուրարտու» ակադեմիայում են։ Էդգարը  «Ուրարտու-3-2009» թիմում է, Էմմին՝ «Ուրարտու-աղջիկներ» թիմի ավագն է։ Մենք զրուցել ենք Էմմիի ու Էդգարի հետ

 

ՍԻՐԵԼԻ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մինչ «Ուրարտու» տեղափոխվելը էմմին ինքնուրույն էր զբաղվում ֆուտբոլով և չէր էլ մտածում, որ երբևէ հնարավոր է՝ աղջիկների համար թիմ ստեղծվի հայկական որևէ ակումբում։ Ամենայն հավանականությամբ ոչինչ չէր փոխվի, եթե 2018-ին «Բանանց» (ներկայիս «Ուրարտու») ֆուտբոլային ակումբը աղջիկների ընդունելության հայտարարություն չտարածեր․

«Այդ ժամանակ 8-րդ դասարանում էի սովորում, հիշում եմ, ֆիզկուլտուրայիս ուսուցիչը «Ուրարտուի»՝ աղջիկների ընդունելության հայտարարությունը փակցրել էր դպրոցում։ Հետո ֆուտբոլային խաղ էին կազմակերպել տարբեր դպրոցների միջև, մեր դպրոցի թիմում միակ աղջիկը ես էի, մեր ներկայիս մարզիչ ընկեր Քնարիկն էլ ներկա էր այդ խաղին, հետո ստացվեց այնպես, որ գնացի այդ հայտարարության հետքերով ու դիմեցի ակադեմիա»։

Սա լավագույն հնարավորությունն էր Էմմիի համար՝ սիրած գործով ավելի լուրջ զբաղվելու համար։ Եղբայրն այդ ժամանակ արդեն մարզվում էր մեկ այլ ակումբում՝ «Փյունիկում», բայց որպեսզի քույր և եղբայր միասին լինեն, նա էլ տեղափոխվեց «Ուրարտու»։

 

ԿԱՆԱՅՔ ՄԻԱՅՆ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԸ

Ինչպես շատ ընտանիքներում, այնպես էլ Սարգսյանների պարագայում Էմմիի՝ ֆուտբոլի հաճախելու որոշմանը ծնողները դեմ էին։ «Ֆուտբոլն աղջիկների համար չէ», պնդում էին նրանք, բայց Էմմին չէր հանձնվում ու շարունակում էր համոզել ծնողներին։ Ջանքերը տվեցին ցանկալի արդյունքը․

«Կարծրատիպերը կոտրվեցին այն ժամանակ, երբ ծնողներս հասկացան, որ ես իսկապես սիրում եմ ֆուտբոլը ու ինձ մոտ լավ է ստացվում ամեն ինչ։ Այժմ նրանք միայն ուրախանում են մեր հաջողություններով։ Ես կարծում եմ, այն համոզմունքը, որ ֆուտբոլը կանանց կոշտացնում է՝ սխալ է, քանի որ ես ինքս ճանաչում եմ այնպիսի կանանց, որոնք երկար տարիներ զբաղվել են ֆուտբոլով, բայց այն բացասական որևէ կողմով չի արտահայտվել ո՛չ նրանց արտաքինի, ո՛չ էլ խառնվածքի վրա»,- նշեց Էմմին։

Նրա կարծիքով կանայք ֆուտբոլում ոչնչով չեն զիջում տղամարդկանց, պարզապես տղամարդիկ իրենց ուժի շնորհիվ ավելի արագ են խաղադաշտում։

 

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ «ՈՒՐԱՐՏՈՒ»-ՈՒՄ

Նախորդ տարի Հայաստանում առաջին անգամ անցկացվեց՝ Կանանց Ֆուտզալի բաց առաջնությունը, որին մասնակցում էր նաև «Ուրարտու-աղջիկներ» թիմը։ Այս մրցաշարում մեր աղջիկները հաղթող ճանաչվեցին․

«Սա երևի մեր ամենամեծ թիմային հաղթանակն էր, որովհետև բարդ մրցաշար էր և բավական ուժեղ մրցակիցներ կային։ Վերջերս նաև Հայաստանի Կանանց առաջնության Բ խմբի չեմպիոն հռչակվեցինք։ Ճիշտ է առաջնությունը ժամանակից շուտ ավարտվեց, բայց մեր վաստակած միավորներով մենք բացարձակ առաջատար էինք»։

Էմմին հանդես է գալիս նաև Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականում, որի կազմում առաջիկայում պատրաստվում է մասնակցել պատանեկան մրցաշարերի։ Էդգարը, որը նույնպես ուրախանում է քրոջ հաղթանակներով դեռ ֆուտբոլային հաջողություններ չի գրանցել, բայց վստահ նշում է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի նա էլ քրոջ պես հաջողությունների հասնի։

 

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՖՈՒՏԲՈԼԻՑ ԴՈՒՐՍ

Էմմին ֆուտբոլիստի կարիերայից զատ այլ հետաքրքրություններ էլ ունի, նա արդեն ընտրել է այլ մասնագիտություն, ցանկանում է փաստաբան դառնալ։ Ազատ ժամանակն այժմ օգտագործում է  ընթերցանությամբ զբաղվելու համար․

«Այս պահին Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկո»-ն եմ կարդում, մի քանի օր առաջ վերջացրի Կոմիտասի մասին պատմող մի գրքի ընթերցանությունը»։

Էդգարն էլ ապագայում իրեն պատկերացնում է ֆուտբոլի դաշտում։ Ունի սիրած ֆուտբոլիստ ու երազում է նրա պես խաղալ մեծ մարզադաշտերում․ «Ինձ դուր է գալիս ֆուտբոլը, ունեմ սիրած ֆուտբոլիստ, Լիոնել Մեսին է, հենց նրան էլ ցանկանում եմ նմանվել ու հետագայում նրա նման խաղալ ուժեղ թիմերի հետ ու հաղթել», - նշում է Էդգարը։