Not Selected

ԷՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ․ «ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԴԱԴԱՐՆ ՕԳՆԵՑ ԻՆՁ, ՈՐ ՇԱՏ ՀԵՏ ՉՄՆԱՄ»

20/05/2020

Տևական ժամանակ «Ուրարտու-2»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն ապաքինվում էր ծանր վնասվածքից, բայց կարանտինային դադարից հետո նա միացել է ընդհանուր խմբին, անգամ մասնացել է գլխավոր թիմի ընկերական խաղերին։ «Արարատ-Արմենիա-2»-ի հետ խաղից հետո զրուցել ենք Վարդանյանի հետ։

 

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կարանտինային դադարից հետո սա մեր առաջին հանդիպումն էր, ուստի խաղը մեզ համար նորմալ եմ գնահատում։ Իմ կարծիքով մենք դեռ չենք հասել մեր լավագույն մարզավիճակին, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք։ Այս խաղն էլ շատ կօգնի, որպեսզի ավելի արագ մտնենք հունի մեջ։ Պետք է շարունակենք քրտնաջան մարզվել, որպեսզի վերսկսվող առաջնությանը ներկայանանք կազմ ու պատրաստ»։

ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ

«Այնպես չէր, որ կարանտին էր ու մենք բոլորս հանգստանում էինք։ Ոչ, ամենևին էլ այդպես չէ։ Մարզչական անձնակազմի կողմից մենք ստացել էինք հստակ ծրագիր, որին հետևելով մարզվում էինք տնային պայմաններում։ Չեմ կարող ասել, որ վատ մարզավիճակում ենք վերադարձել թիմային մարզումներին։ Միակ վատ բանն այն էր, որ այդ ժամանակահատվածում խմբային պարապմունքներ չէինք անցկացնում, բայց հիմա այդ հնարավորությունն ունենք, ուստի աստիճանաբար կբարելավենք մեր խաղը»։

ՎԵՐՍԿՍՎՈՂ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ ենք, որ վերջապես վերսկսվում է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը։ Բայց մինչ այդ դեռ ժամանակ կա, ուստի պետք է այն առավելագույնս օգտագործել ու հնարավորինս պատրաստ ներկայանալ, որովհետև բոլորի համար էլ բարդ է լինելու, քանի որ խաղային օրացույցը բավականին խիտ է»։

ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ԱՊԱՔԻՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ենթարկվել էի ծնկի վիրահատության ու տևական ժամանակ ապաքինվում էի։ Գրեթե 4 ամիս չեմ մարզվել, բայց կարանտինային այս շրջանում ես անհատական մարզումներ էի անցկացնում, կարողացա լիարժեքորեն վերականգվել ու մարզավիճակ հավաքել։ Երբ թիմը վերսկսեց խմբային մարզումները, ես միացա տղաներին։ Հիմա ինձ լավ եմ զգում։ Կարանտինային այս դադարն օգնեց ինձ, որ շատ հետ չմնամ» ։