Not Selected

ԷՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ. «ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԹԻՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ»

«Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում իր նորամուտը «Փյունիկի» հետ խաղում նշեց 17-ամյա կենտրոնական պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Մեզ հետ զրույցում երիտասարդ ֆուտբոլիստը կիսվել է պաշտոնական առաջին խաղից ստացած տպավորություններով:

 

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ առաջին խաղս անցկացրի գլխավոր թիմի կազմում: Անչափ պարտավորեցնող է, երբ նույն թիմում հանդես ես գալիս քեզանից տարիքով մեծ ու փորձառու ֆուտբոլիստների հետ: Միևնույն ժամանակ մեզ համար էլ մեծ փորձ է, շատ բան ենք սովորում նրանցից: Խաղի ընթացքում լարվածություն որպես այդպիսին չունեի, բայց կարող էի ավելի լավ խաղ ցուցադրել: Պետք է լավ հանդես գամ Առաջին խմբում, որպեսզի նորից ընդգրկվեմ գլխավոր թիմում, հուսով եմ, որ դեռ հնարավորություն կունենամ իմ խաղով օգնել թիմին»:

«ՓՅՈՒՆԻԿԻՑ» ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Չէի ասի, որ վատ խաղացինք, առաջին րոպեներին բավական ակտիվ էինք, պահեր ունեինք, գնդակին տիրելու առավելություն էլ ունեինք, սակայն բաց թողած գոլից հետո խաղը որոշակի առումով փոխվեց: Հանդիպման վերջում էլ ակտիվացանք, ցավոք, չկարողացանք ճիշտ օգտագործել մեր ունեցած պահերը»:

ԸՆԹԱՑԻԿ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Թե՛ Բարձրագույն, թե՛ Առաջին խմբի առաջնություններն այս մրցաշրջանում լավ չդասավորվեցին մեզ համար: Գլխավոր թիմի նպատակը առաջնությունից զատ Հայաստանի գավաթին տիրելն էր, բայց դուրս մնացինք պայքարից: «Ուրարտու-2»-ն էլ առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցնելու նպատակ ուներ, բայց վերջին պարտություններից հետո, կարծում եմ՝ դժվար է լինելու: Հուսով եմ՝ հաջորդ մրցաշրջանում սխալները կուղղենք, կփորձենք ավելի լավ հանդես գալ ու բարձր հորիզոնականներ զբաղեցնել երկու առաջնություններում էլ»: