Հ.Աղաբեկյանը առաջիկա ծրագրերի մասին
29/08/2019
«Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է ակումբի առաջիկա ծրագրերի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին:
- Պարոն Աղաբեկյան, Ակումբի ռեբրենդինգը արդեն ավարտական փուլում է, մի փոքր կխոսե՞ք առաջիկա ծրագրերի մասին, որոնք մասնավորապես վերաբերում են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը:
- «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` շատ մեծ նշանակություն տալով երեխաների կրթությանը, ինչպես նաև համարվելով ամենամեծ և ամենակայացած սպորտային կառույցը Մալաթիա-Սեբաստիա համայնքում, սկսում է վարչական շրջանի բոլոր դպրոցների հետ իրականացնել համագործակցության բազմաշերտ ծրագրեր, որի շրջանակներում դպրոցները կստանան անվճար մարզագույք, հնարավորություն ֆիզկուլտուրայի դասերն անցկացնել «Ուրարտու» մարզահամալիրում, կլինեն վարպետության դասեր մեր թիմի ֆուտբոլիստների կողմից և շատ այլ հետաքրքիր և օգտակար միջոցառումներ, որոնց մասին առաջիկայում կհայտարարենք։ Ինչպես նաև, նոր թափ կհաղորդենք դպրոցականների միջև անցկացվող ֆուտբոլային առաջնություններին, կփորձենք դրանց ներգրավել հնարավորինս մեծ թվով տղաների, ինչպես նաև աղջիկների, քանի որ աղջիկների ֆուտբոլը մեր հետագա զարգացման համար շատ կարևոր ճյուղ է ։
- «Ուրարտուն» առաջին թիմն էր Հայաստանում, որ տնային հանդիպումներին սկսեց տոմսեր վաճառել, ի՞նչ կասեք այդ մասին.
- Առաջնության և գավաթի խաղերը տոմսով դարձնելը ինքնանպատակ չէ, մենք այս քայլով ոչ թե շահույթ ենք հետապնդում, այլ փորձում ենք հանրության մեջ սերմանել այն միտքը, որ ֆուտբոլը զվարճանքի և ժամանցի տեսակ է, և ինչպես այլ ժամանցային միջոցառումների համար, ինչպիսիք են թատրոնը, կինոն, ֆուտբոլ դիտելու համար էլ պետք է վճարել։ Ինչպես նաև բոլորին հայտնի է, որ ամբողջ աշխարհում ֆուտբոլային խաղերի մուտքը տոմսերով է, սա ֆուտբոլի զարգացման գլխավոր հենասյուներից է, այս քայլով փորձում ենք հանրությանը ինտեգրել աշխարհում առկա ֆուտբոլային մշակույթին։ Ի հավելումն, կցանկանամ նշել, որ շուտով հասանելի կլինի մեր տնային հանդիպումների աբոնեմենտային համակարգը, և քանի որ Հայաստանի առաջնությունում խաղերի օրացույցը դեռևս ֆիքսված չէ, աբոնեմենտային համակարգը պետք է ճիշտ ձևով կազմել՝ հետագայում խաղերի գրաֆիկի հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով:
- Մի փոքր կպատմե՞ք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին.
- Հակիրճ կպատասխանեմ հարցին. Արդեն այս տարվանից մեր բոլոր մարզումային խաղադաշտերը համալրվել են արհեստական լուսավորությամբ, ինչը թույլ կտա երեխաների պարապմունքները ամռանը կազմակերպել օրվա զով ժամերին, իսկ այլ ամիսներին, դասապրոցեսից հետո, քանզի մեր ակումբը միշտ կարևորել է և կարևորում է դպրոցական կրթությունը։ Պատրաստել ենք նաև նոր ծրագրեր և հաղորդումներ, որոնց միջոցով կամրանա ակումբ-ծնող կապը, և որոնց շնորհիվ ծնողները ավելի լավ կիմանան երեխաների սննդակարգի մասին, որը կօգնի ավելի լավ կազմակերպել իրենց երեխաների սպորտային առօրյան։ Այս ծրագրերը և հաղորդումները շուտով հասանելի կլինեն մեր կայքում և յութուբյան ալիքում։
- Մարզային ակումբները չհաշված, «Ուրարտուն» միակ ակումբն է, որ ներկայացնում է կոնկրետ համայնք` Մալաթիա-Սեբաստիան, ի՞նչ աշխատանքներ են տարվում համայնքում ֆուտբոլը մասսայականացնելու համար.
- Մեր կարևորագույն նպատակներից մեկը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելն է, շուտով կմեկնարկեն համայնքային մասշտաբի միանգամից մի քանի ֆուտբոլային մրցաշարեր ամենատարբեր տարիքային խմբերի միջև, որոնց մասին ավելի մանրամասն հայտարարությամբ հանդես կգանք առաջիկայում։ Ինչպես նաև բոլոր տնային հանդիպումներից առաջ կազմակերպում ենք տարբեր ժամանցային բնույթի մրցույթներ և խաղարկություններ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բազմաթիվ զբոսայգիներում, որոնց ընթացքում իրենց ֆուտբոլային ունակությունների շնորհիվ բազմաթիվ երեխաներ ստանում են ֆուտբոլային նվերներ, խաղերի տոմսեր և այլն։
Կցանկանամ ևս մեկ անգամ ասել, որ մեզ համար առաջնային և շատ կարևոր է մեր համայնքում աճող սերնդի մոտ ինչ-ինչ պատճառներով ֆուտբոլի հանդեպ նվազած հետաքրքրությունը բոլոր հնարավոր եղանակներով բարձրացնելը և նրանց ֆուտբոլային կյանքին ինտեգրելը։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մշտապես աշխատելու է այս ուղղությամբ, և վստահ եմ՝ ուենալու է իր մեծ ներդրումը Հայաստանը ֆուտբոլային երկիր դարձնելու գործում։