Not Selected

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

17/06/2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրը մեկնարկում է «Գանձասար-Կապան» - «Ուրարտու» խաղով։ Հանդիպումը կկայանա հունիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18:30-ին։ Ստորև ներկայացնում ենք փաստեր այս դիմակայության մասին․

 

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Թիմերը վերջին անգամ միմյանց հետ մրցել են հունիսի 1-ին։ «Ուրարտուն» սեփական հարկի տակ հաղթեց 1-0 հաշվով, իսկ միակ գնդակն էլ հեղինակեց Հակոբ Հակոբյանը, խփելով իր երկրորդ գնդակն ընթացիկ մրցաշրջանում։ Այդ խաղից հետո թիմերը մեկական հանդիպում են անցկացրել «Փյունիկի» հետ։ «Ուրարտուն» հաղթել է 2-1 հաշվով, իսկ «Գանձասար-Կապանն» էլ առավելության հասավ Կարիմ Նիկիեմայի խփած միակ գոլի շնորհիվ։

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Ուրարտուի» կազմում ամենից շատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը Արամ Բարեղամյանն է։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նա 179 հանդիպում է անցկացրել։ «Գանձասար-Կապանի» հետ խաղում խաղադաշտ դուրս գալու դեպքում Բարեղամյանը «Ուրարտուի» կազմում կանցկացնի իր 180-րդ հանդիպումը։ Բարեղամյանը նորամուտը նշել է 2005 թվականին։ «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր։ Հայաստանի առաջնությունում Բարեղամյանն «Ուրարտուի» մարզաշապիկով 11 գոլ է խփել։ Յուրիցա Գրգեցն էլ խաղաժամանակ ստանալու դեպքում կանցկացնի իր 20-րդ հանդիպումն «Ուրարտուի» կազմում։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թիմերը միմյանց հետ մրցել են 65 անգամ։ «Ուրարտուն» հաղթել է 21 անգամ, գրանցվել է 20 ոչ-ոքի, իսկ կապանյան թիմը հաղթել է 24 անգամ։ Մրցակցի հարկի տակ կայացած վերջին 5 խաղերում «Ուրարտուն» հաղթել է 2 անգամ, գրանցվել է 2 ոչ-ոքի, իսկ «Գանձասար-Կապանը» հաղթել է 1 անգամ։ Ընթացիկ առաջնության առաջին շրջանում թիմերը երկու հանդիպում են անցկացրել։ 4-րդ տուրում գրանցվեց ոչ-ոքի 1-1։ «Ուրարտուի» կազմում տուգանային հարվածից շքեղ գոլի հեղինակ դարձավ Վահագն Այվազյանը, բայց «Գանձասարի» ֆուտբոլիստները 1 րոպե անց հավասարեցրին հաշիվը, անկյունայինի խաղարկումից հետո գնդակն անդրադառնալով Արամ Բարեղամյանից հայտնվեց դարպասում։

Գոլառատ ստացվեց այս թիմերի միջև կայացած 13-րդ տուրի հանդիպումը։ Խփվեց 6 գոլ, «Ուրարտուն» առավելության հասավ 4-2 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Եվհեն Բուդնիկն ու Եվգենի Կոբզարը, իսկ Սեմյոն Սինյավսկին դուբլ ձևակերպեց։

Վերջում հավելենք, որ «Գանձասար-Կապան» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա հունիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների։ Խաղը հեռարձակվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերիացիայի յութուբյան ալիքով։