ԴԱՎԻԹ ՊԱՊԻԿՅԱՆ. «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՆՈՐԱՄՈՒՏՍ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ»
11/06/2020«Փյունիկի» հետ խաղում «Ուրարտուի» 18-ամյա ֆուտբոլիստ Դավիթ Պապիկյանը նշեց իր նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Մեզ հետ զրույցում Պապիկյանը կիսվել է Բարձրագույն խմբում անցկացրած իր առաջին խաղի մասին տպավորություններով.
ԽԱՂԻ ՈՒ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ
«Տպավորություններս իհարկե լավն են: Ես առաջին անգամ էի հանդես գալիս Բարձրագույն խմբում ու հնարավորություն ստացա հենց մեկնարկից դուրս գալու խաղադաշտ: Իհարկե, հուզմունք կար, բայց առաջին 15 րոպեներից հետո սկսեցի ավելի հանգիստ խաղալ: Ճիշտ է, իմ լավագույն խաղը ցույց չտվեցի, բայց ամեն դեպքում շատ ուրախ եմ նորամուտիս համար»:
ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կարծում եմ՝ դեռ քիչ ժամանակ է անցել, որպեսզի թե՛ ես հասկանամ ֆուտբոլիստներին, թե՛ նրանք՝ ինձ: Մարզումներն այլ են, այնտեղ կարող է ինչ-որ բան ստացվել ավելի լավ, իսկ խաղի ժամանակ ամեն ինչ այլ է, բայց ես կփորձեմ իմ աշխատանքով ցույց տալ, որ կարող եմ խաղալ Բարձրագույն խմբում»:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽԱՂԱԼՈՒ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կարող եմ ասել, որ առաջնության մակարդակը բավականին լավն է: Այս պահին բոլոր թիմերը գրեթե հավասար մակարդակ ունեն և դժվար է կանխատեսել, թե որ խաղն ինչպես կավարտվի։ Ինձ համար այս առաջնությունը շատ լավ հնարավորություն է առաջադիմելու և որպես ֆուտբոլիստ կայանալու համար»: